Իսկ քանի՞ հոգին է բավարար իշխանափոխության համար

Իսկ քանի՞ հոգին է բավարար իշխանափոխության համար
«Ելք» դաշինքում դեռ չեն հստակեցրել՝ ինչ քայլեր են ձեռնարկելու Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխելու ուղղությամբ։ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց, որ այս շաբաթվա ընթացքում բոլոր հարցերի պատասխանները պետք է տրվեն։ Նշենք, որ այս հարցում «Ելք»-ում տարաձայնություններ կան, և դեռ կոնսենսուսի չեն գալիս։



«Ինչպես նախկինում, հիմա էլ ասում եմ, որ մեր որևէ հնարավոր գործողություն կարող է հիմնված լինել բացառապես ժողովրդի կամարտահայտության վրա։ Եթե որևէ պարագայում կլինի ժողովրդի կամարտահայտություն, այո, այդ պարագայում, շատ կարճ ժամանակ է պետք այդ կամարտահայտությունն իրականություն դարձնելու համար։ Եթե չլինի ժողովրդի կամարտահայտություն, իշխանափոխությունը կլինի անհնար»,-ա հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։



Հարցին՝ կկարողանա՞ կարճ ժամանակահատվածում այնպիսի մոբիլիզացիա ապահովել, որը ռեալ ճնշում կհանդիսանա իշխանությունների վրա, Փաշինյանն այսպիսի պատասխան տվեց․ «Եթե կկարողանանք, կկարողանանք, եթե չենք կարողանա, կպարզվի, որ չենք կարողանա»։



**Hraparak.am**-ը հիշեցրեց նրան, որ ինքը Մարտի 1-ով անցած քաղաքական գործիչ է, ով վերջում մի տարի ստիպված է եղել թաքնվել իրավապահ մարմիններից, հետո բանտարկվել է, և դա՝ ժողովրդի հզոր մոբիլիազացիայի պարագայում։ Հարցրինք նրան՝ ինքն ի՞նչ հետևություններ է արել Մարտի 1-ից, որ հիմա ասում է, թե կստացվի՝ կստացվի, չէ՝ չէ։ Արդյոք ժողովրդի ռեսուրսն այդքան անսահմանափա՞կ է, որ ամեն անգամ դուրս գա փողոց, ամեն անգամ հայտնվի մահակների տակ, սպանվի և ամեն անգամ խաբված ու հիասթափված տուն գնա։ Եվ, վերջապես, ինքն ունի՞ ճանապարհային քարտեզ, թե ինչ է անելու, հատկապես որ հայտարարել է՝ պատրաստ է նորից բանտ նստել, կարո՞ղ է ասել՝ իր բանտ նստելու իմաստն ու օգուտը որն է լինելու։



Ի պատասխան մեր թվարկած այս հարցերին՝ Փաշինյանն ասաց․«Տեսեք, ես ասում եմ հետևյալը, որ եթե կլինի ժողովրդի այնպիսի կամարտահայտություն, որը եղել է 2008 թվականի փետրվարին, ես ինձ համարում եմ երաշխավորը, որ դա կավարտվի իշխանափոխությամբ։ Այսինքն՝ ես շատ պարզ բան եմ ասում, ո՞վ է իշխանության տերը Հայաստանում, ժողովուրդը։ Եթե մենք, օրինակ, որոշումների կայացման արդյունքում կունենանք այնպիսի հրապարակ, որը մեզ թույլ կտա ասել, որ դա պատվիրակված հրապարակ է Հայաստանի ժողովրդի կողմից, ես ինձ համարում եմ երաշխավորը, որ դա կավարտվի իշխանափոխությամբ։ Եթե կպարզվի, որ էս խնդիրը չի հուզում ՀՀ քաղաքացիներին, ես ասել եմ՝ մենք ստիպված կլինենք արձանագրել այդ ստատուս քվոն։ Հիմա ես կարծում եմ, որ մեր դերը, տվյալ դեպքում, պրոբլեմն արձանագրելն է, իսկ պրոբլեմը Սերժ Սարգսյանին երորրդ ժամկետն է, և նրա՝ 2014 թվականի ապրիլի 10-ի հայտարարության հետ կապված հակասությունը։ Մեր խնդիրը պրոբլեմն արձանագրելն է և պրոբլեմի լուծման նկատմամբ դիրքորոշում արտահայտելու հնարավորություն տալն է ժողովրդին»։



Ինչ վերաբերում է ճանապարհային քարտեզին, ապա Փաշինյանը նշեց, որ կա ճանապարհային քարտեզի նախագիծ գրավոր, որը քննարկվում է «Ելք» դաշինքում և ոչ միայն դաշինքում։



**-Պարոն Փաշինյան, 2008-ի փետրվարի 26-ից մարտի 1-ը Ազատության հրապարակը մինչև Հյուիսիային պողոտա լեփ-լեցուն էր, այդ ժամանակ այդ պատվիրակվածությունը կա՞ր։**



-Այո, էդ ժամանակ էդ պատվիրակվածությունը կար, բայց որոշում կայացնող մարդը ես չէի։



**-Այսինքն՝ որոշում կայացնողը ձախողե՞ց իշխանափոխությունը։**



-Ես չեմ ուզում հիմա որևէ մեկնաբանություն տալ, ես ասում եմ՝ գիտեք ով էր որոշում կայացնում, և կայացվեց այն որոշումը, ինչ կայացվեց։



**-Եթե հիմա դրա կեսի չափ Ազատության հրապարակը լցվի, Դուք կկարողանա՞ք․․․**



-Է, չեղավ, իսկ ո՞վ է չափելու կեսը․․․ ես ասում եմ՝ եթե ժողովուրդն արտահայտի իր կամքը․․․



**-Ժողովուրդ ասելով՝ Հայաստանի բնակչության քանի՞ տոկոսը նկատի ունեք։**



-Գիտե՞ք, դա թվաբանական գործողություն չի, դա քաղաքական գործողություն է։



**-1000 հոգին բավարա՞ր է։**



-Իսկ Դուք ի՞նչ եք կարծում։



**-Չգիտեմ, Դուք եք այդ պրոցեսների միջով անցել։**



-Դե, եթե չգիտեք, ես ասում եմ՝ ժողովրդի կամարտահայտություն, Դուք ասում եք՝ 1000 հոգին բավարա՞ր է։ Իհարկե, ոչ։ Իհարկե, բավարար չէ 1000 հոգին։







**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**