Արամ Պաչյան. Ինչպես գրքերում

Արամ Պաչյան. Ինչպես գրքերում
Կան անհավատալի պատմություններ, որոնց հանդիպում ես միայն գրքերում, բայց արի ու տես` կան անհավատալի պատմություններ, որոնք տեղ են ունենում նաեւ գրքերից դուրս: 2012 թ.-ին Երեւանը կրելու է գրքի  համաշխարհային մայրաքաղաքի տիտղոսը: Միթե սա նման չէ հրաշքի, երբ ՅՈւՆԵՍԿՕ-ի հանձնաժողովը բազմաթիվ հիանալի տարբերակներից ընտրում է մի մայրաքաղաք, որն ամենաքիչն է հետաքրքրված գրքի մշակույթով, եւ որին ամենաքիչն է պետք այսպիսի միջոցառումը (չէ, չնայած միջոցառումները երբեք ավելորդ չեն լինում): Հաջորդ անգամ Երեւանը երեւի կճանաչվի մտքի համաշխարհային մայրաքաղաք` կապված ուտելիքի եւ շինարարության հետ:



Ասում են ՅՈւՆԵՍԿՕ-ի հանձնաժողովին բացառիկ ծրագիր է ներկայացվել` հագեցված բազմաթիվ դրույթներով, յուրօրինակ առաջարկություններով, եւ հանձնաժողովի անդամները հավատացել են մեզ: Հավատացել են մի քաղաքի, որն ունի մի երկու-երեք գրախանութ, մի քանի գրադարաններ ու չընթերցող հասարակություն: Հավատացել են անհավատալի լավատեսությամբ: Վալերին ասում էր. «Ոմանց համար գիրքն ադամանդի արժեք ունի, իսկ ոմանց համար՝ քարի»: Մեզ համար գիրքը քարի արժեք չունի, քանի որ գրքերով շենքեր չեն կառուցվում եւ սալահատակներ չեն փռվում:



Գրքին զսպաշապիկ են հագցրել. գիրքը բանտարկված է...



Դժվար է պատկերացնել մի ուժ, որն ի զորու է ազատելու նրան այսօրվա հարկային քաղաքականությունից՝ շահութահարկ, եկամտահարկ, ավելացված հարկ, կենսաթոշակային հարկ: Հարկերի մի ծաղկաբույլ, որի վերջնական նպատակը գրքի մահը տեսնելն ու դեգրադացված հասարակության մեջ ապրելն է: Այսօր գրքերը մատչելի չեն մարդկանց, եւ մարդիկ մատչելի չեն գրքերին: Գրադարանների պահոցներում 1990թ.-ից հետո առաջացած դատարկությունը ոչ մի կերպ չի լցվում, սոսկ ցաքուցրիվ ու ողորմելի համալրումներ: Գրադարաններում բացակայում են համաշխարհային գրականության մեջ հսկայական դեր ունեցող ժամանակակից գրողների ստեղծագործությունները: Անկախությունից հետո հանրապետության գրադարաններից օգտվողների թիվը կրճատվել է 500 հազարով: Պատկերացնում եմ Գրադարանների միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչների դեմքերը, երբ նրանք հանկարծ հայտնվեն գրապալատում եւ տեսնեն այն բոլոր առկա ավերակները, որոնց մեջ պահվում է հայ գրի ու մտքի ողջ ժառանգությունը:



Քաղաքում գործող գրախանութները գոյատեւում են դասագրքերից, մանկական գրականությունից եւ մասնագիտական գրքերից ստացված եկամուտների հաշվին, գեղարվեստական գրականությունը դասվում է ամենաքիչ վաճառվողների շարքը: Գրախանութների աշխատակիցներն ասում են, որ ամենաշատ վաճառվող գրողներն են` Պաուլո Կոելյոն, Խարուկի Մուրակամին, Դինա Ռուբինան, Ֆրեդերիկ Բեգբեդերը, որոնց գնորդները դեռահաս աղջիկներ են կամ տնային տնտեսուհիներ: Ի դեպ, նաեւ վաճառվում է մեր հայրենակից Կարինե Աղավաղյանի սիրային վեպերի շարքը, իսկ գրադարակներում երկար ժամանակ մնում են Թոմաս Մանի, Մարքիզ դը Սադի, Իմրե Կերտեսի վեպերը. սրանք` ռուսերեն լեզվով, իսկ հայկական բաժինը գրեթե մեռած է: Հայկական բաժնում իրար գլխի թափված են անհասկանալի ու հասկանալի, անհավանական վերնագրերով ու անմարդկայնորեն շատ գրքեր (մեզ մոտ գրողները միշտ էլ ավելի շատ են եղել, քան ընթերցողները) ու միմյանց սոսնձված բրոշյուրներ: Ձեր նոր լույս տեսած գիրքը, եթե, իհարկե, հասել է գրախանութ, առաջին օրը կարող է հայտնվել բուրգի գագաթին, իսկ հաջորդ օրը անվերադարձ թաղվել բուրգի տակ: Հայերեն լեզվով գրքերի բաժինն աղբակույտ է հիշեցնում. այստեղ պարտադիր չէ պետական հոգածությունը, պետությունը միեւնույն վիճակում է, այստեղ բացակայում է անձնական վերաբերմունքը, անձնական շահագրգռվածությունը, չկա այլեւս մոտեցումը գրքին, որպես անհատի` ավելի տագնապեցնող մի հանգամանք:



Հայոց լեզվով գրված գեղարվեստական գրքերը տպագրվում են հինգ հարյուր տպաքանակով, եւ հինգ հարյուրից ամենաշատը վաճառվում է մոտ հարյուր հիսունը: Հրատարակչությունները ողջ տպաքանակը վաճառում են հեղինակներին եւ լվանում ձեռքերը:



2012 թվականը դեռ առջեւում է, հնարավոր է իրականացվեն վերանորոգման աշխատանքներ` ծեփամածվեն գրապալատի պատերն ու վերադարձվեն բացակայող մանրատախտակները, հնարավոր է գրադարանների պահոցները պայթեն նոր գրքերի տարափից եւ գրահրատարակչություններից գնվեն լույս տեսնող գրքերն ու բաժանվեն մարզային գրադարաններին, հնարավոր է գրող-հրատարակիչ-գրադարան-գրախանութ պինդ ու գործուն համակարգ ստեղծվի, բայց դժվար է հավատալ, որ երկու տարվա ընթացքում մարդիկ դառնալու են ընթերցասեր եւ  նրանց ուղեղների  գալարները եւս մեկ պտույտ են անելու:



Վերջին ժամանակներս մեզ մոտ ակտիվացել է ինտերնետային ընթերցանությունը` հարմար է եւ մատչելի, բայց գրականությունը լրագրություն չէ, դա միայն լավ ինֆորմացիոն աղբյուր չէ: Պատմվածքն ու բանաստեղծությունը ժամանակ առ ժամանակ նույնացնում են կարճ հաղորդագրությունների հետ, արագորեն կարդում են ու անցնում հաջորդին: Արդյոք ժամանակակից գրողը կհամակերպվի՞ ինտերնետային ընթերցանության այս որակին, չգիտեմ, ապագան ցույց կտա...



Իմ կարծիքով՝ ընթերցասեր չեն դառնում, ընթերցասեր ծնվում են. դա գալիս է գեներով, այն սովորույթի ուժով, որ փոխանցվում է սերնդեսերունդ, տեսողությունից տեսողություն, հիշողությունից հիշողություն, երբ աչքերդ հառում ես գրքի էջին եւ զգում ես քեզ արդեն ծանոթ միջավայրը, դանդաղորեն տեքստը հաղթահարելու հաճելի ունակությունը: Խոր ծերության ժամանակ Թագորին հարցրել են, թե ինչու է նա շարունակում ընթերցել, եւ նա պատասխանել է. ես չգիտեմ` այն աշխարհում տրված կլինի՞ ինձ վայելելու այս հաճույքը:



Գիրքը մարդու կողմից ստեղծված ամենահանճարեղ ստեղծագործություններից մեկն է.  գիրքը երեւակայության մեղեդին է, գիրքը վերադարձ է...



Պատմությանը հայտնի են բարբարոսների ոհմակներ, որոնք անխնա այրել են գրադարանները` ոչնչացնելով խնամքով ամբարված մարդկության հիշողությունը: Հիմա գրքի ֆիզիկական ոչնչացումը մարդու կողմից կարծես թե դադարել է: Եկել են հոգեբանական սպանդի ժամանակները: Մետրոյի անցումների տակ ու փողոցների վրա թափված գրքերը նման են լքված դիակների, որոնց կողքով ամեն օր գնում ու գալիս են հազարավոր մարդիկ: Անտարբերությունը գրքի համար ամենաստորացուցիչ մահն է:



Առանց ամաչելու պետք է խոստովանել, որ մենք ընթերցասեր ազգ չենք ու չենք էլ եղել: Գրքերն ու թանկարժեք հանրագիտարանները, որոնք շարված են գրադարակներում, կահույքի ինտերիերի մի մաս են կազմում, պարզապես եւս մեկ անգամ մեզ հավատացել են, եւս մեկ անգամ մենք հավատացրել ենք... Մնում է սպասել հրաշքների՝ ինչպես գրքերում է լինում, հավատալով գրքի վերադարձին, այն ընթերցողներին, որոնք ճանապարհին են, այն գրադարաններին, որոնք  կառուցվելու են, եւ այն գրախանութներին, որոնք բացվելու են... միայն թե հրաշքները շոշափելի լինեն...



Արամ ՊԱՉՅԱՆ