Մամուլի դերը

Մամուլի դերը
Ի՞նչ է մամուլը, որի մասին այդքան խոսում են շուրջբոլորը: Արդյո՞ք դա այն փրկօղակն է, որի գոյությամբ է պայմանավորված ցանկացած պետության առաջընթացը, ինչպես պնդում են միջազգային կառույցները: Գուցե դա այն չարի՞քն է, որից այնքան բողոքում են հայաստանյան պաշտոնյաները, եւ որը խանգարում է նրանց «ազատ ու անկախ» կյանքին: Իսկ գուցե դա բամբասանքի, ստի ու կեղծիքի տոպրակ է, պատվերներ կատարելու, մարդկանց զրպարտելու ու վիրավորելու միջո՞ց, ինչպես հայտարարում են մամուլից «վառված» քրեաօլիգարխիկ տարրերը: Հնարավոր է՝ այն ընդամենը «գոլորշի բաց թողնելու» միջոց է, ինչպես պնդում են քաղտեխնոլոգները եւ հորդորում իշխանություններին հանդուրժել այն: Իսկ գուցե զվարճության, հանգստի ու զբաղմունքի ձե՞ւ է, առանց որի տխուր կլիներ մեր կյանքը: Ոմանք մամուլին այլ՝ շատ ավելի մեծ դերակատարում են վերագրում: Ասում են՝ այն չորրորդ իշխանություն է, սակայն երբեմն պահանջներն ավելի մեծ են, քան մյուսներից: Ո՞ր պատգամավորին են քարկոծում տգիտության ու ոչ պրոֆեսիոնալիզմի համար: Ո՞ր չինովնիկին են մեղադրում «փող աշխատելու» մեջ: Ո՞ր դատավորին են դատապարտում սխալ ու թերի վճռի համար: Իսկ մեզ՝ լրագրողներիս, կարող են մի սխալ լուրի համար գամել անարգանքի սյունին, մի վրիպումի համար մեղադրել անգրագիտության մեջ, իսկ ինչքան շատ են խոսում «պատվեր կատարելու», էլ չենք խոսում դատ ու դատաստանների մասին, որոնք այնքան հաճախացել են մեր կյանքում: Ամեն դեպքում, կյանքն առանց մամուլի, երկիրն առանց թերթերի, մարդիկ առանց խոսքի ազատության չեն կարող գոյատեւել: Այս իրողության հետ ստիպված են հաշտվել ոչ միայն մեզնից դժգոհ ու մեզ ատող չինովնիկները, այլեւ այն մարդիկ, որոնք երբեւէ թերթ չեն կարդում եւ թերթերի գոյությունը չեն կարեւորում: