Թուրքական քաղաքականությունը ստի քաղաքականություն է

Թուրքական քաղաքականությունը ստի քաղաքականություն է
Երեկ Հայաստանում գործող քուրդ համայնքը շատ արագ արձագանքեց մեր թերթում հրապարակված նամակին: Հիշեցնենք, որ նամակում ինչ-որ անհայտ «Փեշմերգե» կոչվող կազմակերպություն բացահայտ սպառնում էր հայերին սեպտեմբերի 19-ին Վանի Սուրբ խաչ եկեղեցու պատարագին հյուրի կարգավիճակով չմեկնելու դեպքում վճռական քայլեր անել, քանի որ այդ հողն իրենց է պատկանում: Իսկ Սուրբ խաչ եկեղեցում կազմակերպվող պատարագն անվանել էին Թուրքիայի կողմից կազմակերպված խաղ:



Երեկ վաղ առավոտյան մեր խմբագրություն էին եկել Հայաստանի քրդական ազգային խորհրդի նախագահ Կնյազ Հասանովը եւ «Ռյա թազա» թերթի գլխավոր խմբագիր Գրիշա Չաթոյանը: Երկուսն էլ վրդովված էին եւ նամակը թուրքական իշխանությունների կազմակերպած սադրանք էին համարում: «Նամակը կարդալուց հետո հասկացա, որ պետք չէ դրան նշանակություն տալ, որովհետեւ դա թուրքական հերթական պրովոկացիան է հայերի եւ քրդերի հարաբերությունները խառնելու համար: Ես կապվել են Թուրքիայում գործող մի շարք կազմակերպությունների հետ եւ պարզել, որ «Փեշմերգե» կոչվող կազմակերպություն չկա:



Թուրքիայում գործում է միայն երկու քրդական կուսակցություն: Մեկը Քրդական բանվորական կուսակցությունն է, որն արգելված է Թուրքիայում, եւ որի ազատամարտիկները զինված պայքարում են թուրքական կանոնավոր բանակի դեմ իրենց ազատության համար: Մյուսը «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունն է, որը գրանցված է եւ լեգալ գործունեություն է ծավալում: Թուրքիայում բնակվող 20 միլիոն քրդերը գնում են միայն այս երկու կուսակցությունների ետեւից, եւ ինչ-որ «Փեշմերգե» քրդական կազմակերպություն Թուրքիայում չկա:



Օջալանը բազմիցս նշել է, որ ՔԲԿ-ն պայքարում է ոչ միայն քրդերի, այլեւ հայերի եւ ասորիների համար, որոնց հողերն անցել են Թուրքիայի տիրապետության տակ: Նրանց իրավունքների համար պայքարն է հիմնական նպատակը: Ասվածի վկայությունն է ԽԺԿ պատգամավորների կողմից Հայոց ցեղասպանության հարցի բարձրացումը թուրքական Մեջլիսում, թեեւ գիտեին, որ դրա համար պատասխանատվություն են կրելու»,- ասաց Կնյազ Հասանովը: Վերջինս հայ եւ քուրդ ժողովուրդների ջերմ բարեկամությունն ու եղբայրությունը հավաստող բազմաթիվ փաստեր բերեց:



«Ես կոչ եմ անում եւ հայերին, եւ քրդերին չենթարկվել Թուրքիայի կազմակերպած պրովոկացիային: Մեր բարեկամությունը չպետք է խաթարվի: Այսօր որոշ քրդաբնակ վայրերում, որտեղ կան քրիստոնեական եկեղեցիներ, քրդերի կողմից վերականգնողական աշխատանքներ են տարվում եւ այդ քայլով կրոնական հանդուրժողականության օրինակներ են ցուցաբերում»,- հավելեց Հասանովը: Իսկ ի՞նչ վիճակում են այսօր Թուրքիայում բնակվող քրդերը:



- Այսօր մեծ պատերազմ է գնում թուրքերի եւ քրդերի միջեւ: Շատ հաճախ կանոնավոր 100 հազարանոց բանակով թուրքերը հարձակվում են քուրդ ազատամարտիկների վրա, որ իբր ոչնչացնեն նրանց: Շատ անմարդկային վերաբերմունք են ցուցաբերում: Երբ սպանում են մեր ազատամարտիկներին, կտրում են նրանց ոտքերը, ձեռքերը, աչքերն են հանում, կանանց են խոշտանգում եւ դրանով հրճվում: Սակայն 2 ամսվա ընթացքում թուրքական բանակը հսկայական կորուստներ է ունեցել՝ 800 վիրավոր եւ տեխնիկայի մեծ կորուստ: 30 տարվա ընթացքում Թուրքիան Քրդական բանվորական կուսակցության զինյալների հետ բախումների պատճառով կրել է 4-5 միլիարդ դոլարի նյութական վնաս: Թուրքիայի վարչապետը բազմիցս  հայտարարել է, որ Թուրքիայում առկա է քրդական հարց, որը պետք է լուծել խաղաղ ճանապարհով:



Սակայն դրանից հետո նրանց ընդդիմադիր ուժերը դեմ են դուրս գալիս վարչապետին, եւ նա նորից փոխել է իր խոսքը: Թուրքական քաղաքականությունը հիմնված է ստի վրա, ինչը չի կարող երկար շարունակվել:



- Քուրդ ժողովուրդը համապատասխան դիմադրություն ցույց տալի՞ս է այսօր թուրքերին:



- Այո, իհարկե: Եթե մինչեւ հիմա կռվում էին միայն քուրդ ազատամարտիկները, ապա հիմա ոտքի է կանգնել ողջ քուրդ ժողովուրդը, եւ պատերազմն արդեն կտեղափոխվի քաղաքներ եւ կսկսվի քաղաքացիական պատերազմ: Իսկ քաղաքացիական պատերազմից ոչ մի լավ բան չի ստանա այդ պետությունը, այլ կքանդվի: Իմ կարծիքով՝ կգա ժամանակ, երբ կլինի թուրքական պետության վերջը: Քրդերի հարցը կամ պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, կամ էլ պատերազմով:



- Ձեր կարծիքով, ո՞ր տարբերակն է ավելի հավանական:



- Ավելի հավանական է ուժի գործադրումը եւ պայքարը խաղաղության հասնելու համար:



ՀԳ - Անանուն նամակին քրդերն անմիջապես պատասխանել են Kurdistan.ru կայքում՝ մեկ անգամ եւս նշելով, որ դա թուրքական իշխանությունների ձեռքի գործն է, որ հայ եւ քուրդ ժողովուրդները բարեկամներ են եւ քրդերը ոչ մի կապ չունեն նամակի հետ: