Բարե´ւ, երկի´ր

Բարե´ւ, երկի´ր
Ապարանի տարածաշրջանի Արագած գյուղում է բնակվում երգասաց, երգահան, բանահավաք, նախկին ազատամարտիկ Ժորա Գրիգորյանը: Արդեն 40 տարի իր նախնիներից լսածը մշակում, հղկում ու մատուցում է տարբեր բեմերից: Հաղթող է ճանաչվել ազգագրական երգի բազմաթիվ փառատոններում: Ունի բազմաթիվ պատվոգրեր, մրցանակներ:



«Մշակույթի հետ առնչվող յուրաքանչյուր մարդ սնվում է այն հողից, որից ինքը ծնունդ է առել, այն մարդկանցից, որոնք արարել են այդ հողը, եւ հենց այդ հողի ու մարդու մասին պետք է երգեր հյուսի: Նրանց մեջ կորուսյալ երկրի կարոտն է թշշում: Այն փոխանցվել է սերնդե սերունդ, եւ ամբողջ կյանքիս նպատակն է եղել այն պահել-պահպանել ու անաղարտ փոխանցել հաջորդ սերունդներին»,- ասում է Ժորա Գրիգորյանը:



Պատանեկության տարիներին ուսանել է մայրաքաղաքի երաժշտական հաստատություններից մեկում, սակայն զորացրվելուց հետո մեկընդմիշտ կապվել է ծննդավայրի հետ: Հիմնել ու ղեկավարել է ազգագրական «Կանթեղ» համույթը: Հայրենի գյուղի արվեստի դպրոցում ազգագրական երգի ու պարի համույթն է ղեկավարել: Շուրջ 300 երգ ու խաղիկ է փրկել ու պահպանել նա:



Տարբեր բեմերից հնչել ու մեծ ժողովրդականություն են վայելում նրա հանրահայտ «Բոբիկ ջուր մի էրա», «Յարս խորոտիկ է», «Իմալ էնիմ», «Ապարան» եւ շատ ու շատ այլ հայտնի երգեր:



Մայիս ամիսն էր, տասնութ թվական,



Հայոց ազգի համար ժամ օրհասական,



Էսադ փաշեն տվեց այսպես հրաման,



Կոտորել Ապարան, անցնել Երեւան:



Ինչպես հեղինակն է ներկայացնում, այս երգի գաղափարն իր մոտ առաջացել է դեռեւս 1975թ.: Երգն առաջին անգամ հնչել է 1998թ., Ապարանի հերոսամարտի 80-ամյակի հոբելյանական օրը: Երգը սեղմ պատմություն է, որը յուրովի ներկայացնում է Ապարանի հերոսամարտը` ներդաշնակ բառուբանով, խրոխտ երաժշտությամբ:



Երգասացն այսօր էլ սիրով համագործակցում է «Ակունք», «Մարաթուկ» ազգագրական համույթների, «Սայաթ-Նովա» աշուղական դպրոցի, անհատ կատարողների հետ: Իսկ «Բարե՛ւ, երկի՛ր» երգը, որ անմիջապես լայն մասսայականություն գտավ իր բնական պարզությամբ, կատարման ձեւով, սկսվում է Ժորայի «բարեւով»:



Մայրաքաղաքից հեռու, ապրելով իր ծննդավայրի հոգս ու ցավերով, հայ շինականը երգի իր աշխարհն ունի: Երգ, որն արդեն միայն իրենը չէ, երգ, առանց որի շատ բան կպակասեր, երգ, որի արձագանքը դեռ հնչում է Մշո դաշտում ու պիտի հնչի Արագած գյուղում: Հիմա եւ միշտ:



Նորայր Գրիգորյան