ԲՀԿ-ն քայլեր է անում կոալիցիա մտնելո համար

ԲՀԿ-ն քայլեր է անում կոալիցիա մտնելո համար
Քննարկումները ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիայի վերաբերյալ կարելի է ավարտված համարել. ԲՀԿ-ն համաձայնել է վերցնել իրեն հասանելիքը եւ մաս կազմել կոալիցիային: Ժամանակ ձգելն արվում է զուտ մարտավարական նպատակներից ելնելով. ԲՀԿ-ն չի ուզում միանգամից եւ կամավոր գերի հանձնվել եւ փորձում է մինչեւ վերջին շունչը դիմադրել եւ ստիպողաբար գերեվարվել: Նման միանշանակ պնդում անելու հիմքը մեր ունեցած այն տեղեկությունն է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հրահանգել է ԲՀԿ համամասնական ցուցակի 9-րդ համարը զբաղեցնող Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանին ինքնաբացարկի դիմում ներկայացնել: Հմայակ Հովհաննիսյանը, իհարկե, կփորձի դիմադրել, չի ուզենա զիջել մանդատը Ծառուկյանին, բայց կհաջողվի՞ արդյոք նրան մինչեւ վերջ դիմանալ ճնշմանը, դժվար է ասել:



Նախ նախագահ Սարգսյանը ԲՀԿ ղեկավարի առաջ շատ կտրուկ պահանջ է դրել. եթե ուզում եք մտնել կոալիցիա, ապա ավելորդ օյինբազությունները պետք է բացառվեն, այսինքն՝ ԲՀԿ քվոտայով խորհրդարան մտնող պատգամավորները պետք է լինեն միանգամայն վերահսկելի: Դա նշանակում է, որ չի կարող ստացվել այնպես, որ ինչ-որ մարդիկ ԲՀԿ համամասնական ցուցակով մտնեն խորհրդարան, հետո հայտարարեն, որ դեմ են ԲՀԿ-ի կողմից իրականացվող քաղաքականությանը, դուրս գան կուսակցությունից, դառնան ընդդիմադիր եւ սկսեն արմատական դիրքերից քննադատել իշխանությանը եւ նախագահին: Որպեսզի նման ֆոկուսները բացառվեն, պետք է հենց սկզբից հրաժեշտ տալ ֆոկուսնիկներին: Ծառուկյանը պետք է խորհրդարան բերի մարդկանց, ում համար իր խոսքն օրենք է, իսկ օրինախախտները պատժվում են ամենադաժան չարչարանքներով:



Բայց սա հարցի միայն մի կողմն է: Կա ավելի խորքային պատճառ, որի պայմաններում Ծառուկյանը չի կարող հանդուրժել Հմայակ Հովհաննիսյանի ներկայությունն իր խմբակցությունում: Ինչպես հայտնի է, խորհրդարանական ընտրություններից առաջ ձեւավորվեց ընտրությունների վերահսկման միասնական շտաբը: Այս շտաբը բավական ընդդիմադիր գործունեություն ծավալեց, իսկ ընտրություններից մի քանի օր անց հանդես եկավ հնարավորինս սուր հայտարարությամբ: Դրանում մասնավորապես ասվում էր. «Միասնական շտաբն արձանագրում է, որ 2012թ. մայիսի 6-ի ԱԺ ընտրություններն անցան համատարած օրինախախտումներով: Միասնական շտաբն արձանագրում է, որ մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանը չի արտացոլում ժողովրդի կողմից քաղաքական ուժերի աջակցության իրական պատկերը»:



Բացի այդ, այս հայտարարության մեջ ֆիքսված է, որ միասնական շտաբը շարունակելու է իր գործունեությունը, ինչը նշանակում է, որ շարունակվելու է ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ համագործակցությունը: Հնարավո՞ր է արդյոք նման գնահատական հնչեցրած կուսակցությունը դառնա իշխող կոալիցիայի մաս: Հնարավոր է, եթե այդ գնահատականն անվավեր ճանաչվի: Իսկ ինչպես կարող են ԲՀԿ-ականներն անվավեր ճանաչել մի հայտարարություն, որի տակ դրված է նաեւ իրենց կուսակցության ներկայացուցչի՝ Հմայակ Հովհաննիսյանի ստորագրությունը:



Պետք է նկատի ունենալ, որ, ի տարբերություն այլ կուսակցությունների, ԲՀԿ-ն ընտրությունների սեփական գնահատական չի տվել, իսկ Հմայակ Հովհաննիսյանն էլ ԲՀԿ անդամ չէ: Նրան ԲՀԿ-ի հետ կապողը կամ միավորողը այդ կուսակցության համամասնական ցուցակի մեջ նրա լինելն է: Ծառուկյանին թվում է, որ եթե ինքը Հովհաննիսյանին զրկի պատգամավորական մանդատից, ապա կկարողանա իր վրայից գցել նաեւ այդ հայտարարության քաղաքական պատասխանատվության բեռը եւ հանգիստ խղճով մտնել կոալիցիա: Քաղաքականության մեջ ամեն ինչ չէ, որ ասվում է բառերով, շատ բաներ հասկացվում են ժեստերով: Ահա Հմայակ Հովհաննիսյանին ԲՀԿ-ից հեռացնելը կլինի այն ժեստը, որը ցույց կտա, որ ԲՀԿ-ն դադարեցնում է իր կիսաընդդիմադիր գործունեությունը եւ հարմարավետ տեղավորվում կոալիցիայի մեջ:



ՀԳ - Վերջերս լուրեր տարածվեցին, թե ինքնաբացարկի դիմում է մտադիր ներկայացնել նաեւ ՀՅԴ համամասնական ցուցակի երկրորդ համար Արմեն Ռուստամյանը: Ռուստամյանն էլ միասնական շտաբում ներկայացնում էր ՀՅԴ-ն, եւ նրա ինքնաբացարկը տեղավորվում է այս նույն սցենարի մեջ: ՀՅԴ-ն, իհարկե, կոալիցիա չի մտնի, բայց թաքուն կհամագործակցի իշխանության հետ:



Արմեն Ռուստամյանի ստորագրած հայտարարության մեջ կան այսպիսի տողեր. «Ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբը շարունակելու է համատեղել ջանքերը երկրում ստեղծված արատավոր ընտրական համակարգի վերափոխման եւ իրապես ժողովրդավարական ընտրությունների մեխանիզմների հաստատման ուղղությամբ»:



Ինչպես նշեցինք, հայտարարության մեջ նման կետի առկայությունը նշանակում էր, որ ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ համագործակցությունը կարող է շարունակվել նաեւ ընտրություններից հետո, նաեւ խորհրդարանական խմբակցությունների մակարդակով: Ի հակադրություն Արմեն Ռուստամյանի ստորագրած փաստաթղթի տառին եւ ոգուն, Հրանտ Մարգարյանն այդ հայտարարության ստորագրումից երեք-չորս օր անց հայտարարեց. «Կարծում եմ՝ միասնական շտաբը ընտրությունների ընթացքը վերահսկելու համար էր եւ իր ֆունկցիան ավարտել է»: Չի լինի Արմեն Ռուստամյանը պատգամավոր, չի լինի նաեւ համատեղ ջանքերը շարունակելու խոստման պատասխանատվությունը:



Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ