Կեղծ 10 հազարանոցների սիրահարները ձերբակալվել են

Կեղծ 10 հազարանոցների սիրահարները ձերբակալվել են
Հունվարի 16-ի երեկոյան Արենի գյուղի խանութի վաճառողուհին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում էր տվել, որ ժամը 21.00-ի սահմաններում «Ինֆինիտի» մակնիշի սպիտակ գույնի ավտոմեքենայի ուղևորը խանութից գնումներ էր կատարել՝ վճարելով 10.000 դրամանոց կեղծ թղթադրամ: Ոստիկանների ձեռնարկած գործողությունների շնորհիվ, Արփի գյուղից դուրս գալու պահին նշված ավտոմեքենան կանգնեցվել էր և վարորդն ու երկու ուղևորները բերման էին ենթարկվել բաժին:



Ինչպես հաղորդում է ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունը, պարզվել է, որ հունվարի 16-ին նույն ավտոմեքենայի վարորդ Վ. Բաղդասարյանն ու ուղևորներ Է. Մելքոնյանը և Վ. Ասլանյանը ավտոմեքենան 2.000 դրամի բենզին լիցքավորելու համար երկու բենզալցակայանների աշխատակիցներին վճարել են 10.000 դրամանոց կեղծ թղթադրամներ: Պարզվել է նաև, որ նրանք նույն օրը Արենի գյուղում գտնվող գինու տաղավարից գնել են 2.000 դրամի գինի, որի դիմաց դարձյալ վճարել են 10.000 դրամանոց կեղծ թղթադրամ: