Չորս օրվա մեջ կրակվել է այնքան արկ, ինչքան կրակվել է 1992-94 թթ.

Չորս օրվա մեջ կրակվել է այնքան արկ, ինչքան կրակվել է 1992-94 թթ.

Արցախի Պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը գաղտնիք չի համարում, որ ՀՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի միջեւ ռազմական բալանսը խախտված է, Ադրբեջանն ավելի հզոր սպառազինություն ունի, քան մենք։ Եվ դա այդպես է 1992 թվականից ի վեր։ Բայց նա գաղտնիք համարեց այն, թե մենք այս տարիներին որքանով ենք կրճատել այդ տարբերությունը՝ հօգուտ մեզ։ Նշեց, որ մշտապես համարժեք միջոցներ մեր կողմից լինում են, մենք այսօր անգամ տեղում զենք ենք արտադրում։ «Էնպես է, որ իրենց կողմից տանկի գնման դեպքում մեր կողմից համապատասխան հակատանկային միջոցներ են լինում»,- մեզ հետ զրույցում ասաց նա։ Բայց Ադրբեջանի տանկերը թե՛ որակապես, թե՛ քանակապես առավելություն ունեն մեր ունեցածի նկատմամբ։ Նրան մի քանի հարց ուղղեցինք Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարության եւ արցախյան խնդրի կարգավորման վերաբերյալ։ Մասնավորապես հետաքրքրվեցինք՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն ի՞նչ մոտեցում ունի այս հարցում, հատկապես Մադրիդյան սկզբունքների հիման վրա փոխզիջմամբ հարցը լուծելու վերաբերյալ։ «Եկեք այսպես պայմանավորվենք՝ քաղաքական հարցերի չեմ պատասխանում»,-ասաց նա։ Բայց գոնե Ձեր անձնական կարծիքը հայտնեք՝ որպես արցախցի եւ Արցախի սպա, հորդորեցինք մենք։



«Վերջիվերջո, մենք պիտի գնահատական տանք մեր զոհված ընկերների, եղբայրների արածի վերաբերյալ։ Մարդիկ կան, որ գնահատում են դա մեր կողմից որպես արյան գնով գրաված տարածք, բայց միեւնույն դեպքում պիտի գնահատենք, որ էդ նույն տարածքը պահելն էլ անդրադառնում է հերթական զոհերի վրա։ Եվ հետագա վիճակը շտկելու համար ուղղակի մեզ համար շահավետ պայմաններում, կարծում եմ, նման բան կարող է լինել, բայց միայն երաշխիքների դեպքում եւ, իհարկե, այն շրջանները պահպանելով, որոնք որ կապում են Արցախը Հայաստանին»,-նշեց Արցախի ՊԲ գնդապետը։



- Իսկ Արցախի բնակչությունն այս հարցի հետ կապված ի՞նչ է մտածում, ընդհանուր մթնոլորտն ինչպիսի՞ն է։



- Ես էնքան քիչ եմ լինում ե՛ւ տանը, ե՛ւ միջավայրում, որ ժամանակ էլ չի լինում ինչ-որ հարցերի շուրջ զրուցել։ Բայց այն, ինչ որ ներկայացրի, մարդիկ հիմնականում նույն կարծիքին են։ Չի բացառվում, որ այս իրավիճակը երկար շարունակվի, ամեն ինչ կախված է բանակցությունների արդյունքներից։



- Բայց բանակցություններ այս պահին փաստացի չկան։ Այս անորոշ վիճակում, երբ Արդբեջանն էլ, փոխանակ գնա բանակցության, ռազմական սադրանքների է դիմում, Դուք ինչպե՞ս եք պատկերացնում լուծումը։



- Լուծումը մշտապես ուժեղ զինված ուժեր ունենալն է։ Ցանկացած վայրկյան ցույց տալ, որ ուժային տարբերակով հարցի լուծումն իրենց կողմից տապալվելու է։



- Ապրիլյան պատերազմից մենք ի՞նչ դասեր քաղեցինք։ Շատ քննադատվեց, որ անսպասելի էր հարձակումը մեզ համար, որ տանկերի մեջ վառելիք չկար, զենքի խնդիր ունեինք։



- Ես՝ որպես ՊԲ օպերատիվ բաժնի պետ, կարող եմ ասել, որ ոչ մի տանկի մոտ նման խնդիր չի եղել, տանկերը գործարկվել են եւ ժամանակին զբաղեցրել իրենց շրջանները։ Որեւէ տանկ վառելիքի պակասության պատճառով նման խնդիր չի ունեցել։ Իսկ մեր սխալների ու թերությունների վերաբերյալ կատարվել է համապատասխան վերլուծություն, բոլոր ուղղություններով էլ կատարվում են աշխատանքներ, ուղղություններից մեկն էլ դիտարկման-ղեկավարման համակարգի զարգացումն է, մյուսն ինժեներական աշխատանքներն են եւ նոր տեսակի զենքերով համալրումն է։



- Մենք կարո՞ղ էինք այնպես անել, որ այդ 800 հեկտարի կորուստը չունենայինք։



- Այդ պահին՝ ոչ։ Արվել է ամեն ինչ, որ կորուստները լինեն նվազագույնը։ Այսինքն՝ ո՞նց եք կարծում, որեւէ մեկը գիտե՞ր, որ նման գործողություն է լինելու, ու հանդուրժել է։



- Կարծիք կա, որ կարող էինք թեժ պահին հակահարձակման անցնել ու հետ գրավել տարածքը։



- Ով որ ասում է, թող գա՝ համապատասխան պաշտոնին նստի, իր կաշվի վրա զգա դա եւ կարողանա նման քայլի դիմել։



- Նման կարծիք հայտնողները պնդում են, որ ղեկավար կազմից նման հրահանգ չի եղել, նաեւ՝ որ դա ծրագրված պատերազմ էր Ռուսաստանի կողմից։



- Պաշտպանության բանակի հրամանատարությունը չի սպասել որեւէ հրահանգի կամ ինչ-որ մի խնդրի։ Տեղում արձագանքել է իրադրությանը։ Ուղղակի արձագանքել ենք տվյալ ստեղծված իրադրությանը՝ սկզբնական շրջանում դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցմանը, այնուհետեւ՝ նաեւ զրահատեխնիկայի կիրառմանը զուգընթաց, արդեն ամբողջովին Պաշտպանության բանակն անցել է պաշտպանության։



- Դուք Ադրբեջանի հարձակման մեջ այլ ուժերի միջամտություն տեսնո՞ւմ եք։



- Փաստվել է միայն հատուկ նշանակության ջոկատայինների աշխատանքը, որի վերաբերյալ տեղեկություններ են եղել նախկինում, որ դրանց հրահանգիչները հիմնականում Թուրքիայից են եւ երկարատեւ պատրաստություն են անցել։



- Իսկ հարձակման նպատակն իսկապե՞ս հարցը վերջնականապես ռազմական ճանապարհով լուծելն էր, թե՞ այլ նպատակ էր հետապնդում։



- Հիմա հարց տամ Ձեզ՝ ո՞նց եք կարծում, չորս օրվա մեջ հրետանային համակարգերից կրակել այնքան արկ, ինչքան որ կրակվել է 1992-94 թթ․ պատերազմների ընթացքում, մի տարվա մեջ, էդ կրակի խտությունը որեւէ բանի մասին չի՞ խոսում, լայնածավալ պատերազմական գործողությունների մասին չի՞ հուշում։



- Ինչպես 1992-94 թթ․ պատերազմի ժամանակ, այս անգամ եւս շատերը, հատկապես կռված մարդիկ, ասում են, որ եթե մեզ թողնեին, կգնայինք Բաքուն էլ կգրավեինք։ Ինչ-որ ուժեր մեզ չե՞ն թողել, որ գնանք-հասնենք ընդհուպ Բաքու։



- Ուղղակի այն ժամանակ կանգնեցվել է նպաստավոր բնագծում, որտեղ հնարավոր է անցնել պաշտպանության, եւ մենք նպաստավոր բնագծում անցել ենք պաշտպանության։ Ենթադրվում է, որ որեւէ գործողություն իր վերջնական նպատակին հասնելու համար պիտի կարողանաս էլ էդ բնագիծը պահպանել։ Ազատագրեցիր, գրավեցիր․․․ որ հետագայում ի վիճակի չես լինելու, քո միջոցները չեն հերիքելու էդ խնդրի կատարմանը, ի՞նչ նպատակով պիտի գրավենք։



- Այսինքն՝ եթե չենք կարողանալու Բաքուն պահել, ինչո՞ւ գրավենք։



- Չէ, ոչ թե Բաքուն, դա մի քիչ գերազանցված է․․․



- Մեր գեներալներն են ասում, որ եթե պետք լինի, կգնանք Բաքվում թեյ կխմենք։ Ի՞նչ է սա նշանակում։



- Եթե պետք լինի, էդ էլ կանենք։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ