Հավատացյալ ժողովուրդն ու ընտրազանգվածը

Հավատացյալ ժողովուրդն ու ընտրազանգվածը
Համարյա ամեն օր բախվում ենք "Հավատացյա՞լ ենք արդյոք մենք" հարցին եւ ամեն անգամ հարցի պատասխանը գտնելու փոխարեն հպարտանում ենք, որ մենք ամենահին քրիստոնյա ազգն ենք, որովհետեւ առաջինն ենք ընդունել քրիստոնեությունը: Եվ ընդհանրապես... մենք առաջինն ենք ամեն ինչում: Օրինակ` 21-րդ դարում դուք չեք գտնի մի երկիր, որտեղ եկեղեցի է կառուցվում: Եթե  կան  նման երկրներ, որտեղ դեռ եկեղեցաշինություն կա, ապա դա կամ Հայաստանն է, կամ էլ որեւէ երկրում էլի մենք ենք մեր եկեղեցին   կառուցում: Եվրոպաներում վաղուց զարգացման  չափանիշներն այլ են` դեմոկրատիա, ժողովրդավարություն, բարեկեցություն, զարգացող տնտեսություն, կրթված հասարակություն եւ այլն: Մեզ մոտ հակառակն է:







Մեզ համար  այդ բոլորը վաղուց անցած էտապ է: Բա ոնց, թող բոլորը իմանան, թե որքան հին եւ հավատացյալ ազգ ենք մենք: Ոչինչ, որ մեզ մոտ հին եկեղեցիները անտերության են մատնված եւ քանդվում են: Ոչինչ, որ մեզ մոտ ավանդույթ է դարձել եկեղեցու պատերին յուղաներկով գրել, ասենք` Գայուշ +Բղդո = Սեր կամ` այստեղ եղել է Յոնջալախի Կյաժը: Եվ վերջապես` էլ որտե՞ղ, եթե ոչ մեզ մոտ, կարելի է եկեղեցու բակում մի լավ ոչխարի խաշլամա սարքել, քեֆ անել ու հետո մատաղի փորոտիքը թողնել նույն վայրում եւ ինքնագոհ հեռանալ: Ու հենց մատաղի անվան տակ ուտուշ-խմուշ անողներս էլ շարունակում ենք եկեղեցի կառուցել, մոռանալով, որ ունեցածն է պետք պահպանել եւ չպղծել: Բայց Աստված մի արասցե, եթե փորձեն ուրիշները պղծել մեր սուրբ "օբյեկտները"` այնպիսի վայնասուն կբարձրացնենք, որ եվրոպացիները գլուխները կառնեն-կփախչեն:



Երեկ Սբ. Մարիամ Աստվածածնի օրն էր` խաղողօրհնեք: Հավատացյալ ժողովուրդը նախորդ գիշեր արդեն եկեղեցիներում դիմավորում էր Սբ. Աստվածածնի օրը, իսկ առավոտյան եկեղեցի շտապեց "հավատացյալ" ազգս:



Խաղողն էին օրհնում եւ պատարագից հետո օրհնված խաղողը բաժանելու էին ժողովրդին: Հավատացյալի համար օրհնված խաղողի խորհուրդն այլ է, իսկ "հավատացյալ" ազգիս համար խաղողը խաղող է, ուրիշ ոչինչ: Խաղող չլինի` թող ուրիշ բան լինի, ասենք` դդում: Միեւնույն է, կարեւորը ձրի է: Եւ սկսվեց...



Երբ նայում էի նկարներին, ուզեցի գրել NO COMENT, բայց հետո զգացի, որ NO COMENT-ը խփված քարտ է, որովհետեւ մարդկանց դեմքերը շատ ծանոթ թվացին: Իրոք, ծանոթ դեմքեր էին եւ ծանոթ իրավիճակ: Պայմանականորեն որոշեցի այս "հավատացյալներին" տալ "ընտրազանգված" անունը, եւ ամեն ինչ ընկավ իր տեղը: Ոչինչ չի փոխվել: Մարդիկ ըմբոստացել են տիրող բարքերի դեմ եւ դուրս են եկել պայքարի: Իսկ ահա այս ոստիկանները նորից շարունակում են խոչընդոտել մարդկանց  ազատ տեղաշարժվելու իրավունքը:



Պետք է ձայն բարձրացնել եւ բողոքներ գրել մինչեւ առ Եվրոպա մինչեւ Վատիկան, եւ թող իմանան  բոլորը, թե որքան ապաշնորհ են մեր հոգեւորականները, որ մեր հասանելիք խաղողը մեզ չեն տալիս: Նույնիսկ կարելի է նստացույց անել ինչ-որ դեսպանատան առջեւ եւ պահանջել կամ խաղողը, կամ քաղաքական ապաստան: Բա սրանից էլ լավ առի՞թ:







Հիմա հասկացա՞ք, թե ինչու մեզ մոտ ոչինչ չի փոխվում: Ըստ երեւույթին, մենք դեռ շատ երկար կշարունակենք եկեղեցի կառուցել: Ընտրազանգվածը այլ իրավիճակների պատրաստ չէ: Եվ այս ձեռքերը, որ պարզած ծածանվում են ու ոստիկանից պահանջում իրենց հասանելիք ձրի խաղողի ողկույզը, վաղը  պարզվելու են հերթական հինգհազարանոցների համար, եւ նորից ետ ենք դառնալու ի շրջանս յուր:



Հարություն ՀԱՐՈԻԹՅՈԻՆՅԱՆ