Պատերազմն ու մենք

Պատերազմն ու մենք
Կրկին սահմանին խաղաղ չէ, եւ կրկին լուրեր ենք ստանում զոհերի մասին: Հակամարտությունը լուծվելու փոխարեն՝ նոր սրացումներ է արձանագրում: Պատերազմն ըստ էության շարունակվում է՝ չնայած 1994-ին հաստատված հրադադարին: Մենք, փաստորեն, 20 տարի շարունակ ապրում ենք պերմանենտ պատերազմի պայմաններում, որ հեշտ չէ: Հեշտ չէ պետության եւ հասարակ մարդու տեսանկյունից: Նման իրավիճակներում հայտնված պետություններն ու ժողովուրդները մեծ ռեսուրսներ են վատնում, բոլոր ուժերը մոբիլիզացնում ռազմաճակատի համար եւ գոյատեւում մի հույսով՝ որ ինչ-որ ժամանակ այդ ամենն ավարտվելու է, եւ գալու է խաղաղության, ստեղծագործելու, վայելելու, բազմանալու, զարգանալու ժամանակը: Պայմանական խաղաղության կամ տեւական հրադադարի խաբուսիկ իրավիճակը քայքայող, մաշող վիճակ է՝ վտանգավոր մեր երկրի ու մեզ բոլորիս համար: Մեր երկիրն ու նրա տնօրինած ռեսուրսներն ի վիճակի չեն այդ իրավիճակում բնականոն գործել եւ զարգացում արձանագրել: Մեր հասարակությունն էլ ի վիճակի չէ մարդկային կորուստներ կրել, պատերազմի բերած հոգեբանական խնդիրները հաղթահարել ու միաժամանակ առաջ շարժվել: Ի՞նչ անել, որ այս իրավիճակն ավարտվի, ու սկսվեն ապրելու եւ արարելու օրերը: Ինչպե՞ս անել, որ կորուստները չմեծանան, հասարակությունը չարնաքամվի եւ չչարանա: Չէ որ կյանքը կարճ է, եւ ամեն սերունդ իրեն հատկացված ժամանակը պետք է ռացիոնալ օգտագործի՝ ի շահ պետության եւ ի բարօրություն սեփական ես-ի: Բանն այն է, որ մենք հաճախ չենք տեսնում տարբեր երեւույթների փոխկապակցվածությունը: Ասենք՝ մեր չապրած կյանքի եւ շարունակվող պատերազմի միջեւ կապը մեզնից քանի՞սն են արձանագրում: Իսկ մեզնից քանի՞սն են մեղադրում իշխանություններին պատերազմի հարատեւման մեջ: