ՀՀԿ-ն ակնարկում է՝ սխալվել ենք ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու հարցում

ՀՀԿ-ն ակնարկում է՝ սխալվել ենք ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու հարցում
Դաշնակցական Արմեն Ռուստամյանը երեկ ԱԺ ճեպազրույցների ժամին ինքնաբերաբար խոստովանեց, որ փոշմանել են, որ Սահմանադրությամբ եւ օրենքներով այդքան ուժեղացրել են վարչապետին։ Նա հայտարարեց, որ նոր կառավարության առաջին քայլերից մեկն այն պետք է լինի, որ Ընտրական օրենսգիրքը պիտի փոխեն եւ նվազեցնեն վարչապետի լիազորությունները։



Մենք Ռուստամյանին հիշեցրինք, որ այդ լիազորությունների ուժեղացման հարցում իրենց «անխնա» ներդրումն ունեն հենց իրենք՝ դաշնակցականները, եւ երբ ԱԺ-ում նոր օրինագծերով էլ ավելի էր ուժեղացվում վարչապետը, ու ընդդիմությունը՝ ի դեմս «Ելք»-ի, խստորեն դատապարտում էր դա, ո՞ւր էին իրենք, ինչո՞ւ որեւէ անգամ ձայն չհանեցին, ելույթ չունեցան, չընդդիմացան, չպաշտպանեցին նույն Նիկոլ Փաշինյանին եւ վերջում էլ ինչո՞ւ կողմ քվեարկեցին մի բանի, որն իրենց սրտով չէր։ ՀՀԿ-ին դավաճանած «հին ընկեր» Արմեն Ռուստամյանը միանգամից հրաժարվեց նախկին ընկերոջից՝ ՀՀԿ-ից, եւ մեկուկես տարվա կոալիցիոն կյանքի «ծանր» պահերը սկսեց ներկայացնել։ Պարզվեց՝ իրենք կաշկանդված են եղել կոալիցիոն հուշագրով ու չեն կարողացել ազատորեն իրենց տեսակետներն ու մտահոգությունները բարձրաձայնել։



«Մենք ընդդիմացել ենք, պարզապես պիտի հիշեցնեմ, որ մենք, ունենալով որոշակի կաշկանդումներ կոալիցիոն հուշագրի շրջանակներում, այն հարցերում, որոնք որ մենք քննարկել ենք ներսում, դրանք չենք հրապարակում, բայց մենք առիթից առիթ դրա մասին հստակ ասել ենք։ Ունեցել ենք այս խոսակցությունները ներսում»,- ասաց Ռուստամյանը` նշելով, որ այս էթիկայի հարցերն են, որ իրենց կաշկանդել են։



Իսկ «էթիկան» պետության շահերից վեր դասելն էթիկայից դուրս չէ՞, էթիկան չէ՞ր հակադրվում պետության շահին։ Ռուստամյանը զավեշտալի պատասխան տվեց․ «Չէ, չէր հակադրվում։ Մենք էթիկայի կանոններ էլ ենք պարտավոր պաշտպանել։ Եվ չեմ կարծում, որ դա վատ բան է, որ մարդն էթիկայի կանոնների մեջ է։ Դա չի կարող հակադրվել որեւէ շահի։ Էթիկապես ավելի հասուն մարդն օգտակար է երկրի եւ պետության համար»։ Մեր այն հարցին էլ, թե այդ կաշկանդվածությունը բավարար պատճառ չէ՞ր կոալիցիայից դուրս գալու, Ռուստամյանն ասաց․ «Ոչ, չէր կարող պատճառ հանդիսանալ, որովհետեւ մենք համարում էինք, որ, այդուամենայնիվ, ընթացքը, ուղղությունը ճիշտ է, քայլերդ դանդաղ են, դրա մասին էլ ենք ասել, հայտարարություն էլ ենք հատուկ արել»։



Ահա այսպես են քաղաքական գործիչներն ու նրանց մեջ հատուկ տեսակ համարվող դաշնակցականները «ֆռռացնում» հասարակությանը։ Երբ պետք լինի, նրանք իրենց անսկզբունքային քայլերը կարդարացնեն «էթիկայով», ցանկացած պահի իրենց շահերը կարող են վեր դասել պետության շահերից, հետո հանկարծ, երբ նեղն ընկնեն, «հանուն պետության շահի» կլքեն նավն ու իրենց նախկին «սկզբունքներին» հակասող քայլեր կանեն՝ դարձյալ արդարանալով «պետության շահերով»։ Այս հարցում, պարզվեց, ժողովրդին բազմիցս դավաճանած ՀՀԿ-ականներն ավելի ազնիվ գտնվեցին։



ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Ռուստամյանի այս բոցաշունչ ու շատ խոցելի խոսքին ի պատասխան, հիշեցրեց․ «Այ, մեր դաշնակցական ընկերները դա պետք է մտածեին հուշագիրը ստորագրելուց առաջ։ Ինձ թվում է, որ իրենք ազատ են եղել հուշագիրը ստորագրելու ժամանակ ցանկացած քննարկումում»։



Բաղդասարյանը հերքեց Ռուստամյանի հայտարարությունները, թե իրենք ներքին քննարկումների ժամանակ հակադրվել են, մասնավորապես՝ ուժային կառույցները վարչապետի ենթակայության տակ անցնելու շուրջ։ Նա ասաց, որ նման քննարկումներ ինքը չի հիշում, համենայնդեպս, իր մասնակցությամբ նման քննարկումներ չեն եղել։ Ինչ վերաբերում է էթիկային զոհ գնալուն, ՀՀԿ ֆրակցիայի ղեկավարն այստեղ էլ հակադարձեց երբեմնի կոալիցիոն գործընկերոջը․ «Քաղաքականության մեջ էթիկայի նորմերն այդքան էլ պահպանված չեն։



Եթե իրենց դիրքորոշմանը հակառակ բան է գնում, ես չեմ կարծում, որ այդտեղ էթիկան ավելի մեծ դեր կարող է խաղալ»։ Իսկ նորմա՞լ է համարում ՀՅԴ-ի հայտարարությունները, որ կոալիցիայում եղած ժամանակ չէին կարողանում բարձրաձայնել, հիմա ձեռքերն ազատվել են, եւ ազատորեն արտահայտվում են։ «Քաղաքականության մեջ արդեն այնքան աննորմալ բաներ են կատարվում, որ ես չգիտեմ՝ որն է նորմալը, որը՝ աննորմալը։ Ամեն ինչ մենք պետք է նայենք եւ ընդունենք ի գիտություն ու մեր նախկին սխալների վրա մենք արդեն կարգավորենք մեր ապագան եւ գնանք»,- ասաց Բաղդասարյանը։ Այսինքն՝ նախկին սխալներից մեկը նաեւ ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմե՞լն էր։ ՀՀԿ-ականը նետեց․ «Ինչի՞ մենակ ՀՅԴ-ի, մենք շատ կոալիցիաներ ենք կազմել»։



Ինչքան քիչ բան էր պետք, որպեսզի մարդիկ գիտակցեին այն, ինչ մենք բոլորս գիտեինք ի սկզբանե․ որ քաղաքական շահով պայմանավորված՝ կոալիցիան, որտեղ մարդկանց միավորողը միայն կերակրատաշտն է, ընկերություն չէ, համախոհություն չէ, այլ՝ պատեհապաշտություն, որն առաջին իսկ փորձությունից կարող է փլվել։







**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**