Տղամարդկության ընկալումը ՀՀԿ-ում

Տղամարդկության ընկալումը ՀՀԿ-ում
Դաշնակցական Արմեն Ռուստամյանին այսօր հարցրինք՝ [տղամարդը պե՞տք է իր խոսքի տերը լինի քաղաքականության մեջ](https://www.hraparak.am/posts/5a9cfbea28bd1869d6a917e3/%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A5%D5%BB-%D5%AD%D5%B8%D5%BD%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8-%D5%A4%D6%80%D5%AA%D5%A5%D5%AC%D5%A8-%D5%A2%D5%A1%D6%80%D5%B8%D5%B5%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D6%87-%D5%BF%D5%B2%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80%D5%A4%D5%AF%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A5%D6%80%D6%87%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9-%D5%A7)։ Ռուստամյանն ասաց, որ ընդհանրապես ցանկացած մարդ պիտի իր խոսքի տերը լինի․ «Եթե ինքն իր խոսքի տերը չի, ուրեմն ինքն ընդհանրապես որևէ անելիք չունի հասարակության մեջ, և իր խոսքը պահելն ամենագլխավոր հատկանիշն է մարդու բարոյական արժեքների մեջ։ Շատ պիտի մտածես՝ ինչ ասես»։



Նույն հարցն ուղղեցինք նաև ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին` քաղաքականության մեջ տղամարդը պե՞տք է իր խոսքի տերը լինի՝ անկախ իրավիճակների փոփոխությունից։ Պարզվեց՝ տղամարդկության ու խոսքի տերը լինելու հարցում կոալիցիոն գործընկերների կարծիքներն այդքան էլ չեն համընկնում, ՀՅԴ-ում համեմատաբար ավելի շատ են հակված տղամարդկային խոսքը պահելուն՝ անկախ քաղաքական վայրիվերումներից, քան ՀՀԿ-ում, որտեղ տղամարդկային խոստումների դրժման բազմաթիվ օրինակներ կարելի է հիշել։



«Դո՛ւք ասացիք քաղաքականություն։ Քաղաքականությունը խայտաբղետ է, և քաղաքական զարգացումները թելադրում են նոր պահանջներ։ Եթե կոնկրետ հարց եք ուղղում, կարող եք կոնկրետացնել հարցը»,-ի պատասխան մեր հարցին՝ ասաց Վահրամ Բաղդասարյանը։



**-Կոնկրետացնեմ հարցս, երբ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ եթե իքս պայման տեղի ունենա, իսկ դա տեղի ունեցել է արդեն՝ Սահամանդրությունն ընդունվել է, ինքը դրանից հետո չի հավակնի և չի դառնա վարչապետ, հիմա, եթե դառնա, կստացվի՞, որ նա՝ որպես քաղաքական գործիչ կամ որպես տղամարդ, իր տված խոսքը դրժեց։**



-Ուշադրություն դարձրեք այն փաստի վրա, որ Սերժ Սարգսյանը միանձնյա չէ որոշումներ կայացնում, այդ որոշումը պետք է կայացնի թիմը։ Երբ որ մենք կքննարկենք այդ հարցը, եթե կլինեն թեկնածուներ, որոնք կհրաժարվեն և կհիմնավորեն, և դա հիմնավոր կլինի, մենք կհարգենք այդ հիմնավորումները։



**-Բայց նա միանձնյա է այդ հայտարարությունն արել։**



-Յուրաքանչյուր անհատ, քաղաքական գործիչ կարող է ունենալ իր կարծիքը և միանձնյա անել հայտարարություններ։ Որոշումը կայացնում է քաղաքական ուժը։



**-Այսինքն, եթե Դուք այսօր մի բան հայտարարեք, վաղը ձեր թիմը որոշի, որ Ձեր կամքին ու հայտարարությանը լրիվ հակառակ բան պետք է անեք, Դուք կդրժե՞ք Ձեր այսօրվա խոսքը։**



-Եթե թիմը քաղաքական զարգացումները գնահտում է այդ պահին և դրանից հետո զարգացումները գնահատում և այլ որոշում է կայացնում, ես պարզապես, որպես պարկեշտ քաղաքական գործիչ, պարտավոր եմ ենթարկվել քաղաքական որոշումներին։



**-Ստացվում է՝ հասարակությունը միշտ կարող է կասկածի տակ դնել քաղաքական գործիչների խոսքը՝ այսօր հավատալ, վաղը պարզվի՝ խաբվել են։**



-Այ, Ձեզ խորհուրդ կտամ կարդաք Չերչիլի կենսագրությունը, որովհետև նա քաղաքական ամենակարկառուն քաղաքական գործիչներից մեկն էր, նրա հայտարարությունները մի քանի տարի առաջ և նրանից հետո․․․



**-Չերչիլի կոնտեքստում մի հարց՝ ի՞նչ արժեք ունի տղամարդու խոսքը քաղաքականության մեջ։**



-Տղամարդու խոսքը քաղաքական գործընթացներով չէ, որ գնահատում են, իր ապրած տարիներով են գնահատում։ Իսկ քաղաքականության մեջ, նորից եմ կրկնում, որ պահին, որ քաղաքականությունը վերածվեց տղայական խոսքերի, էդ ժամանակ քաղաքականությունը վերանում է այդպիսին լինելուց։



**-Այսինքն՝ տղամարդը քաղաքականության մեջ կարող է վերանա՞լ տղամարդ լինելուց։**



-Դուք սկսում եք արդեն բառախաղի մեջ մտնել, ես նորից եմ ասում՝ այդ Ձեր ասած տղամարդությունը քաղաքականության մեջ չէ, որ պետք է դրևորվի։ Քաղաքականության մեջ ամեն օր, ամեն ժամ և ամեն վայրկյան կարող են փոխվել բաներ, նայած՝ քաղաքական զարգացումներն ինչ ընթացքով են ընթանում։







**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**