Դալլաքյանին չխանգարելով՝ արդեն մեծ օգնություն եմ ցուցաբերել

Դալլաքյանին չխանգարելով՝ արդեն մեծ օգնություն եմ ցուցաբերել
Խորհրդարանական ընտրությունների ամենամեծ անակնկալը թերեւս վերջերս ՀՀԿ-ի շարքերը համալրած Վիկտոր Դալլաքյանի պարտությունն էր: Վանաձորի թիվ 30 ընտրատարածքը տարիներ շարունակ իր ընդդիմադիր կեցվածքի շնորհիվ «բրոնյա» արած Դալլաքյանի պարտությունը ոչ այնքան հայտնի երիտասարդ փաստաբան Էդմոն Մարուքյանին, ըստ լուրերի, երկու պատճառ ունի: Առաջինը, որ պատվախնդիր վանաձորցիները որոշեցին չներել Դալլաքյանին՝ ճամբարափոխ լինելու համար, եւ երկրորդ, ՀՀԿ թիմը, Վահրամ Բաղդասարյանի ակտիվ մասնակցությամբ, ոչ միայն չի աշխատել Դալլաքյանի օգտին, այլեւ խանգարել է: Հիշեցնենք, որ Բաղդասարյանի եւ Դալլաքյանի հարաբերությունները փչացել են դեռ նախորդ ընտրություններին, երբ Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախկին փոխնախագահ Վահրամ Բաղդասարյանը, ունենալով ՀՀ գլխավոր դատախազի աջակցությունը, պարտվեց իր մրցակից Դալլաքյանին: Չնայած նրանք այլեւս թիմակիցներ են (Բաղդասարյանը ՀՀԿ ցուցակի անցողիկ 30-րդ հորիզոնականում է), սակայն, մեզ հասած լուրերով, Բաղդասարյանն այնուամենայնիվ որոշել է վրեժխնդիր լինել: Մի քանի հարց ուղղեցինք Վահրամ Բաղդասարյանին, ով հերքեց լուրերն այն մասին, թե ինքը խանգարել է իր թիմակցին:



- Իսկ գուցե Դուք թերացել եք եւ լավ չե՞ք աշխատել Ձեր թիմակցի օգտին:



- Ես մեծ օգնություն եմ ցուցաբերել իրեն... Այսինքն՝ չխանգարելն արդեն մեծ օգնություն է:



- Դուք չեզոք դի՞րք եք ունեցել Դալլաքյանի քարոզչության հարցում:



- Ես զբաղվել եմ կուսակցության համար եւ ոչ մեծամասնական թեկնածուի: Եվ ոչ միայն այդ ընտրատարածքում, այլեւ ամբողջ հանրապետությունում աշխատել եմ ՀՀԿ-ի համար: Ժամանակ էլ չկար, որ զբաղվեի մեծամասնական թեկնածուի համար:



- Այսինքն ՀՀԿ ղեկավարությունը Ձեր առջեւ պայման չէ՞ր դրել, որ թիմային աշխատանք պետք է իրականացվի:



- Տարածքում կային պատասխանատուներ, եւ ես որեւէ պատասխանատվություն չեմ ունեցել:



- Լավ, իսկ Ձեր գնահատմամբ, ընտրություններն այդտեղ ինչպե՞ս անցան, եւ արդյունքներն ընդունելի՞ են մեծամասնության համար:



- Ընտրությունները նորմալ անցան Լոռիում, որեւէ բողոք չի եղել գյուղերում էլ: Իհարկե, միշտ կարելի է ավելի լավ արդյունքների հասնել, բայց նորմալ էր ընդհանուր: Արտառոց դեպքեր չեղան, որ մարդիկ զարմանային: Եվ արդյունքները խոշոր հաշվով սպասելի էին:



- Որեւէ նկատողությո՞ւն էլ չեք ստացել Ձեր թիմակցի պարտության համար:



- Կրկնում եմ՝ ես որեւէ պարտավորվածություն չեմ ունեցել. եթե վերցնեի, անպայման կկատարեի: Կուսակցության համար ինչքանով կարողացել եմ, իմ ջանքերը գործադրել եմ, իսկ մեծամասնականի համար՝ ոչ: Մանավանդ որ թեկնածուն ինքը շատ վստահ էր, որ հանգիստ կանցնի:



- Էդմոն Մարուքյանին ճանաչո՞ւմ եք, արդյո՞ք նա այնքան ընդունված թեկնածու էր, որ նրան գերադասեցին Դալլաքյանից:



- Ես որեւէ անձնական շփում չունեմ նրա հետ, անձնապես չեմ էլ ճանաչում, բայց Վանաձորը փոքր քաղաք է, եւ կարող եմ ասել, որ նա կիրթ երիտասարդ է: Գուցե նոր մարդու պահանջ կար հասարակության կողմից, այդ պատճառով գուցե ընտրեցին նրան:



- Վանաձորցիների մոտ իսկապե՞ս այն տրամադրվածությունն է եղել, որ պատժեն Դալլաքյանին եւ չներեն իշխանության ճամբարն անցնելու համար: Չէ՞ որ նա միշտ ընդդիմադիր դիրքերից է հանդես եկել:



- Ես չէի ասի... Լավ, դա անցած թեմա է, որի մասին չեմ ուզում խոսել:



- Իսկ կո՞ղմ եք, որ ՀՀԿ-ն ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմի:



- ՀՀԿ-ն, իհարկե, կարող է այսօր միանձնյա որոշել քաղաքական իրավիճակը, բայց, ընդհանուր առմամբ, ես միշտ դեմ եմ եղել միանձնյա իշխանությանը, ղեկավարմանը: Ինձ թվում է, որ ընդհանուր բանակցությունների արդյունքում, որին ես չեմ մասնակցում եւ չեմ կարող ավել ոչինչ ասել, ցանկալի կլինի, որ բազմակուսակցական ղեկավարություն լինի: