Ինչո՞ւ է ազատվել հոսպիտալի պետը

Ինչո՞ւ է ազատվել հոսպիտալի պետը

Ինչպես հայտնել էինք, որ ՀՀ կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը մայիսի կեսերին ազատվել էր պաշտոնից: ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը հավաստիացրել էր, որ ազատման պատճառը քաղաքական չէ․ «Ասատուրյանն ազատվել է ծառայողական անհրաժեշտությունից ելնելով եւ գրանցվել է ՊՆ կադրերի ռեզերվ»: Սակայն, մեր տեղեկություններով՝ Ասատուրյանին պաշտոնից հեռացրել են հայտնաբերված չարաշահումների, խախտումների, թերացումների պատճառով։ ՊՆ ղեկավարությունը որոշել է իրավապահներին չդիմել, բավարարվել է աշխատանքից ազատումով՝ հաշվի առնելով երկար տարիներ հոսպիտալում իր ծառայությունը։ ՊՆ-ից մեզ հայտնեցին, որ Արամ Ասատուրյանին փոխարինել է բուժական գծով տեղակալ, մայոր Արտաշես Խաչատրյանը։ Նա այժմ ժամանակավոր պաշտոնակատար է։ Փորձեցինք կապ հաստատել Արամ Ասատուրյանի հետ, սակայն նրա երկու հեռախոսահամարները ժամանակավորապես չեն սպասարկվում։



Նշենք, որ Ասատուրյանը ավարտել է ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը, ՌԴ ԶՈՒ ռազմաբժշկական ակադեմիան։ Նա 1997թթ Զինված ուժերում է՝ նախ սկզբից որպես բուժկետի բժիշկ, իսկ 2006թ արդեն՝  զ/մ հրամանատար։