Ադրբեջանն իբր խոստացավ, որ… իսկ ե՞րբ չի խոստացել

Ադրբեջանն իբր խոստացավ, որ… իսկ ե՞րբ չի խոստացել

Նախօրեին տեղի ունեցած Սարգսյան-Ալիեւ ժնեւյան հանդիպմանը քաղաքական դաշտի արձագանքը դրական է, քաղաքագիտական հանրույթի գնահատականը՝ բացասական։ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները համաձայնել են հավելյալ քայլեր ձեռնարկել՝ շփման գծում լարվածությունը թուլացնելու համար: Փորձագետները փաստում են՝ որեւէ խոսք չկա նախորդ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածություններն իրագործելու մասին: Խոսքը, մասնավորապես, նախորդ տարվա ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումների ժամանակ պայմանավորվածությունների մասին է, համաձայն որոնց՝ շփման գծում մշտադիտարկման եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմի հաստատման ուղղությամբ ռեալ քայլեր պետք է արվեին։ 



Այս ողջ ընթացքում Հայաստանը հայտարարել է, որ պատրաստ է գնալ այդ քայլին՝ ամենատարբեր ատյաններից Ադրբեջանին մեղադրելով բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու մեջ։ Ավելին՝ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն անցած տարվա մայիսի վերջին հայտարարեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսումը հնարավոր է, եթե պահպանվեն Վիեննայում երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ հնչած պայմանները։ Ժնեւում կայացած հանդիպումից հետո, հիշեցնենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու երկու երկրների արտգործնախարարները հայտարարեցին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները համաձայնել են հավելյալ քայլեր ձեռնարկել՝ շփման գծում լարվածությունը թուլացնելու համար: Միջնորդները պնդում են՝ ավելի քան մեկուկես տարվա ընդմիջումից հետո նախագահների առաջին հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, կողմերը նաեւ պայմանավորվել են ակտիվացնել կարգավորման գործընթացը: Շուրջ մեկուկես ժամ տեւած բանակցություններից հետո, հանդիպելով շվեյցարահայ համայնքին, Հայաստանի նախագահն ասել էր՝ Ալիեւը եւս խորապես շահագրգռված է, որ սահմանին զոհեր չլինեն: «Որեւէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք խնդրի լուծման տարբերակների մասին: Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ` ե՛ւ Ադրբեջանի նախագահը, ե՛ւ ես դրանում խորապես շահագրգռված ենք: Տա Աստված, որ միշտ այդպես կարծի: Նա էլ շատ լավ է հասկանում խնդրի բարդությունը, բնականաբար՝ ես էլ, բայց խնդիրն այնպիսին է, որ հեշտ լուծում երբեք չի լինելու»։



Ուշագրավ է, որ ԱԺ ընդդիմադիրներն առանձնապես հետաքրքրված չեն նախագահների հանդիպմամբ, անգամ բանակցությունների վերսկսման առիթով Ալիեւի ուշագրավ հայտարարությունը չի շարժել նրանց հետաքրքրությունը։ «Ղարաբաղյան կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացն այսօր վերսկսվում է առանց որեւէ նախապայմանի։ Հայաստանը, տարբեր տեսակի նախապայմաններ առաջ քաշելով, ցանկանում էր խափանել բանակցությունների վերսկսումը, բայց այժմ ստիպված է հրաժարվել այդ քաղաքականությունից»,- Բաքվում կառավարության նիստի ժամանակ մեկ շաբաթ առաջ հայտարարել է Իլհամ Ալիեւը։
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի համար սա հերթական հանդիպում էր․ «Անկախ ամեն ինչից՝ ցանկացած հանդիպում, ցանկացած բանակցություն ավելի լավ է, քան պատերազմ ու իրար վրա կրակել։ Եթե պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ թուլացնելու են լարվածությունն առաջնագծում, դա նշանակում է, որ առաջնագծում ավելի քիչ կորուստներ կունենանք, բայց որեւէ պայմանավորվածության Ադրբեջանի հետ, իհարկե, չեմ հավատում, որովհետեւ նախկինում նման բազում պայմանավորվածություններ են ձեռք բերվել»։ Հիշեցրինք ապրիլյան քառօրյայից հետո Հայաստանի դիրքորոշման մասին՝ հարցնելով՝ սա նահանջ չէ՞ր արդյոք։ Մարուքյանը կրկնեց, որ բանակցությունների վերսկսումը ողջունելի է։



«Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էլ ասաց․ «Ես ինձ իրավունք չեմ վերապահում հանրապետության նախագահի կարծիքներին գնահատական տալ, ես կոմպետենտ չեմ այս թեմայով… Ես չեմ կարող Ադրբեջանի անելիքների մասին կարծիք հայտնել՝ ինչու այսինչ բանն արեց կամ չարեց։ Միայն կարող եմ ասել, որ ընդունում եմ նախագահի դիրքորոշումը, որ Արցախը երբեք էլ Ադրբեջանի կազմում չպետք է լինի»։



Իսկ քաղաքագետ Լեւոն Շիրինյանը պնդում է, որ Սարգսյանը պետք է մերժեր Ալիեւի հետ հանդիպումը, եւ այդ դեպքում այլընտրանքը պատերազմը չէր լինելու։ Նա հիշեցնում է, որ անցած տարի, ապրիլից առաջ էլ էին հանդիպումներն ու բանակցությունները շարունակվում։ «Բայց տեսանք, որ պատերազմ եղավ, ընդ որում՝ հայկական կողմն այդ պատերազմից առաջ անընդհատ խուսանավում էր, ով ոնց ասում էր, անում էր։ Հիմա բոլորդ ասում եք՝ բա որ չգնա, պատերազմ կլինի, բա որ էսպես քայքայվում ենք, նորմա՞լ է»,- հարցնում է Շիրինյանը՝ հիշելով․ «Ընդամենը 10-15 օր առաջ նախագահն ասում էր՝ մեր զինվորներին սպանում են, մենք ի՞նչ պիտի խոսենք, բայց գնաց ու խոսեց՝ խախտելով ապրիլյան պատերազմից հետո դրված նախապայմանները։ Իսկ Ադրբեջանն էլ իբր խոստացավ, որ… իսկ ե՞րբ չեն խոստացել»։ Քաղաքագետը հիշեցրեց նաեւ Ադրբեջանի նախագահի անվան հետ կապվող «փողերի լվացման» սկանդալային պատմությունը՝ նկատելով, որ այդ պատճառով Ալիեւը մեկուսացվել էր քաղաքակիրթ աշխարհից․ «Իսկ մենք նրան նորից հետ վերադարձրինք, լեգիտիմացրինք Ալիեւի խորտակվող կերպարը»։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ