Բողոքի ակցիա չանելու հորդոր որեվէ մեկից չեմ ստացել

Բողոքի ակցիա չանելու հորդոր որեվէ մեկից չեմ ստացել
Հարցազրույց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ։



-**Այսօր փաստաբանները միասնական բողոքի ակցիա են իրականացնելու՝ հրաժարվելով պետական մարմիններում պաշտպանություն իրականացնելուց։ Դրանից առաջ գործադուլներ էին անում տարբեր մարզերի փաստաբանները։ Խնդիրը Դատական օրենսգրքի այն դրույթն է, որը դատավորներին հնարավորություն է տալիս տուգանել փաստաբաններին մինչեւ 100 հազար դրամի չափով։ Գործադուլից չե՞ն տուժում արդյոք նրանց վստահորդները**։



-Փաստաբանի առաքելությունն իր վստահորդի շահերը պաշտպանելն է: Պետական մարմիններում վստահորդների շահերը ներկայացնելուց հրաժարվելն իրոք ծայրահեղ քայլ է, եւ այն կարող է արդարացվել միայն այն դեպքում, երբ օրինական այլ ճանապարհներ չկան հարցն իրավական հարթության մեջ լուծելու համար: Ի վերջո, փաստաբաններն այդ ծայրահեղ քայլին գնում են նույն վստահորդների լավագույն շահից ելնելով: Դատական տուգանքն օրենքի մեջ ներառվելու դեպքում այն կարող է փաստաբանին կաշկանդել դատարանում իր վստահորդի շահերն արդյունավետ պաշտպանելու հարցում: Հաճախ փաստաբաններն առարկում են դատավորների գործողությունների դեմ, եւ այս մոտեցումը կարող է ապագայում որակվել որպես անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ:



-**Այս թեմայով Դուք հանդիպումներ ունեցաք բարձրաստիճան պաշտոնյաների հետ, սակայն հարցը չկարգավորվեց, մարզային փաստաբանների ակցիաներն էլ օգուտ չտվեցին։ Մեկօրյա բողոքի ակցիան արդյունք կտա՞։ Գուցե պայքարի այլ՝ ավելի արմատակա՞ն ձեւեր սկսեք կիրառել**։



-Փաստաբանները բարձր իրավագիտակցություն ունեցող անձինք են, եւ փաստաբաններին անտեսելը կամ արհամարհելը լավ բանի չի բերելու: Ի վերջո, Դատական օրենսգրքի նախագծից դուրս հանվեցին դատական տուգանքի կարգավորումները, սակայն կառավարությունն այդ նորմերն Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի խախտումով կրկին ներառեց ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծում, իսկ ԱԺ համապատասխան հանձնաժողովը հավանություն տվեց այդ փոփոխություններին: Բնական է, որ այս «մանիպուլյացիոն» քայլն առաջացրել է փաստաբանների զայրույթը: Հարցադրումը շատ պարզ է: Դատական տուգանքի հարցը հրատապ հարց չէ, քանի որ դրա ուժի մեջ մտնելը սահմանել են 2019 թվականի հունվարի 1-ից: Այս դեպքում հարց է ծագում․ ինչո՞ւ է կառավարությունն այս տիպի խախտումների դիմելով՝ փորձում հրատապ այն ընդունել տալ արդեն առաջին ընթերցմամբ ընդունված Քաղաքացիական դատավարության օրենսգրքի փաթեթով: Նույնիսկ ձեւական քննարկում չեն կազմակերպել փաստաբանների հետ եւ առաջին ընթերցումն անցած փաթեթի մեջ ներառել են երկու նոր օրինագծեր, որոնք չէին կարող այդ փուլում ընդգրկվել փաթեթի մեջ: Առավոտյան փաստաբանները քննարկելու են նաեւ հետագա գործողությունների ծրագիրը:



-**Պարոն Զոհրաբյան, պալատից անջատված մի խումբ փաստաբաններ չեն պատրաստվում միանալ ձեր ակցիային, նրանք դե՞մ չեն օրենքի այս դրույթին, թե՞ ուղղակի դեմ են այն ամենին, ինչ դուք եք կազմակերպում**։



-Կան փաստաբաններ, որ դեմ չեն այս օրենքի դրույթներին, եւ կան փաստաբաններ, որ դեմ են, սակայն չեն միանում այս պայքարին իրենց անձնական վերաբերմունքի պատճառով: Իհարկե, պետական մարմիններն էլ կունենան իրենց ազդեցության տակ գտնվող փաստաբաններ, որոնք հատուկ հանձնարարությամբ կփորձեն արժեզրկել մեր պայքարը, բայց, միեւնույն է՝ փաստաբանների մեծամասնությունը դեմ է այս օրինագծին:



-**Եվս մեկ հարց՝ այսօր Ձեր ավտոմեքենան նկատել են ՀՀԿ-ի գրասենյակի մոտ կայանված։ Հանդիպո՞ւմ ունեիք ՀՀԿ-ականների հետ։ Թեման օրենքի փոփոխությո՞ւնն էր, թե՞ իշխող կուսակցությունը հորդորում էր բողոքի ակցիա չանել**։



-Այո, հանդիպել եմ ՀՀԿ ներկայացուցիչների հետ: 07.02.2017թ. հանդիպելու եմ «Ծառուկյան դաշինքի» եւ ՀՀԿ խմբակցությունների ներկայացուցիչների հետ՝ ՀՀ Ազգային ժողովում: Փորձելու եմ հանդիպել նաեւ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչների հետ, իսկ «Ելք» խմբակցության ներկայացուցիչների հետ արդեն քննարկումներ ունեցել եմ: Թեման օրենքի դատական տուգանքին առնչվող փոփոխություններն Ազգային ժողովի օրակարգից հանելու հարցն է: Փաստաբանների պալատն անկախ է պետական մարմիններից եւ կուսակցություններից: Բողոքի ակցիա չիրականացնելու կապակցությամբ հորդոր որեւէ անձից չենք ստացել:



**Աննա ՊԱՊԻԿՅԱՆ**