Ինչո՞ւ ենք հայտնվել այս գորշ իրավիճակում

Ինչո՞ւ ենք հայտնվել այս գորշ իրավիճակում
Երբ պատերազմի բովով անցածներն անցնում են իշխանության գլուխ, դա ամենավտանգավորն է: Իշխանության մեջ ներմուծում են ամեն գնով հաղթելու, ճնշելու , պատժելու պատերազմական դաժան գործողությունները: Նման փաստի առաջ կանգնեց Հայաստանը, երբ Ռոբերտ Քոչարյանը, այնուհետ Սերժ Սարգսյանն անցան իշխանության գլուխ: Քոչարյանի նախագահության ողջ շրջանը պայքար էր ժողովրդի դեմ: Ստեղծել էր այնպիսի պատժիչ  համակարգ, որ առանց աչք թարթելու ոչնչացնում էր դիմադրողին: Ինքը կռվող էր ու սեփական ժողովրդի դիմադրությունը համարում էր թշնամու դիմադրություն եւ ամեն գնով՝ խորամանկությամբ, խաբեությամբ, կոտրում էր այդ դիմադրությունը: Քաղաքական դաշտը նմանեցնելով պատերազմական դաշտի, ամբողջովին կազմալուծման ենթարկեց. կուսակցությունները փշուր-փշուր արեց, ամեն տեղ թշնամի էր փնտրում ու տառապում էր յուրայնացման խնդրով: Մարտի 1-ը եղավ պաշտոնապես հայտարարված պատերազմը ժողովրդի  դեմ: Նույնը՝ գործող նախագահը: Արցախյան պատերազմում իր ունեցած փորձը նա նույն հաջողությամբ ներդնում է իշխանության մեջ: Հաղթանակի հասնելու համար ոչինչ չի խնայում: Պատերազմական դաշտին յուրահատուկ են խորամանկությունը, խաբեությունը, նենգությունը...  Դրանք գործի դրվեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ երկխոսության բանակցությունների շղարշի տակ: Մակեդոնիայի թագավորին լեգատ Լուցիոս Մարցիոսը հաղթեց հենց Ս. Սարգսյանի ռազմավարությամբ. իր զորքը մարտական պատրաստության բերելու համար խաղաղ բանակցություն ձեռնարկեց, եւ խաբված թագավորը, զինադադար կնքելով, ժամանակ ու հնարավորություն տվեց, որպեսզի թշնամին զինվի ու նախապատրաստվի, որն ի վերջո հանգեցրեց Մակեդոնիայի թագավորի լիակատար ջախջախմանը: Իրավունք ունե՞ր պաշարված ամրոցի պարետը դուրս գալ այնտեղից՝ հակառակորդի հետ բանակցելու:



Իրավունք ունե՞ր Լ.  Տեր-Պետրոսյանը երկխոսություն սկսել Սերժ Սարգսյանի հետ: Իհարկե ոչ: Բայց առաջին նախագահն այդ հարցին պատերազմողի աչքերով չէր նայել, այլ ընդամենը հավատացել էր, որ իր այդ քայլով ժողովրդի ու պետության համար օգտակար գործ է կատարում: Ու հենց դրանով էլ առաջին նախագահը հնարավորություն տվեց ահագին թուլացած դիրքերով գործող նախագահին սպառազինվել: Եվրոպական ատյանները նախագահի այդ քայլը որակեցին ժողովրդավարական.... շարունակությունը բոլորդ գիտեք: Հենց այդ քայլն էլ պատռեց հորդառատ գետը, ու ջուրը սկսեց հոսել տարբեր ուղղություններով... Առաջին նախագահը խորաթափանց, բանիմաց է, բայց սեփական ժողովրդի դեմ պատերազմող չէ... Իսկ քաղաքական մյուս խաղերը՝ գործող նախագահի կողմից, պատերազմական խորամանկություններ ու ռազմավարություններ են:



Ինչքա՞ն կարելի է պղտորել քաղաքական դաշտը, ապակողմնորոշել, խաբել ժողովրդին, կարեւոր չէ, թե որ քաղաքական գործչի մասնակցությամբ, որովհետեւ այլեւս «չփչացած քաղաքական գործիչ» չի մնացել...  Ժողովուրդն այլեւս ընդդիմություն չի տեսնում, իսկ դա շնորհիվ երկրորդ եւ երրորդ նախագահների քրտնաջան պատերազմական աշխատանքների: Հիմա իշխանությանն անհրաժեշտ է ուժեղ ընդդիմություն, իսկ այդպիսին չկա, որովհետեւ քաղաքական խորամանկ պատերազմը բոլորին թուլացրել է, բայց դա էլ կարեւոր չէ, իրենց միջից կստեղծեն, ու կսկսվի ճահճացումը... Իսկ ճահճից միայն փախչում են կամ... խորտակվում:



Ցավում եմ, բայց Հայաստանում ներքաղաքական պատերազմական իրավիճակ է: Պատերազմ է հայտարարված ժողովրդի դեմ: Ժողովուրդը խորհրդարանական այս ընտրություններին չգիտեր նույնիսկ՝ կա՞ ընդդիմություն, նա խորհրդարան ընտրեց՝  դույզն իսկ պատկերացում չունենալով գալիք կառավարության ծրագրի, իրականացնողների մասին: Եվ առայսօր, ընտրությունների ավարտից հետո, շատերն են հարցնում՝  Ծառուկյանը, Րաֆֆին ինչո՞ւ խաբեցին ու ընդդիմություն խաղացին... Այս քաղաքական գործիչները որոշակի հեղինակություն ունեին ժողովրդի մոտ, ինչո՞ւ նրանց էլ գրողի ծոցն ուղարկեցին: Ինչո՞ւ Լ. Տեր-Պետրոսյանին նույնպես պիտակավորեցին մնացածի պիտակներով... Եվ հիմա մեղադրել անորոշության մեջ խարխափող ժողովրդին ու ասել, որ նա է այս ընտրության մեղավորը, առնվազն անմտություն է: Ընտրությունը վարվել է պատերազմական, ռազմական դաժան կանոններով, իսկ ժողովուրդն անզեն է եղել: Դա՛ է պարտության պատճառը:



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ