Քաղաքական վակուումը պետք է լցնել

Քաղաքական վակուումը պետք է լցնել
Քաղաքականապես եւ գաղափարական առումով սնանկացած Հայաստանը հիմա, ցավոք, նման է մի բանկի, որի վրա սնանկացման պատճառով արտաքին կառավարում է իրականացվում: Մեր երկրում նույնպես  իրականացվում է արտաքին կառավարում, ընդ որում՝ տարբեր մակարդակներում: Տնտեսական առումով մենք արդեն  սովորել ենք եւ չենք էլ զարմանում, երբ դա անում է Միջազգային արժութային հիմնադրամը կամ այլ  կազմակերպություններ, իսկ քաղաքական առումով, երբ մի զանգով կամ երկտողով մեզ թելադրում են  ամենաբարձր մակարդակի վրա որոշումներ ստորագրել: Ավելի ցածր մակարդակի վրա այդ կառավարումն իրականացվում է, ցավոք, կուսակցությունների, նաեւ որոշ հասարակական կազմակերպությունների  միջոցով: Ինձ հայտնի գրեթե բոլոր կուսակցությունները գտնվում են այդ չարաբաստիկ գործակալների կարգավիճակում: Սրանից ես մեկ եզրակացություն եմ անում՝ այս պահին, ներկա քաղաքական իրավիճակում, կուսակցությունները չարիք են Հայաստանի համար, պառակտման եւ օտարների համար կառավարման միջոց են դարձել: Եւ շարունակել խաղալ այդ խաղը, նշանակում է գիտակցաբար եւ կամավոր շարունակ վերածվել խամաճիկների: Մաքրվել գաղափարապես... գեղեցիկ կարգախոս է: Քանի դեռ չկա ապաշխարանք, խոստովանություն, չկան սեփական պատասխանատվության եւ մեղքի խոսքեր որեւէ կողմից, մեխանիզմն այլ է լինելու: Մեխանիզմը պետք է լինի հեղափոխական  փոփոխությունը: Պետք է գտնել այդ բանաձեւը: մենք "Սարդարապատում" մտածում ենք այդ բանաձեւը գտնելու ուղղությամբ, պետք է ապահովենք հասարակության, ժողովրդի ուղիղ իշխանությունը: Պետք է ստեղծվի ազգային փրկության, ազգային համերաշխության կառավարություն, եւ մենք դա արդեն փորձում ենք անել՝ կառուցելով այլընտրանքային խորհրդարանի զուգահեռ կառույցները, կառուցելով ժամանակավոր կամ, ավելի ճիշտ՝ անցումային կառավարության կաղապարը եւ փնտրելով կադրեր, գաղափարներ մտավորական եւ մասնագիտական շրջանակներից, որոնք լծվելու են այդ գործի մեջ: Բազմաթիվ մարդիկ կան տեղում: Մենք նրանց անուններն ամեն օր կարդում ենք մամուլում, երբ նրանք գրում են շատ խորը վերլուծություններ՝ ձեւակերպելով եւ պաշտպանելով հասարակական շահը տնտեսության, քաղաքականության եւ դիվանագիտական հարցերում: Նրանք օտարված են որոշումներ ընդունելուց: Բնականաբար, հսկայական ներուժ կա նաեւ սփյուռքում: Մենք այժմ զբաղվում ենք այդ ցանցային կազմակերպչական գործունեությամբ՝ կառուցելով այդ մարդկանցից կազմված կառույցները, որոնք պետք է լցնեն այն քաղաքական վակուումը, որը տիրում է մեզ հիմա: Մենք վերկուսակցական շարժում ենք ստեղծում եւ մարդկանց մոտենում ենք անհատական, այլ ոչ թե կուսակցական պատկանելությամբ, իրենց անհատական կարողություններին համապատասխան:



Տիգրան ԽԶՄԱԼՅԱՆ

կինոռեժիսոր