Մյունխենում, Վիեննայում մուրացկաններն ավելի շատ են, քան մեր երկրում․ Տաճատ Վարդապետյան

Մյունխենում, Վիեննայում մուրացկաններն ավելի շատ են, քան մեր երկրում․ Տաճատ Վարդապետյան
Ազգային ժողովն այսօր ծափահարություններով դիմավորեց ՀՀԿ խմբակցության նորընտիր և վերընտիր պատգամավոր Տաճատ Վարդապետյանին։ Հրայր Թովմասյանի՝ ՍԴ գնալուց հետո թափուր մանդատ էր մնացել, որն ստանալու հերթը ՀՀԿ համամասնական ցուցակում Տաճատ Վարդապետյանինն էր։



Դահլիճից դուրս գալուց հետո Վարդապետյանին դիմավորեցին լրագրողները՝ Սերժ Սարգսյանի անփոխարնելիության ու երկրի խնդիրներին վերաբերող կնճռոտ հարցերով։



Հարցին, թե ՀՀԿ-ականներն ասում են՝ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, ի՞նքն էլ է այդպես կարծում, Վարդապետյանն ասաց․ «Ես գնահատում եմ շատ բարձր, ինչ խոսք, առաջիկայում, վարչապետի ընտրության հարցը դեռ քննարկվելու է Հանրապետական կուսակցությունում, իսկ ինչ վերաբերում է Սերժ Սարգսյան գործչին, իմ գնահատմամբ՝ նա անթերի քաղաքական գործիչ է, և նրան՝ որպես երկրի ղեկավար, շատ բարձր եմ գնահատում»։



**Hraparak.am**-ը նկատեց, որ նրա կառավարման օրոք բազմաթիվ թերություններ են եղել, և մինչև հիմա երկրը փորձում է դրանց տակից դուսր գալ, Վարդապետյանը չհամաձայնեց, որ դրանք ուղղակի կապ ունեն Սերժ Սարգսյանի հետ․ «Ես միանշանակ համաձայն չեմ, որովհետև, գիտե՞ք, ինչ կա, ամենալայն, մեծ ռեսուրսներ ունեցող երկրներում էլ թերություններ լինում են, այդ թերությունները ուղղակիորեն ես չեմ կապում նրա կառավարման որակի հետ։ Իսկ ինչ վերաբերում է խնդիրներին, նա նաև այն բարեխիղճ ղեկավարն է, որ մշտապես ինքն է խոսում թերությունների մասին և անում ամեն ինչ, որպեսզի դրանք շտկվեն, և շտկվում են»։



Իսկ եթե անձամբ իր հետ չի կապում, ինչի՞ հետ է կապում այդ թերությունները։ Վարդապետյանն ասաց, որ կան բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ․ «Այն բանի հետ եմ կապում, որ մենք արդեն երկու տասնամյակից ավելի է՝ գտնվում ենք շրջափակման մեջ, այն բանի հետ եմ կապում, որ մեր երկիրը պատերազմող երկիր է։ Եվ, անկեղծ խոստովանած, երբ լինում ենք դրսում, նաև այնպիսի հայտնի եվրոպական քաղաքներում, ինչպիսիք են, օրինակ՝ Մյունխեը, Վիեննան, մուրացկանների քանակությունը, կներեք այս մեջբերման համար, ավելին է, քան մեր երկրում։ Իհարկե, դա չի նշանակում, որ կենսամակարդակը ավելի բարձր է մեր երկրում»։



Նկատեցինք, որ իր նշած այդ քաղաքներում արդարադատութան մակարդակը շատ ավելի բարձր է, կոռուպցիոն ռիսկերը նվազեցված են, իսկ Հայաստանում տասը տարի է՝ պայքարում ենք կոռուպցիայի դեմ, դեռ չի ստացվում։ «Ես չեմ կարծում, որ չի ստացվում, որովհետև այս դեպքում, համեմատեության մեջ դնելով, ես այդ երևույթը նույնպես դրականորեն եմ դիտարկում, որ գնալով նվազում են և՛ կոռուպցիան, և՛ հովանավորչությունը, և երկիրն առաջընթաց է ունենալու։ Իհարկե, չեմ ուզում վարդագույն երանգներով ներկայացնել ամեն ինչ, բայց այն ինչ տեսանելի է, ես չեմ կարող դա չնշել»։





**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**