Շրջանակն ընդլայնվել է

Շրջանակն ընդլայնվել է
Ինչո՞ւ այս ընտրություններից հետո բողոքի ալիք չբարձրացավ: Չէ՞ որ 1995-ից սկսած՝ բոլոր ընտրություններից հետո մարդիկ փողոց են ելել, օրեր շարունակ բողոքի ակցիաներ արել, պահանջել, որ անվավեր ճանաչվեն ընտրությունների արդյունքները: Այս անգամ նման զանգվածային բողոքի տեսարաններ չեղան: Ինչո՞ւ: Անշուշտ, իշխանությունն այս հարցի պատասխանն ունի: Նա ասում է, որ «աննախադեպ մաքուր» ընտրություններ են եղել՝ դա է պատճառը: Սակայն մենք հո գիտե՞նք, որ այդպես չէ: Կամ այնքան էլ այդպես չէ: Կա ուրիշ իրողություն, որն ուզենք թե չուզենք, պետք է ընդունենք: Բանն այն է, որ եթե անցյալում ընտրախախտումների, ընտրակեղծիքների հեղինակները մի խումբ մարդիկ էին՝ հիմնականում ընտրական հանձնաժողովների անդամներ, մասամբ վստահված անձինք եւ այս խմբին հրահանգ իջեցնողները, ապա այժմ ընտրախախտումներն իրականացնող խմբի կազմն ու քանակն է ընդլայնվել: Ըստ էության, մեխանիզմն այնպիսին է, որ դրանց մասնակից է դարձել հասարակության մի հսկա հատված: Ընտրողների մի ահռելի մասը, վերցնելով ընտրակաշառքը, ակամայից ներգրավվել է ընտրակեղծիքների բուն պրոցեսին, ուստի բողոքելու ոչ տեղ ունեն, ոչ ցանկություն: Ընդհանրապես, կոռուպցիայի դեմ պայքարողների հիմնական բողոքը, եթե նկատել եք, այն փաստից է, որ իրենք դրան մասնակից չեն: Եվ կռիվն ուղղված չէ կոռուպցիան արմատախիլ անելուն, այլ «արդարությունը» վերականգնելուն, ինչն ըստ բողոքողների՝ կոռուպցիոն գործընթացներից իր դուրս մնալուն է վերաբերում: Եթե հնարավոր լիներ հասարակության մի մեծ մասին ներգրավել այդ պրոցեսներում, պայքարի անհրաժեշտությունն ու պահանջը կվերանային: Այնպես որ իշխանության հաջորդ ծրագիրը, կարծում ենք, ընտրությունների օրինակելի փորձը մյուս բնագավառներում տարածելը պետք է լինի: