Քսան երկարուձիգ տարիներ սպասված հաղթանակ

Քսան երկարուձիգ տարիներ սպասված հաղթանակ
Մեկ ամիս շարունակվող համազգային պայքարը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը, եւ իրադարձությունների հանրային ընկալումներն ու ներսումս կուտակված մտորումները ստիպում են կիսվել հանրության հետ:



Անդրադարձս վերաբերում է վերջին օրերի գլխավոր հերոսներին` Նիկոլ Փաշինյանին եւ մեր անկրկնելի ժողովրդին, որը չափազանց կարճ ժամանակահատվածում, գրեթե միաժամանակ, հասցրեց իր շարժման առաջնորդին սկզբում ճանաչել, հետո՝ վստահել, իսկ վերջում՝ արդեն անմնացորդ նվիրվել:



Շատերի մոտ կարծես մի թյուր ըմբռնում է առաջացել, թե Նիկոլ Փաշինյանն ընդամենը վերջին օրերին այս համընդհանուր շարժումով է հայտ ներկայացրել հասարակությանը՝ գերելով լիդերին բնորոշ իր ընդգծված որակներով: Եվ դա գրեթե նման է այն իրավիճակին, երբ կոմայից դուրս գալուց հետո մարդու մոտ երբեմն հայտնվում են պայծառատեսության կամ այլ տարօրինակ շնորհներ, որոնցով նախկինում երբեւէ օժտված չի եղել՝ դրանով դառնալով շրջապատի համար ճանաչված ու խիստ պահանջված:



Հարգելիներս, ընդամենը ոչ վաղ անցյալում էր, երբ Նիկոլ Փաշինյանը հանրությանը տեղեկացրեց, որ գաղափարակից ընկերների հետ նախաձեռնել են ստեղծել Քաղաքացիական պայմանագիր անվամբ նոր կուսակցություն, որը, չկրկնելով մյուսների տխուր ավանդույթները, չի հանդիսանա մեկ անձի շուրջ ստեղծված հերթական քաղաքական ակումբ, այլ կլինի բարոյական արժեհամակարգով, սեփական տեսակետ ունեցող մարդկանցից կազմված մի կուռ քաղաքական միավոր, որտեղ տարակարծության, քննարկումների, փոխադարձ հարգանքի մթնոլորտում բոլոր որոշումները կընդունվեն ազատ քվեարկության արդյունքում:



Նաեւ ասվեց, որ երկրում պետք է լինի մեկ` ինստիտուցիոնալ ընդդիմություն, որի գլխավոր նպատակն է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը, եւ որ իրենց կուսակցությունը հավակնում է զբաղեցնել այդ տեղը` բաց թողնելով դուռը բոլոր այն կազմակերպությունների առաջ, ովքեր կցանկանան միանալ իրենց, պայմանով, որ նրանք չպետք է բավարարվեն միայն ներկա իշխանություններին քննադատելով, այլ պահանջեն Սերժ Սարգսյանի հրաժարականը:



Նիկոլ Փաշինյանը գտնում էր, որ ճիշտ չէ հիասթափված ժողովրդին տարբեր հուսադրող խոստումներով օրերով հրապարակ հրավիրել եւ վերջում հերթական անգամ հուսահատված եւ թեւաթափ հրաժեշտ տալ:



Նա համոզված էր, որ իշխանափոխության գործընթացում քաղաքացին եւ իրենց կուսակցությունը պետք է ունենան հստակ պարտականություններ, այն է՝ քաղաքացիները հրապարակում իրենց մեծաքանակ ներկայությամբ պետք է լինեն իշխանափոխության պահանջատեր, իսկ քաղաքական լիդերները պարտավոր են այդ պահանջը հասցնել մինչեւ հաղթական ավարտը (սա է հուշում նույնիսկ կուսակցության անվանումը` Քաղաքացիական պայմանագիր):



Դրանից կարճ ժամանակ անց իրար հաջորդած Ազգային ժողովի եւ Երեւանի ավագանու համապետական ընտրությունների արդյունքում Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն իր ներկայությունն ապահովեց նշված մարմիններում, որը թերեւս փոքր արդյունք չէր դեռեւս նորաստեղծ քաղաքական միավորի համար ֆինանսական եւ վարչական հզոր կարողություններ ունեցող օլիգարխիայի եւ իշխանական դինոզավրերի հետ նախընտրական անազնիվ ընտրապայքարում: Արձանագրված այդ իրողությունը հանրության կողմից կարծես թե ըստ արժանվույն չընկալվեց:



Եկեք չմոռանանք նաեւ ոչ կարեւոր մյուս փաստը, երբ Նիկոլ Փաշինյանն իր ընտրողներին խոստացավ, որ իրենք կպահպանեն ընտրությունների ընթացքում ընտրողների կողմից իրենց կուսակցության կամ դաշինքի օգտին տրված ձայները, եւ ոչ մի քվեաթերթիկ չի կորչի, ինչում համոզվեցին բոլորը, այդ թվում` իշխանությունները, որոնք վերջին տարիներին թերեւս առաջին անգամ ստիպված էին հաշտվել ակնհայտ իրողության հետ եւ պաշտոնապես գրանցել արդյունքները:



Քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ Ելք դաշինքի գրագետ եւ հավասարակշիռ գործողությունների արդյունավետության շարունակականությունը, ինչպես նաեւ չարատավորված երիտասարդ սերնդի կիրթ եւ խելացի քաղաքական գործիչների թիմով հասարակությանը ներկայանալը հետզհետե բազմապատկում էր կուսակցության համակիրների թիվը, ինչը չէր տեղավորվում իշխանությունների տրամաբանության մեջ, եւ որն էլ ստիպեց նրան հետընտրական փուլում նախաձեռնել հեռուստատեսությամբ եւ մամուլով Նիկոլ Փաշինյան քաղաքական գործչի վարկաբեկման գործընթացը:



Մասնավորապես, հեռուստատեսային հաղորդումների ժամանակ Նիկոլ Փաշինյանին ուղղված անմեղ թվացող հարցեր էին հնչեցնում` հանդիմանելով, որ տաքուկ մանդատները ինքը եւ իր թիմը վերցրին եւ տեղավորվեցին Ազգային ժողովի փափուկ բազկաթոռներին` մոռանալով դրսում հանրահավաքներին անհամբեր սպասող հասարակությանը: Չգիտես որտեղից՝ հասարակության մեջ հայտնվում էին մարդիկ, որոնք պնդում էին եւ համոզում, որ Նիկոլ Փաշինյանը երկրի նախագահի ընտանիքի որոշ անդամների հետ ընկերական կապերի մեջ է, կամ եթե Սերժ Սարգսյանի բարի ցանկությունը չլիներ, Քաղաքացիական պայմանագիրն Ազգային ժողովում չէր հայտնվի, եւ նման կարգի հավաստի այլ ցնդաբանություններ:



Ժողովուրդը կոտրեց տասնյակ տարիներ իր իսկ կողմից շրջանառվող կարծրատիպերը`



-Լավ, եթե ոչ Սերժը, ապա ո՞վ:



-Թող մի կտոր սեւ հաց ուտենք, միայն թե պատերազմ չլինի:



-Ով էլ գա, միեւնույն է, ոչինչ չի փոխվի:



-Ճիշտ է, մենք վատ ենք ապրում, բայց գոնե տարածաշրջանի ամենահզոր բանակն ունենք:



-Էս իշխանությունները գոնե կուշտ են, նոր եկած սովածներն ավելի շատ կուտեն:



-Ընդդիմություն ե՞րբ կա որ, բոլորը վաղուց ծախված են:



-Ցանկացած իրավիճակի սրում կբերի սահմանների լարվածության ավելացման:



-Մեր երկրի անկայուն վիճակը ձեռնտու է միայն մեր թշնամիներին:



-Ռուսաստանը չի թողնի, որ Սերժին նեղացնեն:



-Ո՞ւր է այստեղ ժողովուրդ, որ ոտքի կանգնի ու պայքարի:



-Սրանք գենոցիդ կանեն, բայց իշխանություն երբեք չեն տա:



-Ամեն հեղափոխություն մեր տնտեսությունը մի քանի տարի ետ է գցում:



-Ոչ մի երկիր միանգամից հարուստ ու զարգացած չի դարձել:



-Մենք ծով չունենք ու շրջափակման մեջ ենք, էսքան էլ որ կանք, էլի պետք է գոհ լինենք:



-Աշխարհում չկա որեւէ երկիր, որտեղ կոռուպցիա չլինի:



-Մենք նավթ ու գազ չունեցող երկիր ենք, էսքան էլ որ կանք, գոհ լինենք:



-Պայքարող չի մնացել դրսում. կա՛մ բանտերում են, կա՛մ փախան երկրից:



Ընկերներս, ծանոթներս՝ կարծես ձեն-ձենի տված, նույն հարցն են հնչեցնում. Լավ, ի՞նչ ես կարծում, հետո ո՞նց կլինի։ Կարծում եմ, սիրելի ընթերցող, Ձեզ էլ են նույն հարցով դիմում, կամ Դուք էլ եք նույն հարցը հնչեցնում մտերիմների շրջապատում: Հոդվածիս նպատակն էլ մի փորձ էր՝ օդում կախված այդ անընդհատ հնչող հարցին պատասխանելըու, սակայն ոչ զգացմունքային, այլ՝ վերլուծական:



Չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը, ժողովուրդը, իշխանությունը, ես, բոլորս համոզվեցինք, որ 10 հազար դրամին սպասող այն ժողովրդից ոչինչ չի մնացել, այդ մղձավանջը հեռու անցյալում էր, եւ որ իրավամբ ինքներս մեզ դարձրինք տերը մեր երկրի, ու, անկախ նրա հետագա զարգացման տեմպերից, այս հաղթանակն այնպիսի ձեռքբերում է, որի համար Նիկոլ Փաշինյան քաղաքական գործչի անունը ոսկե տառերով կգրվի մեր երկրի պետական եւ քաղաքական մտքի երանելիների շարքում: Հաղթանակ բառը ցավով եմ գրում, քանզի պարզվեց, որ քսան տարվա պայքարից հետո մեզ հաջողվեց հաղթել ընդամենը ինքներս մեզ:



Մեծ ցանկությունս է, որ ժողովուրդը չհամարի իր անելիքն ավարտված ու մի կողմ քաշվի` սպասելով պայծառ ապագայի: Բոլորիս գիտակցությունն ու մասնակցությունն է անհրաժեշտ` մեր երազած արժանապատիվ քաղաքացիական հասարակությունը կերտելու եւ դրախտավայր երկրում ապրելու համար: Առաջատար համարում ունեն այն երկրները, որոնք ունեն կայացած քաղաքացիական հասարակություն:



**Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆ**