Իրավազուրկ եւ իրավազանց

Իրավազուրկ եւ իրավազանց
Մի կողմից կոալիցիան չի ձեւավորվում, մյուս կողմից էլ` էս գեյերի խնդիրը: Հասարակությունը բաժանվել է անհաշտ բանակների՝ մի մասը կողմ է ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիային, մյուս մասը դատապարտում է հոմոսեքսուալիստների ակումբները պայթեցնելը: Բայց եթե առաջին բանակը գործում է կուլիսներում ու խիստ գաղտնի, ապա երկրորդ ճակատն անցել է բացահայտ գործողությունների եւ անգամ փողոցային ձեռնամարտերի:



Այսինքն՝ փոխանակ քաղաքական պրոցեսները բաց ու թափանցիկ լինեն, իսկ մարդկանց սեքսուալ կողմնորոշման խնդիրները՝ նրանց անձնական կյանքի գաղտնիքը համարվելով, փակ ու անհասանելի լինեն հանրության համար, ճիշտ հակառակ երեւույթն է նկատվում: Այնպես, ինչպես մեր կյանքում ամեն ինչ է գլխիվայր շրջված: Ինչո՞ւ է առաջին թեման դարձել մի քանի ընտրյալների իրավասության հարց, իսկ երկրորդը՝ հանրության լայն քննարկման առարկա:



Ինչո՞ւ է հանրությունը, այդ թվում՝ կուսակցականների հոծ զանգվածը, հանդուրժում, որ փակ դռների ետեւում մի քանի հոգի որոշեն, թե մեր երկիրն ով է կառավարելու, ինչ ուղիով ենք գնալու, ինչ իշխանություն է ձեւավորվելու: Սա ի՞նչ հայկական «դեմոկրատիա» է, որտեղ անգամ տվյալ կուսակցությունների էլիտան կարծիք հայտնելու եւ տեղեկացված լինելու իրավունք չունի:



Նրանցից շատերն առայսօր չգիտեն՝ գնալու են խորհրդարան, թե ոչ, պաշտոն ստանալու են, թե ոչ: Մյուս կողմից հանրությունն իրեն իրավասու է համարում որոշել, թե մարդն ինչպես տնօրինի իր մարմինն ու կյանքը՝ ում հետ սեքսով զբաղվի, ինչպես եւ երբ: Աբսուրդի հասնող իրավիճակ է, որտեղ մարդը մի կողմից տեղյակ չէ իր տարրական իրավունքների մասին, մյուս կողմից ամեն օր խախտում է իր իրավունքների սահմանները եւ ներխուժում ուրիշի տիրույթ: Չկազմակերպված խառնամբոխին բնորոշ վիճակ: