Դե կներեք, էլի՜

Դե կներեք, էլի՜
Երեկ պաշտոնական Երեւանը, ի դեմս արտաքին գործերի նախարարության, անարձագանք թողեց Արցախի հինգ շրջանները հանձնելու մասին պայմանագրի գոյության վերաբերյալ հայտարարությունը։ Հայտարարությունն այդ արել է Միջազգային եվրասիական շարժման առաջնորդ, Ռուսաստանի հասարական-քաղաքական գործիչ եւ փիլիսոփա Ալեքսանդր Դուգինը՝ 1-in.am-ին տված իր հարցազրույցում։ Նա ասել է, որ Ղարաբաղի հինգ շրջանների փոխանցման մասին պայմանագիրը գոյություն ունի, իրական է: Այն քննարկվել է երեք պետությունների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների կողմից: Շեշտել է նաեւ, որ երեք երկրներում այն տարբեր կերպ է մեկնաբանվում․ Ադրբեջանական մամուլում այն գնահատվում է որպես հաղթանակ, հայկական մամուլում՝ որպես դավաճանություն, իսկ ռուսական մամուլը բացարձակապես անտարբեր է: Եվ չնայած Դուգինն առաջին անգամ չէ, որ խոսում է տարածքներ հանձնելու մասին, մասնավորապես անցած տարի էլ նա մանրամասնել էր, որ ծրագիրը մշակվել է դեռեւս 2016-ին, եւ այն ընդունելի է անգամ Արեւմուտքի կողմից, ավելին՝ նշել էր, որ, ծրագրվածի համաձայն, սցենարը պետք է պարտադիր կյանքի կոչվի 2018 թվականին, սակայն այժմ նա հայտարարում է, որ այդ մասին արդեն պայմանագիր կա։



ՀՀ ԱԳՆ-ն երեկ որեւէ կերպ չարձագանքեց այդ հայտարարությանը, իսկ փոխնախարար **Շավարշ Քոչարյանի** հետ կապ հաստատեցինք, երբ, իր խոսքով՝ դասախոսում էր։ Լսելով մեր հարցը, թե կա՞ արդյոք նման պայմանագիր՝ Քոչարյանը բորբոքված անհոդաբաշխ նետեց․ «Վայ, լավ, էլի, դե կներեք, էլի»։



Ղարաբաղի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ **Արզիկ Մխիթարյանին** հայտարարությունն անակնկալի է բերել։ Նա մեզ հետ զրույցում հայտնեց, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանի ԱՄՆ այցից վերադառնալուց հետո իրենք առաջիկա օրերին թերեւս կքննարկեն հարցը․ «Ես կարող եմ վստահեցնել, որ Արցախում՝ ո՛չ նախագահականում, ո՛չ այլ մակարդակով նման հարց չի քննարկվել, ինչպես Դուք եք լսել այդ հայտարարության մասին, այնպես էլ մենք»։ Մեր հարցին՝ Սերժ Սարգսյանը հնարավո՞ր է առանց ԼՂ կարծիքը հաշվի առնելու նման պայմանագիր քննարկեր, Մխիթարյանը պատասխանեց․ «Ես դժվարանում եմ պատասխանել։ Ամեն դեպքում, որպես ԱԺ պատգամավոր, ես տեղյակ չեմ, որ նման հարց է քննարկվել մեզ մոտ»։



Հիշեցնենք, որ անցած տարեվերջին էլ ռուս գործիչը, խոսելով հինգ տարածքների հանձնման ծրագրի մասին, ասել էր, թե անհրաժեշտ է 2018 թ. Ադրբեջանին հանձնել հինգ շրջանները։ «Այլապես կարելի է մոռանալ ծախսված ջանքերի եւ բանակցային գործընթացում բոլոր ձեռքբերումների մասին։ Դա կլինի Ռուսաստանի համար շատ ցավալի ու տհաճ, որովհետեւ կարող է ազդել Ադրբեջանի հետ գծագրվող մերձեցման, Կովկասում, Կասպիի տարածաշրջանում եւ Մերձավոր Արեւելքում համատեղ քաղաքականության վրա։ Հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհին մեր ճիգերը կողքից ծիծաղելի կերեւան, եւ, հետեւաբար, մենք պետք է առավելագույն ջանքեր ներդնենք, որպեսզի պայմանավորվածություններն իրականանան»։ Արզիկ Մխիթարյանը չի կարող ասել, թե նման ծրագրի իրագործումն անհնարին է․ «Ես ամբողջ ժողովրդի կամ իշխանության փոխարեն նման բան չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել, որ մենք այդ ազատագրված տարածքները դիտարկում ենք որպես անվտանգության գոտի։ Ստեփանակերտից մինչեւ Աղդամ 18 կմ է, Ասկերանից՝ 2-3 կմ, եթե մենք պատրաստվում ենք այդ հողերը հանձնել մի մարդու, որն այսօր հոխորտում է, թե Երեւանն էլ է իմը, Զանգեզուրն էլ, նշանակում է կորցնել անվտանգության գոտի։ Հետեւաբար, ես, որպես արցախցի ու պատգամավոր, կարծում եմ, որ դա անհնարին է։ Երբ մեր նախագահը վերադառնա, կբարձրացնենք, թե ինչ հիմքով է կատարվել այդ հայտարարությունը»։



Մինչդեռ ՀՀԿ խմբակցության ղեկավար **Վահրամ Բաղդասարյանը** վստահեցնում է՝ չկա նման պայմանագիր, դա որոշ մարդկանց վառ երեւակայության արդյունքն է։ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ՀՀԿ-ական պատգամավոր **Շիրակ Թորոսյանը** եւս վստահեցնում է, որ «հող հանձնելու» պայմանագիր գոյություն չունի․ «Հավանաբար, նա նկատի է ունեցել մադրիդյան սկզբունքները, իմ ունեցած տեղեկատվությամբ՝ նման պայմանագիր գոյություն չունի, հավանաբար, պատկան մարմիններն ըստ նպատակահարմարության կպատասխանեն այդ հայտարարությանը կամ կանտեսեն»։



Իսկ ինչքանո՞վ է նպատակահարմար նման հայտարարությունն անտեսելը։ «Դա մոտեցման խնդիր է, նայած ում կողմից է արվել այդ հայտարարությունը, ինչ ծանրակշիռ կարծիք ունի տվյալ անձը, որն այս պահին արտահայտվել է, ես չեմ կարող ասել»։





**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**