Ֆիլհարմոնիան ես եմ, և վերջ

Ֆիլհարմոնիան ես եմ, և վերջ
Ֆիլհարմոնիայի պաշտոնական կայքը բացելիս ակամայից հիշում ենք Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 14-րդի խոսքերը՝ «պետությունը ես եմ»։ Այս դեպքում պետությունը Հայաստանի պետական ֆիլհարմոնիան է, իսկ թագավորն էլ ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը։



Բանն այն է, որ երբ նայեք ֆիլհարմոնիայի պաշտոնական կայքի «աշխատակազմ» բաժինը, բացի Մանասյանից ուրիշ ոչ մի աշխատակցի անուն-ազգանուն չեք գտնի։ Գուցե՞, հետևելով վարչապետի հորդորներին, իր ենթակայության տակ գտնվող կառույցը այնքան է օպտիմալացրել, որ մնացել է միայն ինքը։



Մի խոսքով՝ ֆիլհարմոնիան Գագիկ Մանասյանն է և վերջ։ Հավելենք, որ տարին հաջող ստացվեց նաև Գագիկ Մանասյանի զավակների համար։ Որդին՝ Տարոն Մանասյանը, վերջերս նշանակվեց Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Շիրակի տարածաշրջանային բաժնի ավագ մաքսային տեսուչի պաշտոնում։ Այս թափուր պաշտոնի համալրման համար 2017 թվականի դեկտեմբերի 8-ից 27-ը Երևան քաղաքում անցկացված մրցույթում հաղթեց հենց Տարոն Մանասյանը: Իսկ դուստրը՝ Հասմիկ Մանասյանը, վերանշանակվեց ԿԳ նախարարության կրթության տեսչական մարմնում, նույնպես առաջ անցնելով այդ բախտին չարժանացած բազմաթիվ փորձառուներից։ Իսկ Գագիկ Մանասյանի կինը՝ Ռիտա Շառոյանը, զբաղեցնում է «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի տնօրենի պաշտոնը։



Ավելի ուշ Ֆիլհարմոնիա ՊՈԱԿ-ից մեզ փոխանցեցին հետևյալը․«Տեղեկացնում ենք, որ Ֆիլհարմոնիա ՊՈԱԿ-ի կայքը ձեւավորման փուլում է, այս պահին այնտեղ այլ խնդիրներ ևս կարող են գտնվել, մասնավորապես, կայքի բաժինները տեղեկատվության առումով հագեցած չեն։ Համապատասխան մասնագետներն աշխատում են կայքը վերջնական տեսքի բերելու համար, ինչը դեռևս որոշ ժամանակ կպահանջի։ Մինչ այդ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մասին տեղեկություններ կարելի է ստանալ ՊՈԱԿ-ի հանրային կապերի պատասխանատուից»:



**Կորյուն Սիմոնյան**