Բիլ Գեյթսը շարունակում է մնալ ԱՄՆ–ի ամենահարուստ մարդը

Բիլ Գեյթսը շարունակում է մնալ ԱՄՆ–ի ամենահարուստ մարդը
Մեկ տարվա ընթացքում, ըստ  Forbes ամսագրի, ԱՄՆ 400 ամենահարուստ ամերիկացիներն 8%–ով ավելի են հարստացել, իսկ նրանց ընդհանուր կապիտալը հասել է 1,37 տրիլիոն դոլարի, չնայած դա ավելի քիչ է ՝ 2008թ. ռեկորդային 1,57 տրիլիոնի համեմատ։ Ամերիկյան Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը պահպանել է ամենահարուստ ամերիկացու տիտղոսը։ Անցած տարվա համեմատ՝ նրա կարողությունը 4 մլրդ դոլարով ավելացել է՝ կազմելով 54 մլրդ դոլար։ Այդ գումարն արդեն ավելի մոտ է Գեյթսի՝ մինչև ճգնաժամն ունեցած կարողությանը՝ 59 մլրդ դոլար։



Նշենք, որ Microsoft–ի հիմնադիրը 17–րդ անգամ անընդմեջ զբաղեցնում է ամերիկացի միլիարդատերերի վարկանշային աղյուսակի առաջին տեղը։ Գեյթսը մինչև հիմա բարեգործությանը հատկացրել է մոտ 30 մլն դոլար, ինչը նրան դարձնում է երկրագնդի ամենաառատաձեռն հովանավորը։



Ինչպես և անցյալ տարի, Forbes–ի վարկանշային աղյուսակում 2–րդ հորիզոնականը զբաղեցրել է ներդրող Ուորեն Բաֆեթը, որի կապիտալն ավելացել է 5 մլրդ դոլարով՝ կազմելով 44 մլրդ։



Իր կարողությունը պահպանել ու 3–րդ տեղը զբաղեցնել հաջողվել է Լորենս Էլիսոնին. նրա ակտիվները կազմում են 27 մլրդ դոլար։ Վարկանշային աղյուսակի առաջին տասնյակի մեջ են նաև Ուոլթոն և Քոչ ընտանիքիի ներկայացուցիչները, իսկ տասնյակը եզրափակում է Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը։



Դրամական բացարձակ արտահայտությամբ միլիարդատերերի մրցակցության մեջ հաղթել է Շելդոն Ադելսոնը՝ խաղային բիզնեսի թագավորը։ Լաս Վեգասի ամենախոշոր բաժնետերը զբաղեցնում է 13–րդ հորիզոնականը՝ 14,7 մլրդ կարողությամբ։



Տոկոսային արտահայտությամբ թափ է հավաքել Facebook –ի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը. նրա կարողությունը մեկ տարվա ընթացքում եռապատկվել է՝ հասնելով 6,9 մլրդ դոլարի։ Այժմ նրա վիրտուալ կայսրությունը գնահատվում է առնվազն 24 մլրդ դոլար։



Նշենք, որ 400 ամենահարուստ ամերիկացիների ցուցակն այս տարի որոշ փոփոխություններ է կրել՝ 16 նոր անունների հաշվին։

Forbes-400 վարկանշային աղյուսակի մեջ միայն Facebook–ի շնորհիվ մտել է երկու երիտասարդ միլիարդատեր՝ Դաստին Մոսկովիցն և Էդուարդո Սեվերինը, որոնք, ի դեպ, Ցուկերբերգի ուսանողական ընկերներն են։



Tert.am