«Տրի դե» կամ ակնոց կա, պանրիկ` նիխտ

«Տրի դե» կամ ակնոց կա, պանրիկ` նիխտ
«Զինվեք տրի դե ակնոցներով»,- հորդորում է «Հասիկոն» ու  նրբագեղ տոտիկով անցում կատարելով եռաչափ հարթություն, հավանաբար մոռանում «տրի դեն» էլ, «պյած դեն» էլ, իսկ ողջ Հայաստանն ընկնում է կրակը: Նարինե Սուլթանյանը երեւի չի էլ կասկածում, թե մեր գլխին ինչ օյին բերեց նախ` չորս բառից երեքը սխալ ասելով, եւ երկրորդ՝ հրահրելով գրեթե անհնարին բաների: Ենթադրում ենք, որ հայերենում «երեք» կամ «եռաչափ» բառերը գոյություն չունեն, եւ ռուսերենը անհամեմատ հարուստ լեզու է:



Նաեւ հասկանում ենք, որ «ակնոցներ» ասելով` «Արմենիա թիվին»  ամենայն հավանականությամբ նկատի ունի «ակնոց» անունով իրը: Հիշեցի, որ հարազատներիցս մեկի երեխան, նկատի ունենալով շան երկու աչքերը, արտասանելիս ասում էր. «Շունս ունի մի զույգ աչեր, աչեր»: Հեռուստաալիքի քերականական ընտրությանը մոտենում ենք ըմբռնումով, քանի որ բացահայտեցինք դրա տրամաբանությունը:



Ենթադրություններից անցնում ենք գործողությունների` ոտնատակ տալով  քաղաքի խանութները` «տրի դե ակնոցներով զինվելու» բարի մտադրությամբ: Տասը-տասնհինգ խանութ, կրպակ ու սուպերմարկետ գրոհելուց հետո պանրիկներով զինվելու, ներողություն, ակնոցով զինվելու միանգամայն բարի մտադրությունը փոխարինում ենք հերթական «չունենք» հայտարարող խանութի ապակիները կոտրելու չար մտադրությամբ:



Մտքում հաշվարկում ենք, որ եթե ուզում ենք կոտրել քաղաքի բոլոր խանութների ապակիները, ապա մի շաբաթը չի բավարարի, բացի այդ, մեկ-երկու նման փորձից հետո ստիպված կլինենք կոտրել ոստիկանական բաժանմունքի ապակիները: Իսկ այս հարցում ոչ մի մեղք չունեցող ոստիկաններին ցրտահարելը մեր մտադրությունների մեջ չի մտնում: Եթե կոտրենք ընդամենը մի քանի «չունեւոր» խանութի ցուցափեղկեր, անարդար կլինի, իսկ մեր նպատակը հենց արդարություն հաստատելն է:



Պուտինի ասած` առանց պայքարի չկա հաղթանակ, ու չհանձնվելով՝ օգնության խնդրանքով դիմում ենք ավելի ջահել «տրի դե» էնտուզիաստների, ավելի կոնկրետ` տասներեքամյա Արային: Արան արշավ է կազմակերպում Վեդի քաղաքի խանութներով մեկ, ինչպես մենք մինչ այդ` Երեւանում: «Տրի դե» արկածային օրագիր պահելու դեպքում կարելի էր գրել` «Օր երկրորդ` փնտրտուքը հանձն է առնում Արան: Պանրիկ կա, ակնոց` նիխտ»: Բայց  ճիշտ անձանց դիմելու ժուռնալիստի բնազդն ինձ չի խաբել` «հինգ օր անց Արան ակնոց է գտել», ներողություն, ուզում էի ասել` գնել է չգիտես ումից ու չգիտես ինչպես կամ` «ակնոց կա, պանրիկ` նիխտ»:



Այ քեզ ակնո՜ց` իսկական հրաշքների աշխարհ տանող բանալի:  Սպիտակ թղթից, մի ապակին կարմիր, մյուսը` կանաչ: Վրան էլ հպարտ-հպարտ մուգ սեւ տառերով գրված` «տրի դե» ու անգլերենով գովասանք: Մի խոսքով, հասնում է բաղձալի ժամը, երբ պիտի ոտքս ոտքիս գցած՝ վայելեմ եռաչափ մուլտֆիլմը` «Արեւելյան ճեպընթաց» ինձ, «Արեւելյան էքսպրես» «Արմենիա թիվիի» համար:



Թղթից ակնոցը ծռմռելով՝ մի կերպ տեղադրել եմ ականջներիս ետեւում ու աղոթում եմ, որ այդ պատասխանատու պահին հյուր-մյուր չգա, թե չէ կանաչ-կարմիր աչքերով ինձ տեսնելիս կվախենան, բացի այդ, այնքան սարսափելի տեսք ունեմ, որ գժի տեղ կդնեն: Ակնոցն այնպես համառորեն է ծռմռվում, որ լարվում եմ, որ ուղղեմ, ու ոտքս ինքնաբերաբար իջեցնում եմ մյուս ոտքիս վրայից: «Փաստորեն, ամեն ֆիլմի համար նոր ակնոց է պետք ձեռք բերել, սրանք  ադնառազըվի են», մտածում եմ ինքս ինձ ու դեռ գլխի չեմ ընկել, որ էլ ոչ մի ակնոց էլ չեմ գնելու, որովհետեւ ֆիլմը սկսված է, ակնոցը դրել եմ ու… ոչինչ էլ չի փոխվում: Ի՜նչ միաչափ ֆիլմ, ի՜նչ երկչափ եւ առավել եւս՝ ի՜նչ «տրի դե»:



Հոգոց եմ հանում ու գոհունակությամբ նկատում, որ լավ է գոնե, որ ակնոցի վրայի «գովասանքն» անգլերենով է, ու միայն ինձ նման հիմարը կարող է հասկանալ, թե ինչ է գրված` «Մաքուր, պարզ եւ հստակ»:



Աստղիկ ՍԱՐԳՍՅԱՆ