Սյուզան Սիմոնյանն ընդդեմ ոստիկանության․ դատավարությունը մեկնարկել է

Սյուզան Սիմոնյանն ընդդեմ ոստիկանության․ դատավարությունը մեկնարկել է
ՀՀ Վարչական դատարանում այսօր մեկնարկեց «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի քարտուղար Սյուզան Սիմոնյանն ընդդեմ ոստիկանության գործով դատավարությունը։ Մեզ հետ զրույցում Սիմոնյանի շահերի պաշտպան Տաթեւիկ Սիրադեղյանը նշեց, որ դատական նիստը հետաձգվել է, քանի որ գործի մի մասը գտնվում է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում․ «Այս գործով ֆինանսների նախարարության կողմից վերաքննիչ բողոք կա ներկայացված, քանի որ ընդհանուր գործը վերաքննիչում է գտնվում՝ առանց գործի փաթեթի հնարավոր չէ նիստ անցկացնել»։



Հիշեցնենք, որն Սյուզան Սիմոնյանը Հայ կանանց ճակատի մյուս անդամների հետ 2017 թ. սեպտեմբերի 20-ին փորձել է հավաք իրականացնել Երեւանի Հանրապետության հրապարակի շատրվանների տարածքում: Սակայն հավաքն սկսելուն պես ոստիկանության աշխատակիցները շրջապատել են նրան, ֆիզիկական ուժի գործադրմամբ, առանց որեւէ պարզաբանման՝ նստեցրել ոստիկանության ավտոմեքենա՝ ոստիկանության բաժին տեղափոխելու նպատակով։ Այնուհետեեւ հայտնել, որ թյուրիմացություն է տեղի ունեցել եւ կրկին ուժի գործադրմամբ նրան իջեցրել են մեքենայից:



Դատարան ներկայացված հայցով Ս. Սիմոնյանը պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների գործողությունները, որոնք հանգեցրել են իր մի շարք իրավունքների խախտմանը եւ պարտավորեցնել ՀՀ Ոստիկանությանը հատուցել պատճառված ոչ գույքային վնասը՝ 3․000․000 ՀՀ դրամի չափով։



Սյուզան Սիմոնյանը **Hraparak.am**-ի հետ զրույցում ներկայացրեց այդ օրը տեղի ունեցածի մանրամասները․ «Որպես ճակատի համակարգող այդ օրը հավաք էի հրավիրել Հանրապետության հրապարակի ավտոբուսների կայանման տեղում, որպեսզի իրազեկեինք ավտոբուսներին մոտեցող սփյուռքահայերին, որ երկրում սփյուռքահայ քաղբանտարկյալներ կան։ Ես այդ մասին տեղեկացրել էի նաև լրատվականներին։ Երբ մինչև ավտոբուսներին հասնելս, ես զանգ ստացա մի լրատվականից, որ ինձ փնտրում են և չեն գտնում, պատասխանեցի, որ մի քանի վայրկյանից ես կլինեմ ավտոբուսների մոտ։ Եվ այդպես էլ եղավ։ Ես մի քանի վայրկյանից արդեն ավտոբուսների մոտ էի։ Իջա, մոտեցա ավտոբուսներին, ու անմիջապես նկատեցի, թե ինձ տեսնելուն պետք ինչ խուճապ սկսվեց այնտեղ հավաքված մեծաթիվ ոստիկանության շրջանում։ Սկսեցին ինձ ցույց տալ և ես հասկացա, որ շուտով ինձ տանելու են, և չեմ հասցնի, որ Ճակատի մյուս աղջիկները ցայտաղբյուրի մոտից հասնեին ինձ։ Երբ հստակ նկատեցի ինձ մոտեցող ոստիկաններին, անմիջապես պայուսակիցս հանեցի Սեֆիլյանի նկարով պաստառը և ավտոբուս բարձրացողներին հասցրեցի մեկ նախադասություն ասել, Սփյուռքահայեր, դուք տեղյակ եք՞, որ Հայաստանում կան սփյուռքահայ քաղբանտարկյալներ։ Այդ խոսքիս վրա ինձ սկսեցին քաշել դեպի ոստիկանական մեքենա մի քանի հոգով։ Որևէ բացատրություն չեղավ, որևէ պահանջ չեղավ, մոտեցան և սկսեցին քաշքշել և հրել։ Մնացյալը տեսել եք տեսանյութով։ Նշեմ որ այնտեղ երևում է, թե ինչպես են տղամարդ ոստիկանները վայրենաբար գլուխս հարվածում մեքենային։ Երբ ինձ շպրտեցին մեքենա, ես արդեն զգացի որ սիրտս վատ է, գրպանումս դեղ կար, հասցրեցի դնել լեզվիս տակ։ Վայրկյաններ հետո ինձ միացավ կին ոստիկան։ Մեքենան շարժվեց։ Սիրտս դեռ վատ էր, շնչարգելություն էր սկսվել մոտս։ Այդ կին ոստիկանը փորձում էր ինձ օգնել, նա խուճապի էր մատնվել։ Հստակ զգում էի, որ ցանկանում էր օգնել։ Զգացի նաև, որ ետևումս նստածը զանգ ստացավ։ Դա մեքենան շարժվելուց վայրկյաններ հետո էր։ Նա խոսեց հեռախոսով, նույնիսկ ասաց՝ իսկ ուր տանենք՞, և դրանից հետո վարորդին փոխանցեց՝ բաժին չենք տանում, տանում ենք, իջեցնում։ Վարորդը հարցրեց՝ որտեղ ենք՞ իջեցնում, նա պատասխանեց՝ Չարենցի կողմերը։



Քանի որ ես վատ էի զգում, չեմ հասկացել, թե որ ճանապարհով ենք գնացել։ Բայց, քանի որ վերջում հայտնվեցինք Նաիրի կինոթատրոնից ներքև, կնշանակի Ամիրյան-Մաշտոցով ենք հասել այդտեղ։ Մի խոսքով, կանգնեցին այդտեղ և երիտասաարդ ոստիկան աղջիկը դուռը բացեց, իջավ, և ասաց տիկին ջան իջեք, թյուրիմացություն է եղել։ Դուք ազատ եք։ Ես բնականաբար չեմ իջել։ Երկար ժամանակ ինձ համոզել են երիտասարդ ոստիկանները, որ իջնեմ, բայց ասել եմ չեմ իջնելու։ Մեկ ժամից ավել ես նստած եմ եղել մեքենայի մեջ։ Հետո արդեն երբ որևէ կերպ ինձ չեն կարողացել համոզել, որ իջնեմ, կանչել են մեկ այլ ոստիկանական խումբ։ Եկածները նույն վայրենիներն էին, որոնք հրապարակում էին ինձ քաշքշում։ Նրանք ինձ մի քանի հոգով քաշեցին գցեցին ճանապարհի եզրին, նույնիսկ ոչ թե մայթին, և շատ արագ, լույսի արագությամբ, նստեցին իրենց մեքենաները և անհետացան։ Ես պահանջում եմ պատասխանատվության ենթարկել ոստիկանությանը իմ իրավունքները խախտելու համար, և պահանջում եմ նաև ինձ փոխհատուցել իմ կրած ֆիզիկական, բարոյական, և հոգեբանական վնասները»։



**Աննա Պապիկյան**