Տաքությունով ա գնացել զորամաս, բժիշկն ասել ա՝ տաքությունով ոնց են քեզ ուղարկել․ ահազանգում է զինվորի հայրը

Տաքությունով ա գնացել զորամաս, բժիշկն ասել ա՝ տաքությունով ոնց են քեզ ուղարկել․ ահազանգում է զինվորի հայրը
Արցախի Մարտակերտի զորամասերից մեկում զինծառայող, 1999 թվականին ծնված Նարեկ Սարգսյանի հայրն ահազանգում է՝ որդին տառապում է «Երևանյան հիվանդությամբ», սակայն նրան զորակոչել են ծառայության։ Անցած տարվա դեկտեմբերի 20-ին Նարեկը արձակուրդ է եկել, որի ժամանակ լավ չի զգացել, նրան տեղափոխել են զինվորական հոսպիտալ։ Մի քանի օր այնտեղ մնալուց հետո Նարեկին ուղարկել են զորամաս՝ ծառայությունը շարունակելու։ Զինվորի հայրը՝ Նորայր Սարգսյանը, Hraparak.am-ի հետ զրույցում պատմեց․ «Իմ երեխան դեկտեմբերի 20-ին եկավ արձակուրդ, երեք օր հետո պրիստուպներով իրեն տարել են հոսպիտալ, այնտեղից տեղափոխել են ինֆեկցիոն հիվանդանոց, մինչեւ հունվարի 8-ը մնացել է այնտեղ, տաքություն ուներ երեխան։ Այդ ձեւով իրեն կրկին տարան բանակ։ Ինքը ունի «Երեւանյա հիվանդություն», բայց ոչ հաստատված։



Երեխան վատանում էր, ուշագնաց է եղել բանակում, դրանից հետո բերել են հոսպիտալ, էնտեղ պառկել ա երկար ժամանակ, հետազոտություններ արեցին, բայց այդ հիվանդության հիման վրա ստուգումներ չեն արել՝ արդյոք դա իր մոտ կա, թե չկա։ Բանակ գնալուց առաջ իրեն ստուգեցին, ընդամենը մեկ անալիզ են վերցրել, եկել ա պատասխանը, թե իր մոտ կասկած կա այդ հիվանդության։ Իրեն տեղափոխել հունվարի 9-ին Ստեփանակերտի հոսպիտալ, 2 օր այնտեղ մնալուց հետո տարել են զորամաս։ Ինքը տաքությունով ա գնացել զորամաս, բժիշկն ասել ա՝ տաքությունով ոնց են քեզ ուղարկել։ Խոսել եմ հետը, հիմա արդեն տաքություն չունի, նորմալ ա վիճակը, բայց իր մոտ սրացումներ են լինում»։



Նորայր Սարգսյանի խոսքով՝ որդու բանակ զորակոչվելուց առաջ ինքը գնացել է պաշտպանության նախարարություն, տեղեկացրել որդու հիվանդության մասին, սակայն ՊՆ-ից «սփոփել» են, թե սրացումներ լինելու դեպքում ետ կկանչեն զննության․ «Բանակ տանելուց առաջ գնացի ՊՆ, ասեցի՝ հիվանդ ա իմ երեխան, իրեն բանակ են տանում, էնտեղից ասացին, եթե բժշկական կամիսիան գտել ա, որ պիտի գնա, ուրեմն թող գնա։ Եթե էնտեղ իրեն վատ զգա, հետ կկանչեն, զննում կանեն, մենք հիվանդ զինվոր բանակում չենք պահելու։ Միջոց ձեռնարկելը էն ա եղել, որ տեղափոխել են իրեն հոսպիտալ, էնտեղ 35 օր իրեն պահեցին, հետո ընթացքում հետ ուղարկեցին ծառայության՝ ասելով, եթե քո մոտ պրիստուպ լինի միջոցներ կձեռնարկենք։ Էն ձեւ չի, որ ինքը լավ ա զգում իրեն, միշտ լավ չի, ախորժակ չի ունենում հաց ուտելու, ծանրաբեռնվածության չի դիմանում, չի կարողանում վազի, ծառայություն իր համար դժվար է»։



**Աննա Պապիկյան**