ԿԸՀ-ն ոչ մի դիմում չի ստացել

ԿԸՀ-ն ոչ մի դիմում չի ստացել
Թեեւ այս օրերին մամուլում ակտիվորեն քննարկվում են մանդատներից հրաժարված եւ պոտենցիալ հրաժարվող թեկնածուների անուններ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռեւս ոչ մի ինքնաբացարկի դիմում չի ստացել: Այդ մասին մեզ հայտնեց ԿԸՀ մամուլի խոսնակը: Հիշեցնենք, որ մամուլում գրվել էր, որ մասնավորապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից  20 հոգի մանդատից հրաժարվելու դիմում են գրել: Մանդատից հրաժարվելու մասին օրերս հայտարարություն արեց նաեւ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը հրապարակավ հրաժարվեց իր մանդատից, որ ԱԺ գնա Հրանտ Բագրատյանը: Բայց, փաստորեն, պաշտոնապես դեռ ոչ ոք չի հրաժարվել իր մանդատից: Երեկ նույնիսկ ՕԵԿ-ը հրապարակեց նոր ԱԺ-ում իր խմբակցության կազմը՝ Հեղինե Բիշարյան, Խաչիկ Հարությունյան, Մհեր Շահգելդյան, Իշխան Խաչատրյան, Սամվել Թադեւոսյան եւ Կարեն Բոթոյան: Ինչը նշանակում է, որ ՕԵԿ ցուցակի անցողիկ տեղերում փոփոխություններ են եղել: Որոշ մարդիկ, այդ թվում նախարարներ Արմեն Երիցյանը եւ Սերգո Կարապետյանը, իրենց տեղը զիջել են վերոնշյալ անձանց: Ըստ լուրերի, խորհրդարան գնացող ԲՀԿ-ականների կազմը եւս էականորեն տարբերվելու է ԲՀԿ սկզբնական ցուցակից: Մասնավորապես, նշվում են ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի, ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի, ԲՀԿ ընտրացուցակի 14-րդ համարը զբաղեցնող Արամ Սաֆարյանի, Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանի, ԱԺ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի եւ այլ անձանց անուններ, որոնք, փաստորեն, դեռ դիմումներ չեն գրել: