Արծվիկ Մինասյան. Ճգնաժամը չենք հաղթահարել

Արծվիկ Մինասյան. Ճգնաժամը չենք  հաղթահարել
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տնտեսական ցուցանիշները եւս մեկ անգամ հաստատում են այն պնդումները, որ առաջին՝ ֆինանսատնտեսական ճգնաժամը Հայաստանում հաղթահարված չէ եւ շարունակում է իր սեւ գործը: Ակնհայտ է, որ կառավարությունը, չտեսնելու տալով այս հանգամանքը, իր անորակ կառավարման հանգամանքով եւ ոչ ճիշտ տնտեսական ուղղորդումներով էլ ավելի է նպաստում ճգնաժամի բացասական հետեւանքների դրսեւորմանը:



Երկրորդ հաստատումն այն է, որ գերխնդիր է մնում Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի հարցը: Չափազանց վատ վիճակում է գտնվում Հայաստանի գյուղատնտեսությունը եւ որեւէ նշան էլ չկա նրա բարելավման եւ տնտեսական կառուցվածքում լուրջ դերակատարում ունենալու հարցում: Արդյունաբերությունը, որ թվում է, թե էական աճով է  ներկայացված, իրականում պայմանավորված է հիմնականում գնաճային ցուցանիշներով, եւ արդյունաբերական ապրանքների գների ինդեքսը վկայում է այն մասին, որ հիմնական աճը պայմանավորված է եղել ոչ թե ֆիզիկական ծավալների այնպիսի խորքային աճով, որ կարող ենք խոսել արդյունաբերության զարգացման մասին, այլ հիմնական պատճառը եղել է գնաճը, եւ դրամական արտահայտությամբ դրա ցուցանիշը չի կարող հիմք հանդիսանալ կառավարության ամպագոռգոռ հայտարարությունների համար:



Մյուս հաստատումն այն է, որ արտահանումը շարունակում է զիջել ներմուծմանը շուրջ 5 անգամ, ինչը նորից խոսում է այն մասին, որ մեր տնտեսությունը ներմուծման տնտեսություն է եւ ավելի շատ սպառող հասարակություն, քան արտադրող ու արարող: Եվ վերջում պետք է արձանագրենք, որ կենսամակարդակը Հայաստանում, նաեւ ըստ հրապարակված ցուցանիշների եւ այլ դիտարկումների, օրեցօր ավելի է վատանում: Դինամիկան դեպի վատն է գնում, եւ դրանում, անշուշտ, իր ազդեցությունն ունի հենց գնաճը, որը ոչ միայն պատուհաս է  դարձել տնտեսության ընդհանուր ցուցանիշների, այլեւ մարդկանց առօրյա կենսամակարդակը գնահատելու տեսանկյունից:



Այս ուղղությամբ եւս, ըստ էության, իշխանությունները քայլեր չեն կատարում: Եվ,  հաշվի առնելով գնաճի այն մեթոդաբանությունը, որ դրված է մեզ մոտ, այն իրականում չի արտացոլում գների կատաստրոֆիկ աճը եւ մարդկանց կենսամակարդակի իրական անկումները: Կարծում եմ՝ կառավարությունը եւ իշխանությունները որքան շուտ գիտակցեն այդ արատավոր քաղաքականության վնասակար հետեւանքները, որքան շուտ կառավարությունն իր լիազորությունները վայր դնի եւ ինչքան շուտ հնարավորություն տրվի տնտեսական, սոցիալական մտքին՝ հավաքվել եւ նոր ծրագրեր մշակել Հայաստանն այս վիճակից դուրս բերելու համար, այնքան մեր բոլորի համար լավ կլինի, եւ հասարակությունը կկարողանա դուրս գալ այս ճգնաժամային իրավիճակից:



Արծվիկ ՄԻՆԱՍՅԱՆ

ՀՅԴ պատգամավոր, տնտեսագետ