ԲՀԿ-ից ոչ մեկ չի խոսում, ես էլ չեմ խոսում

ԲՀԿ-ից ոչ մեկ չի խոսում, ես էլ չեմ խոսում
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 9-րդ հորիզոնականում հանգրվանած Հմայակ Հովհաննիսյանը երեկ մի շարք լրատվամիջոցների հայտնել էր, թե ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ, ըստ էության, կոալիցիա կազմելու շուրջ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել եւ այժմ միայն սակարկվում է մանդատների հարցը: Երեկ այս հայտարարության վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություններ լսել մշտապես ակտիվ ԲՀԿ-ականներից, սակայն, ինչպես արդեն տեղեկացրել ենք, խորհրդարանական ընտրություններից հետո նրանք ընդհատակ են անցել, հավանաբար խուսափում են մի բան ավել-պակաս ասելուց, ինչը կարող է աղետալի հետեւանքներ ունենալ իրենց ճակատագրում, կամ էլ պարզապես տեղյակ չեն կուսակցության ղեկավարի անելիքներից: Մեր զանգերին պատասխանեց միայն Արագած Ախոյանը, ով ԲՀԿ համամասնական ցուցակում 35-րդն է, սակայն, ամենայն հավանականությամբ, մանդատ կստանա, որովհետեւ նրանից առաջ գտնվողներից ոմանք ինքնաբացարկի դիմում են ներկայացրել:



- Պարոն Ախոյան, ԲՀԿ ցուցակում հայտնված Հմայակ Հովհաննիսյանն արդեն հայտարարել է, որ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ, ըստ էության, կոալիցիա կազմելու շուրջ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել, Դուք տեղյա՞կ եք այդ մասին:



- Ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում, եւ հենց տիրապետենք՝ կասենք: Հմայակ Հովհաննիսյանին հարցրեք, թե որտեղից իրեն այդ ինֆորմացիան:



- Այսինքն՝  ԲՀԿ-ում շարքային կուսակցականների հետ չի՞ քննարկվում կոալիցիա կազմել-չկազմելու հարցը:



- Բայց Դուք ի՞նչ իմացաք՝ ես շարքային եմ, թե գին ունեմ այնտեղ:



- Նկատի ունեի՝ կուսակցության ղեկավարի մակարդակո՞վ է այդ հարցը լուծվելու, թե՞ Ձեզ հետ էլ է քննարկվում:



- Գիտեք ոնց է, երբ հստակություն է մտնում, նոր հավաքվում եւ քննարկում ենք:



- Եթե հստակություն չկա, ապա Հմայակ Հովհաննիսյանն ինչո՞ւ է նման բան ասել:



- Ես չգիտեմ, հարցրեք իրեն, ես ի՞նչ գիտեմ Հմայակ Հովհաննիսյանին որտեղից  այդ տեղեկությունը:



- Օրեր առաջ էլ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն է հայտարարել, որ եթե կոալիցիա կազմվի ԲՀԿ-ի հետ, ապա միայն այն պայմանի դեպքում, որ 2013-ի նախագահական ընտրություններին ԲՀԿ-ն կսատարի Սերժ Սարգսյանի թեկնածությունը: ԲՀԿ-ում ինչպե՞ս են ընդունում այդ մոտեցումը:



- Հարցրեք Գալուստ Սահակյանին, թե ինչու է ըտենց ասել, ես չգիտեմ: Անկեղծ ասած՝ մենք նման հարցեր հիմա չենք քննարկում:



- Իսկ ի՞նչ հարցեր եք քննարկում:



- Մենք հազիվ քննարկում ենք, թե ընտրություններից հետո մեր կառույցներն ինչպես կանոնակարգենք, եւ սպասում ենք մինչեւ մանդատները կստանանք, նոր կհավաքվենք ու կորոշենք: Վաղաժամ հարցեր եք տալիս:



- Այսինքն՝ կոալիցիայի հարցը Ձեր կուսակցությունում որեւէ մակարդակով չի՞ քննարկվում:



- Ի՞նչ է նշանակում՝ չի քննարկվում, բնականաբար, դա կուսակցության ղեկավարի խնդիրն ա, կուսակցության ղեկավարը ոնց որոշի, մնացածը նման դիրքորոշում կունենան: Դեռ նման հավաք չի եղել, ոչինչ չի քննարկվել:



- Լավ, Ձեր տեսակետն ինչպիսի՞ն է՝ համաձա՞յն եք, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմվի:



- Ես իմ դիրքորոշումը կասեմ մի քանի օրից:



- Համաձայն կլինե՞ք Ձեր ղեկավարի հետ նաեւ այն դեպքում, որ սատարեք ՀՀԿ-ի թեկնածուին: Որովհետեւ, բացի Գալուստ Սահակյանից, փորձագիտական բոլոր եզրակացությունների համաձայն, ՀՀԿ-ն միայն այդ դեպքում ԲՀԿ-ի հետ կոալիցիա կկազմի:



- Ես հանրապետությունում չեմ եւ տեղյակ չեմ, հարցեր եք տալիս, որոնց ես չեմ տիրապետում եւ ոչինչ ասել չեմ կարող:



- Այնուամենայնիվ չե՞ք կարծում, որ այս պայմանով կոալիցիա կազմելը ԲՀԿ-ին կվարկաբեկի:



- Ես նման բաներ չեմ քննարկում:



- Փաստորեն, ԲՀԿ-ն միապետական կուսակցություն է, եւ բոլոր հարցերը լուծվում են բացառապես կուսղեկավարի մակարդակով:



- Այդ Դուք ասացիք: Մենք մեր հարցերը լավ գիտենք, պարզապես չենք մեկնաբանում: Դուք ասացիք՝ ԲՀԿ-ից ոչ մեկ չի խոսում, ես էլ չեմ խոսում: