Մենք պետք է հաղթենք նախագահական ընտրություններում և քանդենք Իվանիշվիլու ֆեոդալական կալվածքը. Սահակաշվիլի

Մենք պետք է հաղթենք նախագահական ընտրություններում և քանդենք Իվանիշվիլու ֆեոդալական կալվածքը. Սահակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Վրաստանի «Միավորված ազգային շարժմանն» է դիմել Ամստերդամից, հաղորդում է apsny.ge կայքը:



Իր տեսաուղերձում Միխեիլ Սահակաշվիլին նշել է, որ Բիձինա Իվանիշվիլին լավագույն ընդդիմադիր ուժի «քաստինգ» է հայտարարել, իսկ ընդդիմության նպատակը պետք է լինի իշխանության գալ այս տարի: Նա ևս մեկ անգամ խոսում է պրեմերիզների ճանապարհով ընդդիմությունից նախագահի միասնական թեկնածու ունենալու մասին և հայտարարում «Միասնական ազգային շարժմանն» այդ պայքարում իր աջակցության մասին:



«Մենք ամեն ինչ տեսնում ենք: Տեսնում ենք, թե ինչպիսի փորձություններ է ստիպված հաղթահարել մեր երկիրը: Մեր թողած բոլոր փողերը կերել են, պետական ինստիտուտները խարխլված են, վերադարձել է կոռուպցիան, մոլեգնում է կրիմինալը, անվտանգության առումով իրավիճակը վտանգված է: Նման անհույս իրավիճակ չի եղել նույնիսկ Շևարդնաձեի ժամանակ: Այդ ամենի ֆոնին մեր հարյուր հազրավոր աշխատունակ հայրենակիցներ լքել են Վրաստանը կամ մտածում են հեռանալ: Վրաստանը կանգնած է փլուզման ռեալ վտանգի առջև: Եվ, ահա, Իվանիշվիլին հայտարարում է գլխավոր ընդդիմադիր ուժի որոշման «քաստինգի» մասին: Նա մեզ դրդում է պայքարելու երկրորդ տեղի համար և բավարարվելու այդ պատվավոր պարգևով: Բայց, կներեք, մեր խնդիրն է արդեն 2018 թվականին Վրաստանում իշխանության վերադառնալը: Ինչպե՞ս դա անենք: Մենք պետք է հաղթենք նախագահական ընտրություններում և քանդենք Իվանիշվիլու կառավարությունը, նրա ֆեոդալական կալվածքը»,- հայտարարել է Սահակաշվիլին:



Վրաստանի նախկին նախագահի կարծիքով` դա միանգամայն իրագործելի գաղափար է, քանի որ Բիձինա Իվանիշվիլին երբեք այնքան թույլ չի եղել, ինչպես այս վերջին տարիներին: