Ետընտրական տեռոր

Ետընտրական տեռոր
Թանկարժեք եւ կիսաթանկարժեք մետաղների վաճառքով զբաղվողների նկատմամբ օրենքով հարկատեսակ կա սահմանված՝ առեւտրականները պետք է նման վաճառքով զբաղվելու թույլտվություն ստանան՝ լիցենզիա, մուծելով տարեկան 50 հազար դրամ: Մինչ այս էլ այդ գումարը վճարվել է, բայց վճարողը եղել է տվյալ ոսկու շուկայի կամ տոնավաճառի տերը, այլ ոչ թե մանրածախ առեւտրով զբաղվողները: Հիմա օրենքը նորովի են մեկնաբանել, ասում են, որ պետք է վճարի եւ տոնավաճառի տերը, եւ մանրածախ առեւտրականները: Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչները վերջին օրերին պարբերաբար ժամանում են «Բաղնիքի ոսկու շուկա» եւ պահանջում, որ վաճառողները վճարեն այդ գումարը, հակառակ դեպքում սպառնում են, որ կտուգանվեն նվազագույն աշխատավարձի100-150-ապատիկի չափով: Երեկ եւս նման արշավ է եղել, սակայն «Ոսկու աշխարհ» տոնավաճառի առեւտրականներն ընդվզել են ու վռնդել հարկահավաքներին: Նրանք նաեւ արձանագրել են, որ մինչեւ ընտրությունները իրենց առաջ նման պահանջներ չէին դնում՝ ընտրությունների ավարտից հետո հանկարծ հիշեցին: Նրանք երազում են, թե երբ են մոտենալու նախագահական ընտրությունները, որ այս ստուգողներն ու հարկահավաքներն իրենցից ձեռք քաշեն: