Ռուսաստանի չտես եվ Հայաստանի սոված գաիշնիկների մասին

Ռուսաստանի չտես եվ Հայաստանի սոված գաիշնիկների մասին

Հայաստանը կոռումպացվածությամբ եւ կոռուպցիայի դեմ պայքարով վերջին տարիներին մշտապես համեմատվում է երկու երկրների հետ՝ Ռուսաստանի եւ Վրաստանի։ Ռուսաստանի հետ համեմատվում ենք մոտավորապես այսպես՝ Ռուսաստա՞նն է ավելի կոռումպացված երկիր, թե՞ Հայաստանը։ Վրաստանի հետ ավելի ճիշտ՝ նախանձով։ Վրաստանը վերջին տարիներին կոռուպցիայի դեմ պայքարի հարցում էական առաջընթաց է գրանցել։ Վրաստանի կոռումպացվածության ինդեքսը 100 բալանոց սանդղակում շարունակում է 50-ից բարձր մնալ՝ 52 միավոր։ Որքան մոտ է այս թիվը 100-ին, այնքան ավելի քիչ է կոռումպացված երկիրը։ Հայաստանի հակակոռուպցիոն կամ, հակառակը, կոռումպացվածության ինդեքսը կազմում է 35 միավոր՝ 17 միավորով պակաս Վրաստանից։ Ռուսաստանի ինդեքսը Հայաստանից էլ ցածր է։ Ուշագրավ է, որ Հայաստանի «մեծ եղբայրն» ավելի վատ վիճակում է այս հարցում, քան Հայաստանը։ Ցավոք սրտի, Ռուսաստանից Հայաստանը միայն վատն է ընդօրինակել, թեպետ՝ լավը երեւի չի էլ տեսել։ Անծայրածիր Ռուսաստանի որոշ մարզերում կոռուպցիան ուղղակի անթաքույց եւ համատարած բնույթ է կրում, օրինակ՝ Կրասնոդարի եւ Ստավրոպոլի մարզերում, կովկասյան հատվածում։ Ցանկացած երկրում կոռումպացվածության ամենաակնառու ցուցանիշը պետավտոտեսուչների աշխատանքն է։ Մինչեւ դատարանների կամ այլ կառույցների հետ գործ ունենալը նախեւառաջ ՃՈ-ի վարքից կարելի է դատել, թե որքանով է այդ երկիրը լոյալ եւ կամային կոռուպցիայի դեմ պայքարում։



Արձակուրդս այս ամառ անցկացրի Ռուսաստանում՝ մեկնեցի եւ վերադարձա մեքենայով, Վրաստանի տարածքով։ Երեք երկրներում էլ հասցրեցի ականատես լինել ՃՈ տեսուչների կամ մեր եւ ռուսների դեպքում՝ դեռեւս «սովետական գաիշնիկների» վարքին ու կոռուպցիոն/հակակոռուպցիոն դրսեւորումներին։



Դրանք տեղ-տեղ զավեշտալի բնույթ էին կրում։ Պարզվում է՝ աշխարհի ամենահարուստ եւ խոշոր երկրներից մեկում ՃՈ տեսուչները բառի բուն իմաստով չտես են եւ մուրացկան։ Հայաստանի գաիշնիկներն էլ սոված են եւ աներես։ ՌԴ-ից վերադառնում էի հայերի սիրած «յաշիկով», որը 2017 թվականի Mercedes G63 AMG-էր։ Այն նոր էր գնված սրահից եւ աչքի ընկնող տեսք ուներ։ Նման մեքենայով հայերին չես զարմացնի, որքան էլ որ այն այդ մոդելի ամենաթանկարժեք ու հզոր մոդիֆիկացիան լինի, քանի որ այստեղ այդ մեքենայից չափազանց շատ կա։ Բայց մինչեւ հիմա դեռ «խլամ» «Լադաներով» ման եկող ռուս գաիշնիկների համար այս մեքենան մոտիկից տեսնելն ուղղակի մուրազ էր, նաեւ փող աշխատելու լավ միջոց։ Նախ նկատենք, որ Ռուսաստանի ողջ տարածքով մեկ ավտոնոմ հանրապետությունների «պոստեր» են։ Սրանք իրականում ձեւական բնույթ կրող անցակետեր են՝ ստեղծված բացառապես վարորդներից փող պլոկելու համար։ Կանգնեցնում, ժամերով ստուգում են, վերջում էլ բացահայտ հասկացնում, պահանջում կամ խնդրում, որ մի քանի հարյուր ռուբլի տաս, որ թողնեն անցնես, թե չէ այնքան կքրքրեն, արհեստական խոչընդոտներ կստեղծեն, որ ինքդ խնդրես փող տալ ու ազատվել։ Իսկ երբ տեսնում են, որ թանկարժեք մեքենայով ես, փող աշխատելու ախորժակներն ավելի է բացվում։ Մեր դեպքում դա ուղեկցվում էր նաեւ մանկամտության հասնող չտեսությամբ։ Օրինակ՝ մի տեղ ռուս գաիշնիկը փաստաթղթերն ստուգելուց հետո սկսեց չռած ու անկուշտ աչքերով «խժռել» մեքենան՝ ասելով, որ սա իր երազանքների մեքենան է, ափսոս՝ հնարավորություն չունի գնելու։ Հետո հարցուփորձ արեց, թե ինչ արժե, որքան է շարժիչի հզորությունը եւ այլն, ու վերջում «պլավնի» անցավ բուն թեմային՝ փող ուզելուն։ «Ո՞նց, էս մեքենայի վրա 6.3 լիտրանոց շարժի՞չ է դրված։ Եղբայր, արի 500 ռուբլի տուր գնա, էլի, չէ՞ որ դու G63 AMG ես քշում»։ Մեկ ուրիշ ռուս գաիշնիկ էլ խնդրեց «գազ տալ», որ շարժիչի ձայնը լսի, հետո նոր անցավ փող մուրալուն։ Եվ այսպես՝ մինչեւ Վրաստան։



Վրաստանում կանգնեցրեց ՃՈ տեսուչը, քաղաքավարի մոտեցավ, տեղեկացրեց կատարած խախտման մասին, իրենց մոտի համակարգչով ստուգեց տվյալները, ակտը լրացրեց, տվեց մեզ՝ խնդրելով մոտակա բանկում այն անպայման մուծել։ Եվ ոչ մի հարց մեքենայի մասին, ոչ մի չռած աչք ու չտես հայացք, ոչ մի կոռուպցիոն ակնարկ։ Վրացի պետավտոտեսուչները երթեւեկում են այնպիսի զարգացած ու ժամանակակից մեքենաներով, որ ոչ մի հզոր ու թանկարժեք մեքենայով չես զարմացնի նրանց, ավելին՝ չես էլ կարող փախչել նրանցից, քանզի մեքենայիդ հետեւից կհասնեն ու հատուկ հարմարանքով ուղղակի կորսան քեզ։ Այդ ժամանակ մեքենադ էլ իրենց նվիրես, պատասխանատվությունից չես խուսափի։ Պատահական չէ, որ Վրաստանի պետավտոտեսչությունը, եթե ոչ աշխարհում, ապա գոնե մեր տարածաշրջանում դարձել է բրենդ իր չկաշառվող, բոլորին հավասար աչքով նայող ու քաղաքավարի տեսուչներով։



Վրաստանից Հայաստան վերադարձա արդեն վրացական պետհամարանիշով ու ավելի ցածր դասի մեկ այլ Mercedes-ով։ Բավրայի անցակետն անցնելուց հետո, Գյումրի չհասած՝ մեզ կանգնեցրեց արդեն «լեննագանցի գաիշնիկը՝ դոշին կամեռա զարգած»։
Մոտեցավ, ներկայացավ ու Գյումրու բարբառով միանգամից վրա տվեց․ «Ծո ապ ջան, լավ տղա կերեւաս, բայց իշխոր սամայլոտ քշես։ Բայց ես քու վրատ ակտ չեմ գրե, դու պռոստը ձեռքդ ջեբդ տար, թեթեւըմ մեզի պեռերիվի համար բանըմ էրա, գնա»։ Վարորդը նախ ասաց, որ ինքն արագությունը չի գերազանցել, հետո նշեց, որ եթե ուզում են «պեռերիվ անել», ինքը կարող է ուղղակի տանել պատիվ տալ իրենց, բայց փող չի տա։ «Ապ ջան, արի կեղնի դու էդ փողը մեզի տուր, մենք էդ պեռերիվը կենենք»,-շարունակեց սովից գալարվել գյումրեցի տեսուչը։ Մենք հեռացանք՝ առանց մի դրամ տալու։ Այդ պահին երկու հարց էր ինձ հետաքրքրում՝ «էդ դոշին զարգած կամեռան միացրա՞ծ է, կաշխատի՞, թե՞ չէ», եւ երկրորդ՝ ինչո՞ւ է մեր ոստիկանությունը սոված պահում իր ՃՈ տեսուչներին, որ «ըդպես նագլի կանգնեցնեն, պեռերիվի փո՞ղ ուզեն»։ Գյումրեցի տեսուչն ասաց, որ տեսախցիկը միացրած չէ, որովհետեւ «էսպես վախտերը կանջատեն»։ Իսկ երկրորդ հարցին էլ, որ ավելի շատ հռետորական է, թող պատասխանի մեր ոստիկանության լրատվական վարչությունը, օրինակ՝ գեղարվեստական ոճի ֆեյսբուքյան ստատուսով։ Ձեռքի հետ էլ թող պատասխանեն, թե որքան գումար են ծախսել կոռուպցիան «կանխարգելող» այս տեսանկարահանող սարքերի վրա, որոնք չեն միացվում, որպեսզի կոռուպցիան անկաշկանդ դրսեւորվի։ Նաեւ թող վերջապես ասեն, թե որ օրենքով, որ նորմատիվ իրավական ակտով է որոշվել «գաիշնիկների դոշերին վարորդներին նկարող կամեռա զարգել», որոնք կարեւոր պահերին չեն աշխատում։ Խորհուրդ չէինք տա գյումրեցի սոված գաիշնիկին գտնելու փորձեր անել՝ նա ոչ առաջին, ոչ էլ վերջին սոված գաիշնիկն է մեր երկրում։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ