Լավ, էլի, ախպոր պես

Լավ, էլի, ախպոր պես
Սերժ Սարգսյանի թեման որոշ ընդդիմադիրների, ու հատկապես ԲՀԿ-ականների համար կարծես տաբու է։ Նրանք կարող են ամեն ինչից խոսել՝ ծիլուծաղկից, եղանակից, Արմեն Սարգսյանից, հայ-թուրքական արձանագրություններից, բայց ո՛չ Սերժ Սարգսյանից։ Հատկապես ԲՀԿ-ի գործարար թեւը լրիվ ցայտնոտի մեջ է հայտնվում, երբ հարց է հնչում Սերժ Սարգսյանի մասին։ Նրանք պատրաստ են ամեն ինչ անել, միայն թե նման հարց չտաս իրենց։ Ահավասիկ՝ ԲՀԿ-ական պատգամավոր **Մելիք Մանուկյանը**՝ Շշի Մելոն։ Նա սկզբում շատ սիրով համաձայնեց պատասխանել մեր հարցերին, հատկապես, երբ լսեց, որ խոսքն Արմեն Սարգսյանի մասին է։



«Խմբակցության նիստը, երբ որ որոշել ա… խմբակցությունը բաղկացած է տարբեր մարդկանցից, գիտեք, երբ որ նիստը որոշում ա , դա նշանակում ա՝ բոլորիս կարծիքն էդ գործի նկատմամբ դրական ա։ Մնացածը խմբակցությունը, Գագիկ Ծառուկյանը մեր բոլորի փոխարեն մեր կարծիքը հայտնել ա»,-Արմեն Սարգսյանին կողմ քվեարկելու որոշումն այսպես բացատրեց Մելիք Մանուկյանը։ Իսկ իր անձնական կարծիքն ինչպիսի՞ն է Արմեն Սարգսյանի թեկնածության վերաբերյալ։ «Շատ դրական»,- ասաց նա։



Եթե վարչապետի թեկնածուն Սերժ Սարգսյանը լինի, դրա վերաբերյա՞լ ինչպիսին է Ձեր կարծիքը։ «Ես իմ կարծիքը հայտնել եմ մի քանի օր առաջ»,- ասաց Մելիքյանն ու շտապեց մտնել սենյակ, որ այդ թեմայով այլեւս հարցեր չհնչեն։



-**Իսկ դրակա՞ն է եղել այդ կարծիքը, թե՞ բացասական՝ Սերժ Սարգսյանի մասով**։



-Լավ, էլի, ախպոր պես։



-**Իսկ հնարավո՞ր է խմբակցությունը կողմ լինի նաեւ Սերժ Սարգսյանին**։



-Ախպոր պես, ինչ ասեցի, տեսար՝ ասեցի։ Էլ էդ բաները պետք չի…





**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**