Ընտրությունների գինը Ղարաբաղն է

Ընտրությունների գինը Ղարաբաղն է
Հետընտրական վերլուծությունների շրջանակում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, ով հյուրընկալվել էր «Դեբատ» ակումբում, երեկ անդրադարձավ մայիսի 6-ի ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ եւ ԱՊՀ դիտորդների տված գնահատականին, որի հիմքում «խաղաղ եւ մրցակցային» բնորոշումն է: Թե ինչու չարձանագրեցին խախտումներ եւ ամեն ինչ հարթ գնահատեցին, նշեց. «Որոշում կա, որ պիտի Թուրքիայի սահմանները բացվեն, որոշում կա, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ուղի պիտի բռնի: Այդ երկու որոշումներից ելնելով՝ եվրոքաղաքական պատվեր է իջեցվում. քանի որ ներկայիս իշխանությունը խոստում է տվել, որ սա կանի, եւ քայլեր է անում այդ ուղղությամբ, գնում-գրում եք՝ ամեն ինչ նորմալ է, գալիս-ասում եք՝ այդ երկրում ամեն ինչ նորմալ է»:



Իսկ ինչպե՞ս է լուծվելու Ղարաբաղի խնդիրը, չէ՞ որ խնդրի լուծմանն ընդդիմանում է հատկապես Ադրբեջանը, եւ ի՞նչ զիջումների գնով է բացվելու հայ-թուրքական սահմանը, չէ՞ որ դրան ընդդիմանում է Թուրքիան՝ առաջադրելով նախապայմաններ: «Սահմանները բացվեն առանց նախապայմանների, այսինքն՝ հրաժարվել ցեղասպանության ճանաչումից, պահանջատիրությունից, գնանք մեծ զիջումների: Արձանագրությունները հանված չեն օրակարգից, եթե այնտեղ շարժեցին, իրենք փորձելու են շարժել նաեւ Ղարաբաղի հարցը:



Իմիջիայլոց, նկատենք՝ Հայաստանի համար շատ վատ գործընթացներ են գնում, եթե տեսնենք Արաբական Էմիրություններում կայացած վերջին համագումարը, որին 120 պետություն էր մասնակցում, այնտեղ երկու կետ է գրված, որ Ղարաբաղին է վերաբերում: Մի կետում գրված է, որ անպայմանորեն հարցը շատ արագ լուծել է պետք, որովհետեւ դա սկսել է անվտանգության դեմ բավական լուրջ քայլեր անել թե Անդրկովկասում, թե տարածաշրջանում, դարձել է մեծ խնդիր, որն ի վերջո կարող է պայթեցնել տարածաշրջանը:



Երկրորդը, որ շատ ավելի վատ է, հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ բանակցության ուժի չկիրառում: Այս ընտրությունները դրսի կողմից ճանաչելու գինը Ղարաբաղի հանձնումն է, աշխարհի որոշակի հատված նաեւ դրա մեջ է տեսնում ստատուս քվոն փոխելու գործընթացը, այսինքն՝ իրենք շարունակաբար այն իշխանությանը, որն ավելի պատրաստ է գնալ կոմպրոմիսների, ես չեմ ասում, թե վաղն անպայման Սերժ Սարգսյանը կվազի հանձնելու Ղարաբաղը, բայց որն է ավելի պատրաստ կոմպրոմիսների: Եվ կարող եմ ավելացնել, որ նախորդ խորհրդարանի համեմատ, այսպես կոչված՝ ազգային ուժերը որքան ցածր տոկոս ունեն, կտեսնեք, որ այս ծրագիրը կամաց-կամաց ուղու մեջ է մտնում: Իսկ այդ շարժումը, պետք է ուշադրություն դարձնենք, 120 երկիր է իր մեջ ներառում: Եվ նրանց ուզածն է՝ հարցը լուծել վերջնականապես, այսինքն՝ Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում»,-ասում է Արամ Կարապետյանը:



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ