Վլադիմիր Կարապետյան. Կեղծված ընտրությունները չեն նվազեցնելու իմ վճռականությունը` պայքարելու ավելի լավ Հայաստանի համար

Վլադիմիր Կարապետյան. Կեղծված ընտրությունները չեն նվազեցնելու իմ վճռականությունը` պայքարելու ավելի լավ Հայաստանի համար
Հայ ազգային կոնգրեսի անդամ Վլադիմիր Կարապետյանի դիմումը Նոր Նորքի եւ Ջրվեժի բնակիչներին.



«ՆՈՐ ՆՈՐՔԻ ԵՎ ՋՐՎԵԺԻ ՀԱՐԳԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ



Այդպես էի ձեզ դիմում քարոզարշավի ընթացքում, որն իմ կյանքում ամենանշանակալից ժամանակաշրջանը դարձավ: Այս քարոզարշավը հնարավորություն ընձեռեց ինձ ծանոթանալու ձեզանից շատերին, ձեզ ներկայացնելու իմ պատկերացումները` թե երկրի արմատական բարեփոխումների եւ թե մեր համայնքի զարգացման ուղղությամբ:



Անչափ շնորհակալ եմ այն աջակցության համար, որը ստացա ձեզանից, որն արտահայտվեց ոչ միայն իմ օգտին քվեարկությամբ, այլեւ ամենօրյա ջերմ շփումներով: Ինձ համար թանկ է ձեր կողմից ինձ տված յուրաքանչյուր ձայնը:



Մայիսի 6-ին վարչախումբը կատարեց իր հերթական ապօրինությունը` ազատ ընտրությունները վերածելով մի գորշ միջոցառման, որի հիմքում մարդու ազատ կամարտահայտության ոտնահարումն է: Բիրտ ուժով, ընտրակաշառքի պարտադրմամբ ընտրողներին նախ ուղեկցեցին տեղամասեր, ապա ստիպեցին քվեարկել այն ուժի օգտին, որի գործունեության արդյունքում Հայաստանը բոլոր ոլորտներում համատարած նահանջ է ունեցել: Ընտրողներին նաեւ պարտադրեցին ընտրել անձանց, որոնց  մարդկային եւ քաղաքական գործչի որակները, ինչպես, օրինակ, մեր ընտրատարածքում էր, չեն համապատասխանում ժամանակակից երկրի պահանջներին:



Քարոզարշավի ողջ ընթացքում ես հորդորել եմ ընտրողներին ուսումնասիրել թեկնածուների կենսագրությունը, անցած ճանապարհը, չտրվել անհիմն խոստումներին, չընտրել գողի եւ մանր խարդախի հոգեբանությամբ առաջնորդվող անձին: Ցավում եմ, որ, այնուամենայնիվ, պատգամավոր է գրանցվելու իշխող կոալիցիայի հովանավորությունը ստացած մի անձնավորություն, որի գործելակերպը չի տարբերվում նրա շատ ու շատ մականունավոր թիմակիցներից: Այլապես նա չէր հրաժարվի իր քաղաքական անցյալից, իսկ ընտրությունների ժամանակ էլ չէր մտնի Ձեր՝ ընտրողների գրպանը, անվճար օգտվելով պարտադիր վարձավճար պահանջող ծառայություններից, հարկերից խուսափելու նպատակով չէր հայտարարագրի 2 հազար օրինակ թանկարժեք քարոզչանյութեր` այն դեպքում, երբ Նոր Նորքի ավելի քան 20 հազար բնակարան են մտել դրանք:



Հիմա նման որակներով անձնավորությունն ԱԺ-ում բարձրագոչ ելույթներով շարունակելու է մոլորեցնել ժողովրդին եւ նախաձեռնել նորանոր մեքենայություններ: Մարդ, ով հրաժարվում է իր անցած քաղաքական ճանապարհից, վաղը կդավաճանի նաեւ այսօրվա քաղաքական տանիքը: Բայց մի վհատվեք եւ փորձեք աշխատեցնել նույնիսկ մարդու նման տեսակին:



Կեղծված ընտրությունները չեն նվազեցնելու իմ՝ որպես Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցչի վճռականությունը` պայքարելու ավելի լավ Հայաստանի համար: Ես շարունակելու եմ լինել հասանելի բոլորի, հատկապես սիրելի Նոր Նորքի եւ Ջրվեժի բնակիչների համար»:



Ջերմորեն ձեր՝ Վլադիմիր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ