Արմեն Սարգսյանը՝ Հռոմի պապի, Ռոքֆելլերների եվ Անգլիայի թագուհու կողքին

Արմեն Սարգսյանը՝ Հռոմի պապի, Ռոքֆելլերների եվ Անգլիայի թագուհու կողքին
Ազգային ժողովը երեկ ընտրեց ՀՀ չորրորդ նախագահին, որն Արմեն Սարգսյանն է։ Նրա ընտրությունը մեկ փուլով եւ առանց խոչընդոտների անցկացնելուն նպաստեց ընդդիմադիր «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը, որը հայտարարեց, որ իրենք կողմ են ՀՀԿ-ի ներկայացրած թեկնածուին։ Քվեարկությունից հետո «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավորներին մի քանի հարց ուղղեցինք ապագա վարչապետից եւ ներկա նախագահից ունեցած ակնկալիքների մասին։ «Ծառուկյանականները», Սերժ Սարգսյանի մասով խոսքները մեկ արած, նույն պատասխանն էին տալիս, իսկ Արմեն Սարգսյանի մասով էլ արտահայտվեցին ամեն մեկն իր մտավոր ու քաղաքական կարողությունների շրջանակում։







**Արգամ Աբրահամյան**



-**Պարոն Աբրահամյան, ի՞նչ հույսեր ունեք Արմեն Սարգսյանի պաշտոնավարումից, հատկապես, որ նա հայտարարել է՝ ավելի շատ ուշադրություն է դարձնելու կրթական ու քաղաքացիական սեկտորին**։



-Հույս ունեմ, որ իր հնարավորությունները կօգտագործի ի շահ մեր երկրի։



-**Իսկ այն, որ նրա լիազորությունները սահմանափակ են լինելո՞ւ**։



-Նա պետք է, ինձ թվում ա, օգտագործի իր անձնական կապերն ու հնարավորությունները։



-**Հնարավո՞ր է Սերժ Սարգսյանի վարչապետությանը եւս կողմ լինի «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը**։



-Երբ որ ժամանակը գա, կքննարկենք՝ կտեղեկացնենք։



-**Իսկ Ձեր անձնական կարծիքո՞վ**։



-Չեմ կարող ասել։







**Արթուր Մանուկյան**



-**Պարոն Մանուկյան, Դուք ի՞նչ հույսեր ունեք Արմեն Սարգսյանի պաշտոնավարումից, հատկապես, որ լիազորությունների առումով այդքան ուժեղ չի լինելու**։



-Խմբակցությունը մեր կարծիքն ասել է, թեմաներ ա քննարկվել, որը որ մեր ցանկություններին համապատասխանում է։ Կլինենք ուշադիր, կհետեւենք ամեն ինչին, կտեսնենք…



-**Իսկ հնարավո՞ր է Սերժ Սարգսյանի թեկնածությանը եւս կողմ լինեք, եթե նա էլ առաջադրվի վարչապետի պաշտոնում**։



-Կապրենք՝ կտեսնենք։







**Մերուժան Սիմոնյան**



-**Ի՞նչ եք կարծում՝ կկարողանա՞ արդարացնել Արմեն Սարգսյանն այն ակնկալիքները, որ ունեք նրանից, հատկապես, որ նոր նախագահի լիազորություններն այդքան մեծ չեն, ինչ կիսանախագահական համակարգում**։



-Եթե ֆրակցիայով որոշել ենք, որ կողմ քվեարկենք, ուրեմն պատկերացնում ենք, որ…



Եղած լիազորություններով ինչ ասել ա՝ արտագաղթ, ներգաղթ, ինչի մասին ասել ա, համընկնում ա մեր կարծիքին։ Կոնկրետ իմ կարծիքին, դրա համար կողմ եմ քվեարկել։



-**Ավելի՞ լավ նախագահ կլինի, քան Սերժ Սարգսյանը**։



-Ցույց կտա ժամանակը, ցավդ տանեմ։



-**Ասում են՝ անգլիական թագուհի է լինելու իր կարգավիճակով, քանի որ լայն լիազորություններ չի ունենալու։ Ձեւական բնույթ չի՞ կրի նրա պաշտոնավարումը**։



-Չէ, լայն լիազորություններ չի ունենալու, բայց եղած լիազորություններն էլ շատ մեծ ա։ Եթե եղած լիազորություններով ինչ որ արվեց, արվի էն ձեւով, որ ասում ա… դե հիմա պարզ ա, որ ներկա նախագահի լիազորությունները չունի, բայց ամեն դեպքում հանրապետության նախագահ ա, դրսում հանրապետություն ա ներկայացնելու։



-**Եթե Սերժ Սարգսյանն առաջադրվի վարչապետի պաշտոնում, հնարավո՞ր է «Ծառուկյան դաշինքը» կողմ լինի նաեւ նրա թեկնածությանը**։



-Հլը էդ հարցը մեր մոտ չի քննարկված, երբ կքննարկվի, էն ժամանակ կասեմ։







**Արարատ Զուրաբյան**



-**Պարոն Զուրաբյան, Արմեն Սարգսյանն իր ելույթում ասաց, որ ավելի շատ ուշադրություն է դարձնելու կրթական հարցերին, նաեւ՝ քաղաքացիական հասարակության զարգացմանը։ Արդյոք փոքր ոլորտներ չե՞ն ընդգրկված նրա տեսադաշտում**։



-Ուրեմն, ի պատիվ Արմեն Սարգսյանի, ես պետք է նշեմ, որ նա անմիջապես նկատել է այն, ինչ որ առաջին հերթին պետք է նկատեր։ Այն, որ Հայաստանում լրջագույն խնդիր կա կրթական համակարգի հետ կապված, քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացման հետ կապված։ Եվ իրական ժողովրդավարություն, ոչ թե իմիտացիոն ժողովրդավարություն կունենանք այն դեպքում, երբ որ կրթությունը եւ քաղհասարակությունն իրենց տեղում լինեն։ Բայց համոզված եմ, որ յուրաքանչյուր անձ, մասնավորապես՝ Արմեն Սարգսյանը, դրական կկատարի իր առաքելությունը։



-**Առաջիկայում ընտրելու ենք նաեւ վարչապետ, եթե Սերժ Սարգսյանն առաջադրվի, հնարավո՞ր է «Ծառուկյան դաշինքը» կողմ լինի**։



-Որեւէ քննարկում այդ թեմաներով չի եղել, երբ որ կքննարկենք, մեր տեսակետները կարտահայտենք։ Կարծում եմ՝ մենք առաջ ենք ընկնում ինչ-որ բաներից։



-**«Ծառուկյան դաշինք» խմբակցությանը մեղադրում են, որ կարեւոր հարցերում իշխանության կողմն է բռնում**։



-Ես այդ գնահատականը չեմ կիսում։



-**Արմեն Սարգսյանը կլինի «անգլիական թագուհի՞», թե՞ հայկական հզոր թագավոր**։



-Գիտե՞ք, մի բան կուզեի առանձնացնել։ Դուք բոլորդ, մասնավորապես՝ լրագրողները, սիրում եք խաղալ խոսքերի հետ, ու տվյալ պարագայում արտահայտությունը պատիվ չի բերում նույնիսկ այդ արտահայտությունն անողին։ Բայց մի բան ասեմ, որ երբ մարդիկ խոսում են աշխարհի հզորների մասին, անպայման շեշտում են, որ նրանցից մեկն Անգլիայի թագուհին է, մյուսը Հռոմի պապն է, Ռոթշիլդները, Ռոքֆելլերներն են եւ այլն, որոնք տիրում են աշխարհը, տանում են աշխարհը։ Ես կարծում եմ, որ երբ նման ձեւով են արտահայտությունն անում, հիմքում դրված է անպայման վիրավորել դիմացինին։



-**Լիազորությունների իմաստով նկատի ունեմ**։



-Լիազորությունները, գիտե՞ք ինչ, ինձ թվում է՝ բավարար են։ Օրինակ՝ ցանկացած բան չվավերացնելն արդեն իսկ լուրջ լիազորություն է։ Եվ այդ հնարավորությունն ունի։







**Իվետա Տոնոյան**



-**Տիկին Տոնոյան, Արմեն Սարգսյանը կարդարացնի՞ Ձեր սպասելիքները՝ հատկապես, որ նրա լիազորությունների շրջանակն այդքան էլ լայն չէ**։



-Սահմանադրությունը հստակ ֆիքսում է գործառույթների շրջանակը, որոնցով պետք է առաջնորդվի, եւ քանի որ գործնականում նոր պետք է ապացուցվի, թե ինչպես է դա իրականացվելու, սպասենք, տանք հնարավորություն, եւ կարծում եմ, որ կարճ ժամանակահատված հետո արդեն ավելի առարկայական կկարողանանք գնահատական տալ, թե որքանով է հաջողվում կամ ոչ։



-**Եթե չհաջողվի այդ կարճ ժամանակահատվածում, հնարավո՞ր է Ձեր գնահատականը փոխվի բացասականի, կամ նույնիսկ անվստահություն հայտնեք**։



-Առաջ չընկնելով իրադարձություններից՝ պարզապես ասեմ, որ որեւէ կերպ «Ծառուկյան դաշինքը» կաշկանդված չէ իրավիճակին օբյեկտիվ գնահատական տալու, եթե տեսնենք առկա թերություններ կամ թերացումներ։



-**«Ծառուկյան դաշինքը» որոշեց կողմ լինել Արմեն Սարգսյանի թեկնածությանը, ձեզ քննադատեցին, որ կարեւոր պահերին դուք միշտ իշխանության կողմն եք թեքվում**։



-«Ծառուկյան դաշինքն» իր հիմնավոր բացատրությունն արդեն իսկ ներկայացրել է Արմեն Սարգսյանի թեկնածության հետ կապված՝ առ այն, որ նրա տեսլականները համընկնում են մեր դաշինքի տեսլականների հետ։



-**Հնարավո՞ր է Սերժ Սարգսյանի տեսլականն էլ համընկնի ձեր տեսլականների հետ, եթե նա որոշի առաջադրվել վարչապետի թեկնածու**։



-Ես սկզբունքորեն «հնարավոր է»-ով հարցերին չեմ պատասխանում։ Մենք որեւէ քննարկում այդ մասով չունենք։







**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**