Եթե չես կարող պայքարել ստի դեմ, մասնակից մի եղիր

Եթե չես կարող պայքարել ստի դեմ, մասնակից մի եղիր
Լուսանկարիչ Գերման Ավագյանը հարցազրույցից առաջ բացել էր իր պաշտոնական կայքը եւ ցույց էր տալիս իր լուսանկարները, որտեղ կային նաեւ բավական շատ լուսանկարներ մարտի 1-ի դեպքերից: Ի՞նչ եղավ մարտի մեկից հետո ժողովրդի հետ:



- Կոտրվեց էն միֆը, որ հայը հայի վրա զենք չի բարձրացնում: Բայց դե, մեր ժողովուրդը փչացած ժողովուրդ ա, ասեմ քեզ: Էս ժողովուրդը սպասում է մեկը գա` իրա հարցերը լուծի, ինքն էլ վայելի: Էդպես չի լինում: Ամեն հարցում տենց ա հայերի մոտ, սպասում են մեկը գա` իրենց հարցերը լուծի, չեն ուզում իրենք իրենց հարցերը լուծեն: Բայց ես լուսանկարիչ եմ, ի՞նչ քաղաքական հարցեր եք տալիս:





- Բայց քաղաքականացված լուսանկարներ ունեք:



- Ես նկարում էի իմ ժողովրդին, որտեղ իմ ժողովուրդն էր, այնտեղ էլ ես էի: Մեր ժողովրդի կյանքը տխուր ա, ինչ կա, էդ եմ նկարում:



- Ժողովրդի կյանքը տխուր է, այդ պատճառո՞վ եք մի քանի օրից գնում Միացյալ Նահանգներ:



- Ես գնում եմ, գալիս եմ... էլի կգնամ, էլի կգամ: Ես բնակությունս չեմ փոխում: Գնում եմ փող եմ աշխատում կամ էստեղ աշխատում, գնում եմ այնտեղ ծախսում եմ: Մեր ժողովրդի կյանքը մենակ տխուր չի, մի տեսակ հոգնած, ծերացած ազգ ենք դարձել ու էլ հնարավոր չի մեզ խաբել՝ դե մի 7 կամ 5 հազար տարի ապրել ենք:



- Գուցե պետք է ամուսնանալ այլ ազգի ներկայացուցիչների հետ, որ մեր գենետիկան մի քիչ փոխվի, թարմանա՞:



- Հա էլի... ինչպես ես եմ արել՝ ամուսնացել եմ ամերիկուհու հետ:



- Դուք ժողովրդի կողքին էիք, որովհետեւ իշխանափոխությո՞ւն էիք ուզում:



- Ես չեմ ուզում ո՛չ իշխանափոխություն, ո՛չ հեղափոխություն, ես ուզում եմ նորմալ ընտրություններ լինեն:



- Կեղծողների ձեռքը բռնող չկա, դրա համա՞ր նորմալ ընտրություններ չեն լինում մեզ մոտ:



- Կեղծողների ձեռքը բռնող չկա, դրա համար զոհեր են լինում, ասում եմ՝ միֆը կորցրինք, որ հայը հայի վրա զենք չի բարձրացնում: Էլ ի՞նչ մնաց մեզ...



- Ի՞նչ մնաց:



- Ոչ մի բան... Մինչեւ մարտի 1-ը մի շաբաթ ժողովուրդը մի քիչ մաքուր օդ շնչեց` դրին գյուլլին... չեմ հավատում, որ տասը հոգի են զոհվել, ինձ չեն համոզի...



- Ձեր ներսում պայքարը կոտրվե՞ց:



- Իմ ներսում պայքարը չի կոտրվել: Ես արվեստագետներին կոչ եմ արել ու ասել եմ՝ մեր պայքարը հետեւյալը կարող ա լինել, եկեք չմասնակցենք որեւէ պետական ծրագրերի, պետական փողեր չեմ ուզում ստանալ, մշակույթի նախարարության ոչ տեղը գիտեմ, ոչ նախարարի անունը գիտեմ: Սոլժենիցինի խոսքն է, ասում էր. "Եթե չես կարող պայքարել ստի դեմ, մասնակից մի եղիր":



- Այնուամենայնիվ, հիմա որ Ձեր սերնդի արվեստագետները հիմնականում իրենց պարտված են զգում մեր երկրում, բա մե՞նք ինչ անենք, դուք 88-ին պայքարի դուրս եկած սերունդն եք, մենք այն ժամանակ ընդամենը երեխա էինք... դուք ձեզ մեր առջեւ մեղավոր չե՞ք զգում այսպիսի երկիր ժառանգություն թողնելու համար...



- (Լռում է ) Իհարկե... կա մեր մեղքը, բայց ինչ իմ ուժը պատել ա, արել եմ: Ես ձեր սերնդի մարդկանց նկարել եմ սովորեցրել, ուրիշ բան, թե ինչ է ստացվել իրենցից: Ինչ իմացել եմ, ասել եմ, ուրիշ բան է, թե իրենք դա ոնց են օգտագործում, ես չեմ կարող լուսանկարով մարդուն քաղաքական դիրքորոշում տալ, ես կարող եմ նրան տեխնիկա սովորեցնել ընդամենը:



- Այսօր մեր սերունդն ավելի հարմարվողական է դարձել, երիտասարդները հիմնականում ուզում են գնալ երկրից:



- Ես ասում եմ` կոնկրետ ծրագիր է գործում, որ Հայաստանը հայերից դատարկվի: Ես չեմ գնալու... Ես գնում միշտ վերադառնում եմ... Մենք ասում ենք մարտի 1, բայց հասկանո՞ւմ ես, մարտի մեկ ամեն օր է էստեղ:



- Երեւանը լուսանկարելու ցանկություն ունենո՞ւմ եք:



- Ես Թիֆլիսում ժամը 6-ից հետո արթնանում էի, գնում էի քաղաքը լուսանկարելու... Երեւանում նման ցանկություն երբեք չեմ ունենում: Ես գրողների, պոետների եմ նկարել, բայց փողոցում մարդկանց նկարելու ցանկություն չեմ ունենում: Երբ քաղաքից դուրս եմ գալիս, ինձ շատ լավ եմ զգում, գնում եմ գյուղացիների հետ եմ շփվում եւ ինձ լավ եմ զգում: Երեւանը օտար քաղաք է դարձել: 2003-ին եղա Թիֆլիսում, մեկ էլ 2006-ին գնացի-տեսա բոլորովին ուրիշ երկիր եմ ընկել: Ես ընկա նույն Ամերիկան, բայց որտեղ մարդիկ վրացերեն են խոսում: Ես զգացի, որ յուրաքանչյուր մարդ օրենքի զգացողություն ունի այնտեղ հիմա: Ու դա մի հոգի է արել՝ Սահակաշվիլին: Իսկ մենք գլուխ ենք գովում՝ իբր խելոք ազգ ենք, հին ազգ ենք: Եկեք մեզ համեմատենք Վրաստանի հետ, ոչ թե Ամերիկայի ու Ֆրանսիայի:



- Դուք լուսանկարում էիք հայ մարդուն տարիներ առաջ, լուսանկարում եք հիմա, լուսանկարչական օբյեկտիվը սովորական մարդու աչքից ավելի ուշադիր է ֆիքսում հայացքները, այդ հայացքներում ի՞նչ է փոխվել:



- Ոչ թե միայն լուսանկարել, այլեւ նայել մարդկանց աչքերին հեշտ չի, ագրեսիա կա: Մարդիկ միմյանց աչքերին չեն նայում: 20 տարին մեկ լինում է մի շարժում, երբ իրար սիրում ենք, իրար երեսի ենք նայում` ինչպես եղավ փետրվարի 22-ից մինչեւ մարտի 1-ը, հիմա նորից նույն վիճակն է՝ ոչ մեկը մյուսին չի վստահում:



- Իսկ երիտասարդ ժամանակ ավելի շատ ի՞նչ էր "տեսնում" Ձեր լուսանկարչական ապարատը:



-  Մինչեւ 88 թիվը ես միայն տկլոր աղջիկ էի նկարում: Որ պատերազմ գնացի, Ռուբիկը Մանգասարյան ծիծաղում էր, ասում էր՝ տանկի վրա տկլոր աղջիկ պետք է նկարե՞ս: