Ապօրինություններ՝ Գյումրու թիվ 38 դպրոցում․ նախկին տնօրեն

Ապօրինություններ՝ Գյումրու թիվ 38 դպրոցում․ նախկին տնօրեն
Գյումրու թիվ 38 դպրոցի նախկին տնօրեն Գոհար Շահբազյանը համոզված է, որ Շիրակի դաշնակցական նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյանն իրեն 2016թ․ նոյեմբերի 28-ին ապօրինի է ազատել տնօրենի պաշտոնից։ «Պայմանագրի ժամկետը լրացել էր, Գյումրիի բոլոր դպրոցներում պաշտոնակատարներ վերանշանակվեցին նախկին տնօրենները, միայն այս դպրոցում չնշանակեցին։ Սա արդեն ազդակ էր մարզպետի կողմից, որ ես չեմ շարունակելու իմ պաշտոնավարումը, որքան էլ մրցույթն անցկացվի՝ ըստ գործող կարգի։ Այստեղից էլ սկսվեց իմ եւ նախկին մարզպետի՝ Հովսեփ Սիմոնյանի միջեւ առճակատումը։ Արփինե Նիկողոսյանը, որը նշանակվեց տնօրեն, դաշնակցական է, ընդգրկված է ՀՅԴ-ի ընտրական ցուցակում։ Նա թիվ 42 դպրոցի փոխտնօրենն էր, որը ազատվեց աշխատանքից, եկավ թիվ 38 դպրոց, դարձավ տնօրենի պաշտոնակատար։ Եթե դու համոզված չես, որ հետո ունենալու ես հիմնական աշխատանք, ապա ի՞նչ տրամաբանությամբ ազատվեց աշխատանքից եւ նշանակվեց մեկ այլ դպրոցի տնօրենի պաշտոնակատար։ Նույն օրը ազատվեց աշխատանքից, նույն օրն էլ նշանակվեց պաշտոնակատար։ Նախկին գաղափարը համադրեց իր անձնական շահերի հետ, նաեւ՝ ցույց տվեց կուսակիցներին իր հավատարմությունը »,- այսօր «Նոյան տապան» -ի մամուլի ակումբում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Գոհար Շահբազյանը։



Իսկ ինքը «Օրինաց երկիր» կուսակցության անդամ է։ Ասուլիսի ժամանակ նախկին տնօրենը նշեց, որ ինքը մարզպետից 30- 40 անգամ ընդունելություն է խնդրել, սակայն երկու անգամ է արժանացել դրան։ Գործն, ինչպես ասում են, հասել է «դիվանբաշուն»՝ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան, իսկ հետո էլ Վերաքննիչ դատարան։ Վերաքննիչ դատարանի նիստում խոսվել է բանակցելու եւ հաշտություն կնքելու մասին, Գոհար Շահբազյանն էլ ընդունել է առաջարկը եւ սպասում է հունիսի 21-ին կայանալիք նիստին։ Մարզպետի կոռուպցիոն գործունեության մասին Գոհար Շահբազյանը դիմել է Շիրակի դատախազություն, գործն ընթացք է ունեցել, հետագայում՝ կարճվել։ Սակայն Գոհար Շահբազյանը կարծում է, որ հենց այդ հիմքով է ազատվել նախկին մարզպետը աշխատանքից։ Կոլեկտիվն, իհարկե, պայքարել է Գոհար Շահբազյանի համար, դիմել են նաեւ վարչապետին։ Ըստ նախկին տնօրենի՝ մարզպետը չի ցանկացել հաշվի նստել կոլեկտիվի պահանջների հետ, փոխարենը ճնշումներ է գործադրել ուսուցիչների եւ ծնողների վրա։ Փաստաբան Հայկ Եգանյանն էլ նշեց, որ դպրոցի տնօրենի մրցույթների կազմակերպման ժամանակ մարզպետը չպետք է միջամտի, որեւէ գործողություն անի։ «Պրոցեսի հիմնական կազմակերպողը կառավարման խորհուրդն է։



Մրցույթը կազմակերպում է խորհուրդը, եւ նույն խորհուրդը, ելնելով մրցույթի արդյունքներից, ուղարկում է մասնակիցների անձնական գործը փոխվարչապետին, եւ փոխվարչապետը գրությամբ առաջարկում է կոնկրետ անձի թեկնածությունը։ Իսկ դրանից հետո էլ 5 օրյա ժամկետում պետք է լիներ համապատասխան առաջարկը։ Բայց ի՞նչ է կատարվել տվյալ դեպքում։ Ստանալով տիկին Շահբազյանի թեկնածության վերաբերյալ առաջարկը՝ փոխանակ մարզպետը գրավոր պայմանագիր կնքի եւ որոշում կայացնի տիկին Շահբազյանի թեկնածության վերաբերյալ, միջամտել է պրոցեսին եւ անձնական գրությամբ առաջարկել այսօր գործող տնօրենի թեկնածությունը։ Բացի դրանից, անձնական գրությամբ դիմել է վարչապետին՝ կրկին առաջարկելով տիկին Նիկողոսյանի թեկնածությունը։ Նա գաղջ ֆոնի վրա է ներկայացրել տիկին Շահբազյանի թեկնածությունը»,- հայտարարեց Հայկ Եգանյանը։ Նա հավելեց, որ քրեական գործ է հարուցվել այն հիմքով, իբր Գոհար Շահբազյանը զբաղվել է ինքնիրավչությամբ։ Սակայն, ըստ նրա, կան ոչ թե ինքնիրավչության հատկանիշներ, այլ իրավաչափ գործողություններ են եղել, քանի որ Շահբազյանը հանձնման-ընդունման պրոցեսը խնդրել է կազմակերպել օրենքի դաշտում։ Իսկ դա էլ դիտարկվել է, որ միջամտություն է եղել դասընթացների բնականոն գործունեությանը։ Փաստաբանը նշեց, որ Գոհար Շահբազյանը 43 տարի աշխատել է այդ դպրոցում, ձեռքը դրել է նրա զարկերակին, եւ անհասկանալի է, թե ինչպես է այլ դպրոցից թիվ 38 դպրոցում նշանակված պաշտոնակատարը դառնում տնօրեն։ Նա առաջարկում է կրթության ոլորտի պատասխանատուներին, որ լինեն կոնկրետ չափանիշներ որեւէ թեկնածուի առաջարկ ներկայացնելու դեպքում։ Իսկ Գոհար Շահբազյանը հույս ունի, որ նոր իշխանությունների օրոք կգործի օրենքը, կրթության ոլորտում տեղ կտան մասնագետներին, փորձագետներին։



**Թագուհի Հակոբյան**



![](https://scontent.fevn1-2.fna.fbcdn.net/v/t1.15752-0/p280x280/34185511_955002251328542_5285107572993425408_n.jpg?_nc_cat=0&oh=06bd2095ca9107f3262949d88c9a05f8&oe=5B8879F3)



![](https://scontent.fevn1-2.fna.fbcdn.net/v/t1.15752-0/p280x280/34369132_955002167995217_7863373640463548416_n.jpg?_nc_cat=0&oh=d3bccc845b592bfd5210e73b7394e68e&oe=5BBEC4E5)