Համաձայնագի՞ր, թե՞ կարապը, խեցգետինը եւ գայլաձուկը

Համաձայնագի՞ր, թե՞ կարապը, խեցգետինը եւ գայլաձուկը
Ինչպե՞ս կոչենք Նիկոլ Փաշինյանի կառավարությունը՝ ազգային համաձայնությա՞ն, համերաշխությա՞ն, սիրո՞… ժամանակավոր համերաշխության կառավարություն, ժամանակավոր սիրո կառավարություն՝ վատ չի հնչում կարծես:



«Ելք»-ից Էդմոն Մարուքյանն ասում է՝ կառավարությունում ներկայացված ուժերը պետք է թուղթ ստորագրեն, անկախ այն բանից, թե ինչ անուն կունենա այդ փաստաթուղթը: Վատ բան չի ասում, կարծես, Մարուքյանը, որովհետեւ գործող կառավարությունը որեւէ լեգիտիմություն այս պահին չունի եւ ձեւավորվել է փողոցի ճնշման տակ: Այս կառավարությունը հանդուրժելի կարող է լինել, քանի դեռ կլինի կամ կզգացվի այդ ճնշումը, իսկ երբ ճնշումը թուլանա, ոչ ոք չի կարող ասել, թե ինչ վարքագիծ կդրսեւորի ԱԺ մեծամասնությունը, որն այսօր ակամա պատասխանատվություն է կրում գործող կառավարության քայլերի համար:



ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, կարծես, դեմ չեն, որ ներկա կառավարության կազմում իրենց մասնակցությունը որեւէ փաստաթղթով արձանագրվի: Եվ լավ է, որ թուղթ ստորագրելու առաջարկը հնչել է «Ելք»-ից՝ Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, մերձավոր շրջապատից: Եթե այդ առաջարկն արվել է լուրջ, նշանակում է, որ վարչապետը փորձում է լրացուցիչ քաղաքական կշիռ հաղորդել գործող կառավարությանը եւ ինստիտուցիոնալ հիմք ստեղծել իր իսկ վարչապետության համար: Այլ հարց է, հետեւաբար, որ այդ փաստաթուղթն օրենքի տեսանկյունից ավելի ճիշտ կլիներ ստորագրել մինչեւ կառավարության ձեւավորումը, ինչն ավելի ընկալելի կդարձներ ժամանակավոր կառավարությանը մաս կազմելու՝ մյուս ուժերի կեցվածքը:



Բայց դա համարենք հեղափոխական թոհուբոհի ժամանակ թույլ տրված վրիպում: Այսօր քիչ չեն անհարկի քննադատություններն այն մասին, թե ինչու է Նիկոլ Փաշինյանի կառավարությունում «տեղ տրվել» ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին, որոնք եղել են Սերժ Սարգսյանի հետ տարբեր կոալիցիաներում: Կարծում եմ, որ օր առաջ հրապարակված նոր հուշագրով կարելի կլիներ ցրել քաղաքական իրավիճակի ընկալման հետ կապված բազմաթիվ թյուրընկալումները:



Սակայն որոշ քաղաքական շրջանակներ նշում են, թե դա խոցելի է Սահմանադրության տեսանկյունից, որովհետեւ «Ելքի», «Ծառուկյան դաշինքի» եւ ՀՅԴ-ի կոալիցիան` միեւնույն է, չի ապահովում խորհրդարանական կայուն մեծամասնություն, որը պետք է կառավարության ձեւավորման ինստիտուցիոնալ հիմք հանդիսանա: Սակայն հարց տանք մեր ընդդիմախոսներին՝ իսկ առանց համաձայնագրի փոխվո՞ւմ է, արդյոք, որեւէ բան, եւ ավելի՞ սահմանադրական ու լեգիտիմ է գործող կառավարությունը: Միեւնույն է, այդ փաստաթղթով կամ առանց փաստաթղթի կայուն մեծամասնություն գոյություն չունի, որովհետեւ այն կարող է գոյանալ կամ ստեղծվել բացառապես ընտրություններով: Իսկ ի՞նչ անել մինչեւ ընտրություններ, ինչպե՞ս սահմանել քաղաքական ուժերի պատասխանատվության չափանիշները դե ֆակտո գործող կառավարությունում:



Ո՞վ կարող է ասել, թե երբ տեղի կունենան ԱԺ արտահերթ ընտրությունները՝ 6 ամիս հետո՞, մեկ տարի ա՞նց, թե՞ ավելի ուշ: Կարծիք կա, որ ՀՀԿ-ն չի տապալելու Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը եւ արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետի հարցը թողնելու է գործող կառավարության հայեցողությանը: Ի վերջո՝ Փաշինյանն է արտահերթ խորհրդարանական ընտրությունների խոստում տվել, ոչ թե ՀՀԿ-ն: Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը խոստացել է Ընտրական օրենսգիրք փոխել, վերացնել ռեյտինգային ընտրակարգը, ամեն ինչ անել ազատ եւ թափանցիկ ընտրություններ ունենալու համար: Ինչքա՞ն ժամանակ է պետք դրա համար, եւ, որ պակաս կարեւոր չէ, ինչպիսի՞ աջակցություն քաղաքական ուժերի կողմից:



Վարդագույն երեւակայությամբ որոշ վերլուծաբաններ, հավանաբար, մտածում են, որ Նիկոլ Փաշինյանը կարող է ամեն անգամ մարդկանց փողոց հանել ու իր կամքը թելադրել խորհրդարանին: Սակայն Փաշինյանը հիմա առավել լուրջ գործով է զբաղված՝ խորհրդարանում եթե ոչ մեծամասնություն, ապա առնվազն մի կորիզ ստեղծելու, որի առաջարկների շուրջ հնարավոր կլինի հասնել նոր կոնսոլիդացիայի:



Իսկ դրա համար քաղաքական մեծամասնությանն առնվազն պետք է համոզել, որ կառավարությունն աստիճանաբար հեռանում է ամբոխավարությունից եւ փորձում է ստեղծել մի կոալիցիա, որը ոչ թե ձեւական է, ոչ թե ձեւավորվել է քմահաճույքներով, այլ իր ներսում ունի քաղաքական համաձայնություններ, որոնք ամրագրված են հուշագրով կամ մեկ այլ փաստաթղթով: Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին պետք է որոշակի պատասխանատվություն ստանձնի գործընկերների առաջ, այլապես միայն բանավոր պայմանավորվածություններով նա կարող է ձեռքից բաց թողնել կառավարության ղեկավարումը, եւ մի գեղեցիկ օր էլ կպարզվի, որ գործ ենք ունեցել կարապի, խեցգետնի եւ գայլաձկան պատմության հետ:



Նիկոլ Փաշինյանի գլխի տակ փափուկ բարձ դնելու կամ մեկ այլ նպատակով գրում են. «Կոալիցիայի անհրաժեշտություն առավել եւս չունի Նիկոլ Փաշինյանը: Նրա իշխանության լեգիտիմության հիմքը հասարակության աննախադեպ քաղաքական աջակցությունն է, քաղաքական մենեջմենթի լավագույն ձեւը, տվյալ դեպքում, ոչ թե կոալիցիան է, այլ` քաղաքական եւ կադրային այն կրեատիվը, որն իր հետ բերել է հեղափոխությունը»: Սա ճիշտ մոտեցում չէ: Կրեատիվ կադրերն ու ժողովրդական ոգեւորությունը չեն կարող հավելյալ լեգիտիմություն հաղորդել քաղաքական ինստիտուտներին:



Մեր կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն արդեն իր թիմին հասկացնում է, որ չի պատրաստվում աշխատել միայն իր թիմով, իսկ դե ֆակտո գործող կառավարությունում այլ ուժերի ներկայացվածությունն էլ ոչ թե «կեղծ քաղաքական խճանկար» է կամ «սխալ մեթոդոլոգիայի» արդյունք, ինչպես թվում է ոմանց, այլ քաղաքական հասունության վկայություն եւ, իհարկե, խորհրդարանական աշխատանքներն աստիճանաբար հունավորելու ձգտում:



**Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ**