Ոգեվորությունս բանական բովանդակություն ունի

Ոգեվորությունս բանական բովանդակություն ունի
ԱԺ ՀՀԿ խմբակցության պոետիկ պատգամավոր, ջավախքցի Տաճատ Վարդապետյանը մոտ մեկ տարվա ընդմիջումից հետո երեկ նորից վերադարձավ խորհրդարան։ Եվ դրա համար նա պարտական է Հրայր Թովմասյանին, ում ԱԺ-ն 64 կողմ ձայնով ընտրեց Սահմանադրական դատարանի անդամ։



ՀՀԿ համամասնական ցուցակում հաջորդը Տաճատ Վարդապետյանն էր, ով մի քանի ժամ անց ԿԸՀ-ից ստացավ թափուր մնացած մանդատը։ Վարդապետյանին հարցրինք՝ ոգեւորվա՞ծ է այս կապակցությամբ, կարծես թե երկար է սպասել այս օրվան։ «Ճիշտն ասած՝ որ ասեմ էդպես գլխապտույտ ոգեւորություն՝ չէ, բայց, բոլոր դեպքերում, կարծես թե նոր լիցքեր, նոր խնդություն, նոր նպատակների մղումով, էդպես ասեմ։ Այսինքն՝ ոգեւորությունս միանգամայն բանական բովանդակություն ունի, ոչ գերզգացմունքային»,- ասաց նա։ Իսկ որոշե՞լ է, թե ինչպես է աշխատելու նոր խորհրդարանում, ակտիվ կլինի՞։



«Ես քանի որ վերադառնում եմ ընդամենը մեկ տարվա ընդհատումից հետո, կարծես թե էդ պատգամավորական թոթովանքները ես 2007-ի մայիսից եմ սկսել։ Իսկ հիմա շարունակելու եմ, ինչ խոսք, նաեւ ուզում եմ ավելի զարգացնել, որովհետեւ մենք թեւակոխում ենք մի շրջան, անցնում ենք պառլամենտական կառավարման, բնականաբար՝ պառլամենտի դերն ավելի է մեծանալու եւ ընդգծվելու, իսկ ինքս էլ նպատակամղված եմ իմ պատգամավորական մանդատը, ժամկետը, առաքելությունն արդյունավետ օգտագործել»,- նշեց վերընտիր պատգամավորը։