Առկախ հարցեր ՀՀՇ գլխին

Առկախ հարցեր ՀՀՇ գլխին
"Ես ընդամենը ուզում եմ հարցնել. Կարապետ Ռուբինյանը այդպիսի հայտարարություն կաներ, եթե ընտրվեր ՀՀՇ վարչության կազմում: Ռուբինյանը արդյոք չուներ հնարավորություն այդ ամենը համագումարում ասելու: Եթե նա Տեր-Պետրոսյանի հետ ուներ անհամաձայնություն, ապա Տեր-Պետրոսյանի ելույթից հետո մենք 8 ժամ եղել ենք համագումարի աշխատանքների մեջ...",-երեկ այսպիսի հռետորական հարց հնչեցրեց ՀՀՇ նորընտիր նախագահ Արամ Մանուկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Առաջին ասուլիսն էր, որ սկսվեց մինչ համագումարն ու նրանից հետո ծավալված անհամաձայնությունների ու առաջացած հարցերի պարզաբանմամբ: "Ես ափսոսում եմ, որ Ռուբինյանն այդպիսի հայտարարություն է արել",-ասաց: Քանի որ Կարապետ Ռուբինյանն իր հայտնի նամակում նշել էր, որ համագումարում շրջանառվում էր վարչության կազմի "օրինակելի ցուցակ", որում իր անունը բացակայում էր, եւ եզրակացրել, որ Տեր-Պետրոսյանն է իրեն այդպիսով պատժել  նրան ու Կոնգրեսին քննադատելու համար, Արամ Մանուկյանը կրկին հռետորական հարց կախեց օդում: "Եթե կար այդպիսի ծրագիր, որ ինքը չընտրվեր, ապա ինչպե՞ս այդ համարձակ ՀՀՇ-ն 240 ձայն տվեց Կարապետ Ռուբինյանին": Վարչության ընտրության արդյունքները կեղծելու մասին իր կուսակցական ընկերոջ հնչեցրած մեղադրանքները փարատելու համար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ համագումարի փաստաթղթերը բաց ու մատչելի են բոլոր նրանց համար, ովքեր կցանկանան ուսումնասիրել դրանք: Հետո հայտարարեց, որ կուսակցության ղեկավար կազմի փոփոխությունը եղել է քաղաքակիրթ, իսկ գրասենյակում տիրում է նորմալ, հանգիստ, աշխատանքային մթնոլորտ: "Ես ինչ եմ խնդրում ձեզ, իշխանությունը փորձեց ինչ-որ բաներ անել, չեղավ, անցավ-գնաց:



Հիմա նոր փուլ է, նոր աշխատանքային շրջան է: Որեւէ բան մի փորձեք գտնել, ինչը չկա: Ինչ-որ դավաճան գտնեք, գնահատականներ տաք, նորմալ անցում է արվել: Զուրաբյանի հետ աշխատանքները գեղեցիկ կազմակերպվում են, տղաների հետ որեւէ խնդիր չկա",-բացատրեց Արամ Մանուկյանը: Անդրադառնալով նախօրեին մեր թերթում հրապարակված Ալեքսանդր Արզումանյանի հարցազրույցին, որում պարոն Արզումանյանը տարակուսանք էր հայտնել քաղբանտարկյալ Գրիգոր Ոսկերչյանին վարչության կազմում չընտրելու փաստի առիթով, Արամ Մանուկյանը նշեց, որ Ոսկերչյանի առումով նույնպես խնդիր չկա: Շեշտեց, որ Գրիգոր Ոսկերչյանը շարունակում է լինել ՀՀՇ անդամ եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին է: "Ես իմ կուսակցության շահն եմ պահում, ես իմ կուսակցության արդարացիությունն եմ ձեզ ներկայացնում, ես համագումարի սկզբունքայնությունն ու անարատ անցկացնելն եմ ձեզ ներկայացնում, ինչի համար ես ուժեղ եմ, հիմքերս շատ են",- ասաց Արամ Մանուկյանը: