Թաթուլ Մկրտչյան. Պառկելու եք հեռացող սայլերի անիվների տակ

Թաթուլ Մկրտչյան. Պառկելու եք հեռացող սայլերի անիվների տակ
Զերծ մնալով աշխարհաքաղաքական տարատեսակ սպեկուլյացիաներից` հարկ է պարզ ասել. «Հայաստանի անկախությունը ստորադասողները դավաճաններ են, որոնք Ղարաբաղում ստատուս քվո պահելու կեղծ պատրվակով,  իրականում` սեփական գրպանները լայնացնելու նպատակով, աճուրդի են հանել Հայաստանի ինքնիշխանությունը»: Անվտանգության խնդրի արհեստական սպեկուլյացիաներով լուծվում է երկու ընթացիկ խնդիր. օբյեկտիվորեն` Ղարաբաղի հարցի շահարկմամբ հող է ստեղծվում երկրի կյանքում արտաքին միջամտությունների համար, սուբյեկտիվորեն` քաղաքական դաշտից դուրս են մղվում այլախոհ գործիչները, ու տեղ է բացվում սրբություն չունեցողների համար, որոնց հետ օտարի համար առեւտուր անելն անհամեմատ դյուրին է:



Պատկերացրեք, որ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ եղել են ֆրանսիացիներ, որոնք ասել են. «Գերմանական զորքերը պաշտպանում են ֆրանսիացիներին բրիտանացիների ու բոլշեւիկների ահագնացող ագրեսիայից: Այլընտրանք չկա»: Այսօր դրանք հիշվում են միայն որպես դավաճան: Կամ պատկերացրեք, թե Սովետի կործանումից հետո մերձբալթյան երկրները ռուսական զորքերին խնդրեին, որ իրենց պաշտպանեին Բալթիկ ծովի այլ երկրների հնարավոր ագրեսիայից: Կամ` Ամերիկան  անկախանալուց հետո բրիտանական բազաներ տեղակայեր, որպեսզի պաշտպանվեր ներքին ու արտաքին թշնամիներից: Վենեսուելան անկախանալուց հետո իսպանական զորքեր հրավիրեր՝ Բրազիլիայից պաշտպանվելու համար: Հնդկական ազգային կոնգրեսը բրիտանական ռազմաբազաներ տեղակայեր, որպեսզի պաշտպանվեր Չինաստանից: Ենթադրելի է, որ նահապետ Հայկից առաջ բելական զորքով հայոց անվտանգությունն ապահովելու կողմնակիցներ էլ եղած լինեն, որոնք աշխարհաքաղաքական իրողությունների մասին հարցազրույցներ են տվել սեպագրողներին, ասուլիսներ են կազմակերպել, բայց պատմագիտական էթիկան Խորենացուն թույլ չի տվել նրանց մասին հիշատակել:



Այս կրավորական մտածողությունը կար նաեւ 22 տարի առաջ: 88-յան քաղաքական զբոսանքների միամիտ զրույցներից մի դրվագ հիշեմ.



- Հայաստանը կզարգանա միայն անկախությունը վերականգնելուց հետո:



- Կարեւորը գոյատեւման խնդիրն է, այլ ոչ թե անկախության:



- Անկախությունը գոյատեւման միակ երաշխիքն է:



- Ո՛չ: Երաշխիքներից մեկն է: Մենք կգոյատեւենք նաեւ Սովետի կազմում:



- Օսմանյան կայսրությունում 300 տարի լավ էլ գոյատեւում էիք: Վերջը լավ չստացվեց:



- Օսմանյան կայսրությունը կործանվեց, դրա համար այդպես եղավ:



- Բա որ սովետական կայսրությունն էլ կործանվի, ի՞նչ պետք է անեք:



- Ինչպես նախորդ դեպքում` մեկ այլ կայսրության հպատակը կդառնանք ու կգոյատեւենք: Կարեւորը լեզուն ու կրոնը պահելն է: Առանց մեծ երկրի աջակցության չես կարող պաշտպանության, ազգային անվտանգության խնդիրներ լուծել:



- 1915 թվին ռուսական ռազմական աջակցությամբ ուզում էիք գոյատեւման անվտանգություն ապահովել, բայց անկախություն չէիք ուզում: Տեսա՞ք ինչ եղավ:



- Հայաստանն անկախ չի լինի, մոռացիր: Այդպես եթե խոսեք, ժողովուրդը ձեր հետեւից չի գա:



- Կապրենք՝ կտեսնենք:



Ազգային անվտանգության իրական սպառնալիքը հարեւան երկիրը չէ, եթե նույնիսկ այդ երկիրը Թուրքիան է, այլ սեփական ուժերի հանդեպ վստահության-հավատի դեֆիցիտը, որ 132 տարի առաջ էլ կար, երբ Մկրտիչ Խրիմյանի նախաձեռնությամբ կազմված «Ինքնավարության ծրագիրը» Ազգային ժողովում ստացավ ընդամենը 4 կողմ ձայն (տես «Ազգային ժողովի արձանագրություններ», 1878թ., Կ. Պոլիս): Մյուս ընտրյալները դեմ էին ինքնավարությանը եւ պատճառաբանում էին, թե՝ ի տարբերություն սերբերի, բուլղարների, հույների, արաբների, հայ ժողովուրդը չի կարող ինքնուրույն լուծել անվտանգության խնդիրները, նրա անվտանգության երաշխավորը սուլթանն է: Բեռլինի կոնգրեսում ռուսական պատվիրակները Խրիմյանի ծրագիրը կոնգրեսի օրակարգում ընդգրկելու վրա վետո դրեցին` պատճառաբանելով, թե հայերն անկախություն չեն ուզում, եւ որպես փաստ վկայաբերեցին Ազգային ժողովի քվեարկության պատկերը: Այդպես էլ անարժանապատիվ գոյատեւեցինք մինչեւ ցեղասպանություն:



Ազգային ինքնագիտակցությունը բարձրացնելու մտահոգությամբ 19-րդ դարավերջի պահպանողական գործիչ Գարեգին Սրվանձտյանը ժողովեց եւ մշակեց էպոսը` ցույց տալու համար մեր ոգեղենությունը, բայց այն ընկալվեց որպես գավառական հեքիաթ: Ծերենցը գրեց «Երկունք Թ դարու», «Թորոս Լեւոնի», «Թեոդորոս Ռշտունի» երեք պատմավեպերը եւ ի ցույց դրեց պետականություն վերականգնելու նախադեպերն ու փորձերը, բայց նրա վեպերը լայն արձագանք չգտան: Ավելի ուշ Հովհաննես Թումանյանը գրեց «Թմկաբերդի առումը» պոեմը` այլաբանորեն ցույց տալով, որ օտարին ապավինելը կործանում է ե՛ւ թագն ու գահը, ե՛ւ ապավինողին: Նույն պատկերն է այսօր. շուրջ բոլորը զավթիչ պետության գովքն անող աշուղական ԶԼՄ-ներն են:



Առաջնորդվելով ազգային անվտանգության նկատառումներով` սահմանադրական կարգի հաստատման առաջնային խնդիրը պետք է լինի Հայաստանից օր առաջ ռուսական ռազմաբազաները դուրս բերելը: Այնուհետեւ` հարեւանների ու աշխարհի հետ հարաբերությունները կարգավորելը: Հակառակ դեպքում, շատ պա՜րզ տեսանելի ապագայում, 1917թ. դեկտեմբերի 31-ի նման խառնակ մի օր, Ռուսաստանը որոշելու է դուրս բերել զորքերը Կովկասից, եւ միայն այդ ժամանակ եք հասկանալու, որ աշխարհում մնացել եք լրիվ մենակ: Ու պառկելու եք հեռացող զորքի սայլերի անիվների տակ ու չեք կանգնեցնելու:



Թաթուլ ՄԿՐՏՉՅԱՆ

Պահպանողական կուսակցության քարտուղար