Սպասում են Վրաստանի պատասխանին

Սպասում են Վրաստանի պատասխանին

Հուլիսի 6-ին գրել էինք, որ Ջավախք ուղարկվող դասագրքերի հարցը լուծվել է։ Համենայնդեպս, այդպես էր մեզ վստահեցրել սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ արտահայտելով իր ոգեւորությունը, որ վերջապես լուծվեց խնդիրը։ Նախարարի խոսքով՝ շուրջ 18 հազար կտոր հայոց լեզվի եւ գրականության դասագրքեր շուտով պիտի ուղարկվեն Վրաստանի հայկական դպրոցներ։ Դրանց մեծ մասը հայաբնակ Ջավախքում են գտնվում։ Նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանն էլ իր հերթին հավելել էր, որ հնարավոր է՝ մինչեւ հուլիսի 10-ն ուղարկված լինեն գրքերը։



Երեկ մենք պարզեցինք, որ դասագրքերը դեռ Հայաստանում են՝ չեն ուղարկվել։ Այսինքն՝ հարցը դեռ լիարժեք չի լուծվել։ Սփյուռքի նախարարությունից մեզ հայտնեցին, որ դասագրքերը պատրաստ են ուղեւորվելու Վրաստան, սակայն հիմա դիմել են Վրաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությանը, որպեսզի նրանք մեր դասագրքերը ճանաչեն որպես հումանիտար բեռ, սահմանն անարգել անցնեն եւ չմաքսազերծվեն։ Եվ դա որոշակի ժամանակ պահանջող ընթացակարգ է։ «Մենք իրենց նամակ էինք գրել, եւ վերջապես հուլիսի 13-ին Վրաստանի կրթության նախարարությունում քննարկելուց, մեզ հետ վերջնական ճշտելուց հետո այդ փաթեթը հուլիսի 13-ին ուղարկվել է այնտեղի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություն։ Եվ կարգն այնպես է, որ երկու գերատեսչությունների միջեւ այդ նամակագրությունը որոշակի օրեր է պահանջում՝ այնտեղ կարծեմ 10 օր։ Եվ այդ ժամկետը պետք է այս ուրբաթ օրը լրանար։ Հենց որ իրենցից այդ համաձայնությունը կստանանք, մենք կուղարկենք գրքերը»,- բացատրեց մեզ սփյուռքի նախարարության մերձավոր սփյուռքի հետ կապերի վարչության ավագ մասնագետ Ռոզա Սահակյանը։ Նա նաեւ հստակեցրեց գրքերի քանակը՝ իրենք 19 հազար 17 կտոր գրքի հայտ են ներկայացրել Վրաստանին՝ հումանիտար բեռ ճանաչելու համար։
Նշենք, որ Վրաստանում կա 130 հայկական դպրոց, որից 113-ը՝ Ջավախքում։ Այստեղ տեւական ժամանակ հայկական դասագրքեր չէր թույլատրվում ուղարկել, երկար բանակցություններից հետո վերջապես մեր կառավարությունը՝ ի դեմս կրթության եւ սփյուռքի նախարարությունների, կարողացավ համաձայնության գալ Վրաստանի իշխանութունների հետ, որ այնտեղի հայկական դպրոցներում գոնե հայոց լեզուն ու գրականությունն անցնեն Հայաստանից ուղարկված դասագրքերով։ Շատ ուրախանալ դեռեւս պետք չէ, քանի դեռ գրքերը տեղ չեն հասել։ Մեզ ասացին, որ Հայաստանից ուղարկվող դասագրքերը նախատեսված են 1-9-րդ դասարանների համար։ Դասագրքերի հեղինակներն են՝ Քյուրքչյան, Գյուրջինյան, Բարսեղյան, Գասպարյան։ Այս դասագրքերով նաեւ մեր դպրոցներում են դասավանդում։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ