Արցախցիներն իրենց երկիրը ճանաչելու մասին

Արցախցիներն իրենց երկիրը ճանաչելու մասին
Վերջերս հայաստանյան մամուլը հաճախ է անդրադառնում Արցախի անկախությունը Հայաստանի Հանրապետության կողմից ճանաչելու նպատակահարմարության հարցին, ներկայացնում քաղաքական ու հասարակական գործիչների, փորձագետների կարծիքներ։ Պաշտոնական Ստեփանակերտն այդ հարցում, ինչպես ընդհանրապես սեփական երկրի ճակատագրի հարցում, խորհրդավոր լռություն է պահպանում։ Իսկ ինչ են մտածում շարքային արցախցիները։



«Արդյո՞ք այսօր ժամանակն է, որ ՀՀ ազգային խորհրդարանը ճանաչի ԼՂՀ անկախությունը։ Դրանից մենք օգո՞ւտ կստանանք, թե՞ վնաս» մեր հարցին պատասխանում են արցախցիները։



Արմեն Խաչատրյան (26 տարեկան, բանվոր) - Հայաստանը վաղուց պիտի ճանաչեր Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Եթե ճանաչած լիներ եւ ժամանակին աշխատանք տարած լիներ, այսօր աշխարհի մի քանի երկրներ նույնպես ճանաչած կլինեին Արցախը։ Մեր անկախությունը ճանաչելուց ի՞նչ վնաս պիտի լինի։ Բոլոր վնասները հենց նրանից են, որ մենք մի կողմ ենք քշվել, մենակ ենք մնացել, մեր փոխարեն այսօր ուրիշներն են ուզում մեր հարցը լուծել։



Կարինե Ավանեսյան (45-50 տարեկան, գործազուրկ) - Ճի՞շտն եք ուզում իմանալ՝ մեր այս անկախություն կոչվածը միայն նրա համար է, որ մեզ մոտ մի «կուչա» պորտաբույծներ եւ նրանց բարեկամները, ովքեր տիրացել են մեր պետական հարստությանը, սեփականաշնորհել մեր երկիրը, բարձր պաշտոններ ստանան եւ ավելի բազմապատկեն իրենց ունեցվածքը։ Մեր հարցի ամենաճիշտ լուծումը, որի համար պայքարել ենք, եւ որի համար մեր զավակները զոհվել են, Հայաստանի հետ միացումն է։



Գագիկ Սարգսյան (41 տարեկան, նախկին ազատամարտիկ) - Այդ ամենը սաղ բլեֆ ա։ Այսօր Հայաստանը չի ճանաչելու մեզ։ Հիմա ոչ էստեղ, ոչ էնտեղ էդպիսի տղա չկա, որ ազգի ապագայի, ազգի դարդուցավի մասին մտածի։ Սաղ միայն իրենց գրպանի մասին են մտածում։ Էդ կուսակցություններն էլ, որ ստեղծել են՝ ՀՀԿ, ՕԵԿ- մօեկ... սաղ գրպանի կուսակցություններ են։ Մեջները շատ թե քիչ ազգասերը դաշնակներն են եղել, դրանք էլ են ծախվել, մի օր կոալիցիա են, մի օր իբր ընդդիմադիր են... Էն իսկական տղերքը, որ ցանկացած անձնազոհության կգնային, այսօր չկան, զոհվել են կամ զզվել-գնացել են ռուսաստաններ...



Հասմիկ Հակոբյան (56 տարեկան, տնային տնտեսուհի) - Ես մինչեւ հիմա զարմանում եմ, թե ինչու Հայաստանը վախենում է մեզ ճանաչել։ Այ ախպեր, որ մի հասարակ անկախություն ճանաչելուց վախենում ես, վաղը եթե կռիվ լինի, ի՞նչ ես անելու։ Ինչո՞ւ պիտի մեր անկախությունը ճանաչելուց վնաս լինի։ Եթե դրանից մի վնաս լինի, դա մեր հարեւան թուրքերի համար է լինելու։ Դրանք վերջապես հասկանալու են, որ մենք տղամարդ ենք, մինչեւ վերջ կանգնած ենք լինելու մեր դիրքերում։ Մի քիչ ոռնալու են, կաղկանձելու են եւ կամաց-կամաց ձեռ քաշեն մեզնից։ Բայց այսօր երբ տեսնում են, որ մենք չենք ուզում տեր կանգնել մեր հողին, նույնիսկ չենք ուզում վերաբնակեցնել մեր տղաների արյամբ ներկված հայկական տարածքները, իրենք են ուզում տիրանալ այդ ամենին։



Մ. Հովսեփյան (պետական ծառայող) - Վախկոտը միշտ մի բան ճարում է, որ արդարացնի իր վախկոտությունը, անճարակը մի պատճառ է որոնում, որ արդարացնի իրեն։ Նույնը կատարվում է այսօր։ Երեւանյան քաղաքական գործիչներն ասում են, թե իբր այսօր աննպատակահարմար է ՀՀ կողմից Ղարաբաղի անկախությունը ճանաչելը, որ իբր դրանով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացը տապալելու ենք։ Մի հարցնող լինի այդ «քաղաքագետ-դիվանագետներին». այ ողորմելիներ, հօգուտ մեզ, հօգուտ հայ ժողովրդի այդ ի՞նչ եք առաջ գցել ԵԱՀԿ-ում ու այդ բանակցություն կոչվածում, որ վախենում եք կորցնել։ Թող Ադրբեջանը կառչի այդ ԵԱՀԿ-ից ու Մադրիդյան սկզբունքներից, որովհետեւ այնտեղ ամեն ինչ միայն նրանց օգտին է։ Այս ողջ աղմուկն էլ նրա համար են բարձրացնում, որովհետեւ այնտեղ 80-90 տոկոսն իրենց օգտին է, իսկ իրենք 100 տոկոս են պահանջում։ Հայաստանի կողմից մեր անկախությունը ճանաչելը միայն օգուտ կտա մեր ընդհանուր գործին։



Հայկ Ավանեսյան (28 տարեկան) - Հայաստանը մեզ ճանաչի կամ չճանաչի, իմ կարծիքով այնքան չի կարող օգնել ղարաբաղյան խնդրի լուծմանը, որքան այն, որ մենք վերաբնակեցնենք ազատագրված տարածքները, բնակչության թիվը կրկնապատկենք ու եռապատկենք, երիտասարդների ապագայի հետ կապված հարցերը, սոցիալական եւ մյուս բոլոր խնդիրները լուծենք, որպեսզի այստեղից ոչ թե գնան Ռուսաստան, այլ դրսից մեր հայրենակիցները գան, ու հզորացնենք մեր երկիրը։ Գործն է կարեւորը։



Ս. Միրզոյան (75-80 տարեկան կենսաթոշակառու) - Ես մի բան ասեմ Ձեզ։ Կարծում եք միայն Ադրբեջա՞նն է մեղավոր, որ այն տարիներին Ղարաբաղը քիչ էր մնում դատարկվեր։ Ո՛չ։ Ամենից առաջ Հայաստանի անտարբերության պատճառով է այդ ամենը կատարվել։ Չհաշված 1988-1994 թվականների պատերազմական հերոսական տարիները, այսօր եւս պատմությունը կրկնվում է, որովհետեւ նորից գլուխ է բարձրացրել հայի վախկոտությունը, կասկածամտությունը, միայն անձնականի մասին մտածելու սովորույթը։ Ասում են՝ ի՞նչ եք ուզում, սա էլ հո մենք չե՞նք անում, ղարաբաղցի ձեր պրեզիդենտներն են անում։ Բայց դա ճիշտ չէ։ Ղարաբաղցի լինի թե գերմանացի կամ ճապոնացի, մարդ երբ իր երկիրը թողնում-գնում, մի այլ երկրում պաշտոնյա է դառնում, նա դառնում է նրանցից մեկը, որտեղ գտնվում է։ Դրա համար երեկ ասում էր, թե Աղդամը մերը չէ, վաղն էլ ասելու է, թե Հադրութ-մադրութն էլ էդ տարածքների հետ տանք պրծնենք։ Քիչ մարդիկ են կարողանում հայրենիքի մասին մտածել, մնացածի համար ամենաքաղցր բանը աթոռն է...



Արթուր Հարությունյան (ուսանող) - Մինչեւ Հայաստանը չճանաչի մեզ, աշխարհի ոչ մի երկիր երբեք չի ճանաչելու մեր պետությունը։ Նրանց փոխարեն ես էլ այդպես կվարվեի, կասեի՝ եթե ձեր Հայաստանը չի ուզում ճանաչել ձեզ, ինչո՞ւ պիտի մենք ձեզ ճանաչենք, ուրեմն ստից պետություն եք։ Եթե Հայաստանը մեզ ճանաչի, դրանից ոչ թե վնաս չի լինելու, այլեւ ավելի իրական երաշխիքներ կստանանք, որ ղարաբաղյան խնդրի լուծումն ի վնաս մեր երկրի չի լինելու, ինչպես հիմա են փորձում դա անել։



Վարդգես ՕՎՅԱՆ

Ստեփանակերտ