Լացեց, ասեց` սա վերջն ա, էլ չենք հանդիպելու

Լացեց, ասեց` սա վերջն ա, էլ չենք հանդիպելու
Վանաձորցի Սլավիկ Ոսկանյանին ձերբակալել էին հոկտեմբերի 7-ին, նրան մեղադրում էին Սվետլանա Կազազյանի սպանության եւ Աստղիկ Աղաբեկյանի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մեջ: Հոկտեմբերի 24-ին նա կասկածելի հանգամանքներում  մահացավ կալանավայրում՝ ինքն իրեն թուք էր ներարկել եւ ոտքի գանգրենայից մահացել։ Մինչեւ մահանալը նա հասցրել է նամակ ուղարկել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, որտեղ պատմել է ոստիկանությունում իր նկատմամբ կիրառված հոգեբանական ճնշումների ու սպառնալիքների մասին։ Մենք հանդիպեցինք մահացած Սլավիկ Ոսկանյանի կնոջ՝ Շուշանիկ Ոսկանյանի հետ, որը մանրամասն պատմեց, թե ինչ է տեղի ունեցել ամուսնու ձերբակալությունից հետո:



«Առաջին տեսակցությունը տեղի ունեցավ ոստիկանապետի կաբինետում, ամեն ինչ նորմալ անցավ, սկզբում ամուսնուս տրամադրությունը ոնց որ թե տեղն էր, ինչ-որ հույս դեռ ուներ, ես իրան ասեցի, ասի՝ ես գիտեմ, որ այդ հանցանքը դու չես արել, ասեց՝ դու ճիշտ գիտես, դա ես չեմ արել, ինքը դա չէր էլ կարող անել, ինքը սպանության օրը այդ ժամերին տանն է եղել, ամբողջ ժամանակ իմ աչքի առաջ է եղել։ Հալաբյան փողոցի վրայի ավազակային հարձակումը, ասեց՝ ես եմ արել, բայց երբ որ Սաքունցի հետ հանդիպել են, ասել ա, որ պայուսակը վերցրել է, բայց էդ կնոջը մատով չի կպել։



Ինքը էդ օրը շատ ուշ ժամի իր ընկերոջ հետ դուրս եկավ ու էլ տուն չեկավ,հաջորդ օրը առավոտյան եկան ասեցին, որ իրեն բռնել են՝ ինտերնետ ակումբից, մենք սկզբում չէինք էլ հասկանում, թե ինչի համար են բռնել, որովհետեւ դա շատ անսպասելի էր, միեւնույն ժամանակ եւ սպանություն, եւ հարձակում։ Ինքը հոգեպես առողջ մարդ էր, ուղղակի մի քիչ շատ էր կլանված ինտերնետով։ Մյուս տեսակցության ժամանակ ինքը կարծես հուզված էր, բայց աշխատում էր թաքցներ, որ մենք չհուսահատվեինք, կամ էլ ինքն իրեն մի քիչ հույս էր տալիս։ Երրորդ հարցաքննությանը, երբ իրեն բերդ էին տանում, ինքը լացեց, ասեց՝ սա արդեն վերջն ա, ես էլ չեմ գալու, ու էլ չենք հանդիպելու իրար։ Ինձ ուղիղ ասեց, որ՝ ինձ վախացրել են, դրա համար էլ ես վերցրել եմ իմ վրա։



Ես դրանից հետո բողոք գրեցի դատախազին, որովհետեւ քննիչները իմ վրա էին ճնշում գործադրում, ասում էին, որ ծնողական իրավունքներից կզրկենք, մինչեւ գնաս տուն, կարող ա երեխեքիդ արդեն մանկատուն տարած լինենք, ասում էին՝ հանցանքը թաքցնում ես, դառնում ես հանցակից, կտանենք կդատենք, մի 2 տարի զոնում կնստես, երբ դուրս կգաս, նենց կանենք, որ երեխեքիդ տեսնելու համար գնաս մանկատուն տենաս: Դա հոկտեմբերի 12-ին էր, ժամը երեկոյան 7-ից մինչեւ առավոտյան 4-ը ես միլիցիայությունում էի։ Ցուցմունք տալուց ես ամեն ինչ ասում էի նենց, ոնց որ կար, բայց իրանք չէին հավատում։



Ամուսինս, որ զանգեց, ասում էր, որ շատ վատ եմ, ոտս շատ վատ վիճակում է, չեմ կարողանում քայլեմ, ինձ ձեռների վրա տանում են զուգարան, բերում, ասում ա՝ դատախազը եկավ-տեսավ ինչ վիճակի եմ, ասաց՝ ինչ ուզում ես եղի, քեզ «ցեբե» տեղափոխող չկա: Ինձ խնդրեց, որ մի բան անեմ, ասեց՝ շատ եմ վատ։ Իրանք էս ամենը սարքեցին ու, իմ կարծիքով՝ իրանք թաքցնում են իսկական մեղավորին, կամ էլ իրանց ձեռնտու էր մի հատ խեղճ ու կրակ մարդ գտնել ու վրան ջարդել, դրանով համ իրանց աստղերը կավելանան, համ էլ գործը փակ չի մնա։



Ինքը իրա ոտքի մեջ որ բան էր սրսկել, դա արել էր նրա համար, որ իրա գլուխը փրկեր այդ բանտից, որ իրան ուղարկեին «ցեբե», որտեղ ինքը ծանոթներ ուներ ու որտեղ կկարողանար ապրել, նա ինքնասպանություն չէր անի, ինքը այդ մարդը չէր։ Ինքը շատ էր սիրում ապրել, նա այդ բանը չէր անի։ Գոնե հանուն իր չորս երեխաների չէր անի: Ինքը մասնագիտությամբ շինարար էր, Հայաստանում աշխատանք չէր գտել, որոշել էր գնալ Ռուսաստան՝ զանգի էր սպասում:



Ամուսնուս որ հարցրի-ասի՝ ինչի՞ ես «02»-ի կամերայի առաջ խոսել, նախ ասեց՝ 3 սուտկա ականջիս տակ խոսում էին, որ սա սենց ես արել, նա նենց ես արել, ասում ա՝ ուզես-չուզես անգիր ես անում։ Հետո ասին, թե՝ եթե հիմա դու չվերցնես հանցանքը, հենա մեքենան գալիս ա, կհրեմ քեզ կգցեմ մեքենայի տակ, կասենք հանցագործը փախնում էր, ընկավ մեքենայի տակ։ Նախկինում էլի էր դատվել, մի անգամ անչափահաս ժամանակ գողության համար, երկրորդ անգամ իրա զենքից մարդ էին սպանել, երրորդ անգամն էլ իբր ինքն էր դանակահարել պասպորտ-սեղանի վարիչին։ Բայց ինչքան հասկացա, ամեն անգամ ինքը ինչ-որ մեկի հանցանքը վերցրել, գնացել-նստել ա։



Քննիչին ասում եմ՝ եթե էդ մարդը տանն ա եղել, ես ո՞նց կարամ ասեմ տանը չի եղել։ Եթե ինքը նման բան արած լիներ, նախ կհարբեր, կներվայնանար, բայց լրիվ հանգիստ վիճակում եկավ տուն, տրամադրությունը նորմալ էր, մարդ սպանածը չէր կարող հանգիստ լինել»։