Վահանավանքը 1100 տարեկան է, բայց...

Վահանավանքը 1100 տարեկան է, բայց...
2011-ին մեծ շուքով պատրաստվում են նշելու Վահանավանքի 1100-ամյակը: Օրերս պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության պետին առընթեր գիտամեթոդական խորհրդի արտագնա նիստում  քննարկվեցին հոբելյանական միջոցառումներին նվիրված հարցեր: Հենց Վահանավանքում խորհուրդն ընդունեց ինը կետից բաղկացած առաջարկությունների փաթեթ եւ ներկայացրեց հանրապետական ծառայությանը` այն 1100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների պլանի մեջ ներառելու համար:



Ըստ  մարզային ծառայության պետ Աստղիկ Հակոբյանի՝  ծրագրի առաջին եւ կարեւոր կետով առաջարկվում է Վահանավանքը հանել ՀՀ պետական սեփականություն հանդիսացող եւ օտարման ոչ ենթակա հուշարձանների ցանկից եւ հանձնել Հայ առաքելական եկեղեցուն` այն հոգեւոր կենտրոն ծառայեցնելու նպատակով. վանքն արդեն վերականգնված է, ինչը թույլ է տալիս օգտագործել իր սկզբնական նշանակությամբ` որպես հոգեւոր կենտրոն: Առաջարկությունների փաթեթում տեղ են գտել նաեւ Վահանավանքին նվիրված գիտաժողովի կազմակերպում, մարզի դպրոցներում վահանավանքյան օրերի անցկացում, լրատվամիջոցներով հաղորդումների թողարկում, գրքերի հրատարակում, բուկլետի լույսընծայում, որտեղ, բացի վանքի ճարտարապետական նկարագրից, կներկայացվի նաեւ տարեգրությունը:



Միաժամանակ նախատեսված է  Վահանավանքի 1100-ամյակին նվիրված տեղեկատվական պաստառների, վահանակների տեղադրում: Առաջարկվում է նաեւ վանք տանող ճանապարհի որոշ հատվածի ասֆալտապատում: Ի դեպ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մշակութային ծրագրերի իրականացման բաժնի հետ համատեղ նախատեսվում են նաեւ շինարարական աշխատանքներ Վահանավանքում: Մասնավորապես` պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայությունն առաջարկել է վերականգնել վանքի մետաղյա ցանկապատը: Նախատեսվում է նաեւ ջրագծի անցկացում, սանհանգույցի կառուցում եւ այլն:



Հետաքրքիր է, որ արտագնա նիստին չի մասնակցել պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Գրիգորյանը, որն զբաղվել է Վահանավանքի վերականգնման աշխատանքներով: Վերջինս էլ «Սյունյաց երկիր» թերթին տեղեկացրել է,  որ  հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ու քննարկել 2011-ին Վահանավանքի վերաօծմանն առնչվող հարցեր: Գ. Գրիգորյանի խոսքով,  նախագահը հավաստիացրել է, որ կմասնակցի արարողությանը: Իսկ տեղական «Խուստուփ ԹիՎի» հեռուստաընկերությունը նախաձեռնել է հուշահամալիրի վերականգնման ծրագիր: Նույն հեռուստաընկերությունը մի քանի ամիս առաջ հայտարարել էր, որ Գ. Գրիգորյանը պեղած թանկարժեք դրամները պահում է անձնական արխիվում:



Փաստի առնչությամբ հեռուստաընկերությունը պատրաստ էր դիմելու մարզային դատախազությանը: Մարզային պարբերաթերթին պրոֆեսորը տեղեկացրել էր, որ 2010թ. հուլիսի 8-ին Հայաստանի պատմության թանգարանի նումիզմատիկայի (դրամագիտության) բաժնում համապատասխան աշխատանքներն ավարտին հասցնելուց հետո 15 առարկա (գտածո) հանձնվել է այդ թանգարանին: Տարբեր ժամանակներում Վահանավանքում գտնված այդ իրերը հիմնականում դրամներ են` Հուլավույան շրջանին առնչվող, որոնք, սակայն, լուրջ արժեք չեն ներկայացնում հայագիտության համար:



«Պրոֆեսորը, ի վերջո, ցավ է հայտնել, որ պատմագիտության ու հնագիտության ոլորտ է անարգել խուժում մարտնչող տգիտության առավել հետին փաղանգը, որի թիրախներից մեկն էլ Վահանավանքն է»,-գրում է «Սյունյաց երկիրը»: Իսկ թե ով է պղտոր ջրում ձուկ բռնել փորձում` ցույց կտա ժամանակը: