Պեղումներ Թեւրաքարի հինգհազարամյա ամրոցում

Պեղումներ Թեւրաքարի հինգհազարամյա ամրոցում
ՀՀ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը ինստիտուտի ավագ գիտաշխատող, ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի պրոֆեսոր Սիմոն Հմայակյանի ղեկավարությամբ պեղումներ է իրականացնում Իջեւան քաղաքի մերձակա Թեւրաքար բլուրում: Արշավախմբի ղեկավարի խոսքով, դեռեւս 2006 թվականին այս բլուրն իր կառուցվածքով ուշադրության էր արժանացել, եւ պեղումների արդյունքում հայտնաբերել էին վաղ բրոնզեդարյան ժամանակաշրջանի ամրոց: Ի դեպ, սա Իջեւան քաղաքի մերձակայքում գտնված միակ ամրոցն է, մնացածը դամբարանադաշտեր են: Ամրոցում առաջին պեղումները կատարվել են անցած տարի: "Պեղումների ընթացքում հայտնաբերվել է երկու հիմնական մշակութային շերտ,-ասում է պրոֆեսոր Ս. Հմայակյանը:



-Առաջինը վաղ բրոնզեդարյանն է կամ կուր-արաքսյանը, որը թվագրվում է Ք.ա. 4-րդ հազարամյակի վերջից մինչեւ 3-րդ հազարամյակի վերջը, իսկ երկրորդ շերտը վաղ հայկական մշակութային շերտն է, որը թվագրվում է Ք.ա. 7-4-րդ դարեր": Գիտաշխատողների վկայությամբ, ամրոցը կառուցել են հայ ժողովրդի ներկայացուցիչները, քանի որ հայ ժողովրդի ձեւավորման սկիզբը կապվում է կուր-արաքսյան մշակույթի հետ, իսկ ավարտը` այն էպոխայի հետ, որում կառուցվել է այս ամրոցը: Հնագիտական արշավախմբի կազմում պեղումներին ներգրավված են ինչպես Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի փորձառու եւ երիտասարդ գիտաշխատողներ, այնպես էլ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի մշակութաբանության եւ տուրիզմի ամբիոնի ուսանողները:



Աշխատանքներին օժանդակում է նաեւ Պատմական միջավայրի պահպանության Տավուշի մարզային ծառայությունը: "Բացել ենք երկու հետախուզական փոսորակ, որպեսզի իմանանք շերտադրությունը, թե ինչպիսի մշակութային շերտեր ունի հնավայրը, ինչպիսի կյանք է ապրել,-աշխատանքների ընթացքի մասին պատմում է Սիմոն Հմայակյանը:-Այս տարվա պեղումների նպատակը պարսպի պահպանված բարձրությունն ու հաստությունը որոշելն է, նաեւ ամրոցի պարագծի ընդհանուր տեսքը ստանալը, որովհետեւ ամրոցն օվալաձեւ է: Շատ կարեւոր է անհրաժեշտ ինֆորմացիան ստանալ ու պարիսպը չվնասել":



Հայտնաբերված նյութերը կտեղափոխվեն Երեւան, որտեղ վերամշակվելով, կհանձնվեն Իջեւանի պատմաերկրաբանական թանգարանին: Ի դեպ, անցած տարվա պեղումներին աջակցած Իջեւանի քաղաքապետարանն այս տարի չի կարողացել օգնել: Այս անգամ գիտական արշավախումբը վաղ բրոնզեդարյան ամրոցի գաղտնիքները բացահայտելու համար կաշխատի ընդամենը մեկ շաբաթ: Հնարավոր է, որ հետագայում իրականացվելիք պեղումների ժամանակ լուրջ խնդիրներ առաջանան: Բանն այն է, որ Թեւրաքար բլրում ամրոցի տարածքում պարսպապատված երկու մասնավոր տարածքներ կան: Ինչպես պատմեց Պատմական միջավայրի պահպանության Տավուշի մարզային ծառայության պետ Էդգար Քամալյանը, բլուրը, չնայած շատ մոտ է մարզկենտրոն Իջեւանին, ամբողջությամբ գտնվում է Գետահովիտ գյուղի վարչական տարածքում: Ընդհանուր մակերեսը վեց հեկտար է, որից 1991 թվականին հողահատկացումներ են արվել 12 անձանց` յուրաքանչյուրին 1000-1400 քմ:



"Այն ժամանակ ոչ ոք չի իմացել, որ այստեղ հնավայր է,-ասում է Է. Քամալյանը:-2002-ին սեփականատերերը կադաստրի վկայական են ձեռք բերել: Հիմա նրանցից երկուսն արդեն շինություններ են կառուցել ու ցանկապատել": Գիտաշխատողներին առայժմ մնում է հաջորդ տասը սեփականատերերին արգելել ամրոցի տարածքում շինարարություն անել: Հավանական է, որ համայնքն այդ մարդկանց ուրիշ վայրում հողատարածք կհատկացնի, իսկ կառուցված շինություններն առայժմ չեն կարող քանդել: Ըստ գործող կարգի, հնարավոր է կառուցած շինությունն էլ քանդել, միայն եթե այն ապօրինի է: Իսկ այս դեպքում, քանի որ անտեղյակությամբ է հողահատկացում արվել, միգուցե կրկին փոխհատուցման տարբերակը գործի:



Ի դեպ, 2006-ին նույնպես նման խնդիր էր առաջացել: Իջեւանի հիվանդանոցի դիմաց գտնվող տարածքում` Նալբանդյան փողոցում, շինարարության ժամանակ դամբարաններ էին բացվել: Պրոֆեսոր Սիմոն Հմայակյանը դիմել է Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանին` խնդրելով կանխել շինարարությունը: Քանի որ կառուցապատողները նույնպես խուսափել են նախկին գերեզմանատեղիում տուն կառուցել, հնարավոր է առանց խնդիրների շինարարությունը դադարեցնել: