ՀՀ մշտական բնակչության թիվը նվազում է, պետական պարտքը՝ աճում

ՀՀ մշտական բնակչության թիվը նվազում է, պետական պարտքը՝ աճում
ՀՀ մշտական բնակչության թիվը շարունակում է նվազել, ինչի մասին վկայում են ՀՀ ԱՎԾ-ի հրապարակած տվյալները: 2011թ. մարդահամարի հիմքով վարվող բնակչության ընթացիկ հաշվառմամբ, ՀՀ մշտական բնակչության թիվը 2018թ. ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 969.9 հազ. մարդ, այդ թվում քաղաքայինը` 1 894.5 հազ. եւ գյուղականը` 1 075.4 հազ. մարդ: 2018 թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը 2 մլն 972.7 էր: Սա նշանակում է, որ ընդամենը երեք ամսվա ընթացքում բնակչության թիվը կրճատվել է 2.8 հազ.-ով:



Համեմատության համար նշենք, որ 2017 թ. ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 2 մլն 981.5 հազ. մարդ։ Այսինքն, մեկ տարվա կտրվածքով՝ առ 1-ը ապրիլի ՀՀ մշտական բնակչության թիվը նվազել է 11.6 հազարով (մինչդեռ ուշագրավ է, որ ՀՀ նախագահի պաշտոնական կայքում, որտեղ մի շարք խմբագրումներ են կատարվել նորընտիր նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո, Հայաստանին վերաբերող բաժնում, որպես մշտական բնակչության թիվ, նշված է հին տվյալ՝ 2017 թ․ հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը, որն է 2 մլն 986 հազար 100 մարդ): Նկատենք, որ, ըստ որոշ լուրերի, համաժողովրդական շարժման անցած մեկուկես ամիսներին ներգաղթի որոշ ալիք է սկսվել:



ԱՎԾ-ն հրապարակել է նաեւ 2018թ. հունվար-մարտին կենսունակության գործակիցը՝ ծնվածների եւ մահացածների հարաբերակցությունը, որը կազմել է 117.1%՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված 109.1%-ի համեմատ: Հանրապետությունում նախորդ տարվա համեմատ ավելացել են նաեւ ամուսնալուծությունները: Այսպես՝ 2018թ. հունվար-մարտին գրանցված 1 000 ամուսնությունների համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 285, մինչդեռ 2017թ. հունվար-մարտին՝ 274 դեպք:



Ըստ ԱՎԾ տվյալների՝ աճել է նաեւ ՀՀ պետական պարտքը՝ այս տարվա հունվար-մարտ ամիսների կտրվածքով: Այն կազմում է շուրջ 6.887 մլրդ դոլար։ Մարտ ամսվա ընթացքում Հայաստանի պետական պարտքն աճել է 35.9 մլն դոլարով կամ 0.5%-ով։ Նկատենք, որ աճել է թե՛ արտաքին, թե՛ ներքին պարտքը: Ըստ այդմ՝ արտաքին պարտքը մարտին աճել է 14.9 մլն դոլարով եւ կազմել մոտ 5.575 մլրդ դոլար, իսկ ներքին պարտքն ավելացել է մոտ 21 մլն դոլարով՝ կազմելով 1.312 մլրդ դոլար։ Տարեսկզբի համեմատ Հայաստանի պետական պարտքն աճել է 112.5 մլն դոլարով կամ մոտ 1.7%-ով։



Հայաստանի պետական պարտքը, եթե արտահայտենք դրամով, ապա 2018թ. մարտի վերջի դրությամբ 3.306 տրլն դրամ է, որի կազմում 2.676 տրլն դրամն արտաքին պարտքն է, իսկ 630 մլրդ դրամը՝ ներքին։ Նշենք, որ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը դեռեւս անցած տարեվերջին կանխատեսել էր, որ Հայաստանի պետական պարտքը 2018 թվականի վերջին հնարավոր է հատի 7 միլիարդ դոլարի սահմանագիծը: Այնպես որ՝ նոր ձեւավորված կառավարությանը նախորդից բաժին է հասել ծանր ժառանգություն՝ ոչ միայն սոցիալ-տնտեսական մի շարք բնագավառներում առկա իրավիճակի, այլ նաեւ պետպարտքի առումով:



**Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ**